Հայաստան

Ռուս-Ադրբեջանական Կասկածելի Հաջողություններ

Միամտություն կլիներ, անշուշտ, ասել, թե նա հրաժարվում է «Զանգեզուրի միջանցքի» իդեա-ֆիքսից, բայց ԲՐԻԿՍ-ի հետ Բաքվի շփումները կարող են թուլացնել լարվածությունը: Մանավանդ որ Հնդկաստանը և Իրանը շահագրգռված են Սյունիքի «հորիզոնականը ուղղահայացով հատելու» կամ «խաղաղության խաչմերուկի» իրացման հարցում: Ալիևի խուսանավումը Հայաստանի համար շատ էական հնարավորություն է բացում:

Վահրամ Աթանեսյան

Պուտինի «խարդավանքից»՝ Ալիեւի խուսանավում. «Խաղաղության խաչմերուկի» հնարավորությունը

Չնայած «մեծ աղմուկին», Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Բաքու այցը, երևում է, Ադրբեջանի հանրային-քաղաքական շրջանակներին ավելի շատ անհանգստություն, քան թե ապագայի հանդեպ վստահություն է ներշնչել։

Ոչ պաշտոնական գնահատականները բավական սառն են, նույնիսկ՝ կասկածամիտ և քննադատական: Քաղվերլուծաբան Ռաուֆ Միրկադիրովը, մասնավորապես, խորհուրդ է տալիս խորքով գնահատել 2020-2022թթ. ռուս-հայ-ադրբեջանական պայմանավորվածություններին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի տված «դրանք կոմպլեքսային են» բնորոշումը և մեկնաբանում, որ «ըստ այդմ՝ «Զանգեզուրը» և Լաչինի միջանցքը փոխկապակցված են»:

Շատ կոշտ է «Մուսավաթի» առաջնորդ Իսա Գամբարի գնահատականը: Նա արձանագրել է, որ Պուտինը գտնվում է «միջազգային մեկուսացման մեջ, և դա հաղթահարելու համար պատրաստ է այցելել ցանկացած երկիր, որտեղ կընդունեն»: Նրա ամփոփ գնահատմամբ՝ «նման կոնյունկտուրայի դեպքում Պուտինի Բաքու այցը հակասում է Ադրբեջանի պետական շահերին»:

Քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեի ընկալմամբ՝ Պուտինը «հասել է նրան, որ Ադրբեջանի հետ սկզբունքային հարցեր է քննարկում առանց Թուրքիայի նախագահի միջնորդության»: Նա ուշադրություն է հրավիրում Հայաստանի հետ սահմանը բացելու մասին Թուրքիայի նախագահի հայտարարության, կողմերի հատուկ բանագնացների վերջին հանդիպման վրա և եզրակացնում, որ Ադրբեջանը «Ռուսաստանից վախի պատճառով ձգձգում է Հայաստանի հետ կարգավորումը»:

Միրկադիրովն ամփոփում է, որ Պուտինը դեմ է հայ-ադրբեջանական «քայլ առ քայլ կարգավորմանը», քանի որ այդ դեպքում կորցնում է Բաքվի և Երևանի նկատմամբ ազդեցության լծակները: Քաղաքագետ Ազեր Գասիմլիի հայացքով՝ «եթե Հայաստանին հաջողվել է «Զանգեզուրի միջանցքի» հարցում Ադրբեջանի տեսակետին հակակշիռ ստեղծել, ապա Բաքուն ինչու՞ պիտի շահագրգռված լինի, որ այն Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ զորքերը վերահսկեն»:

«Մուսավաթի» առաջնորդն, ընդմիջում, Պուտին-Ալիև բանակցությունների մասին տեղեկատվության պակասից խիստ դժգոհություն է հայտնել՝ կասկածելով, թե «երևի կան հանրության համար անընդունելի պահեր, որոնք չեն հրապարակայնացվում, որպեսզի ի վերջո կանգնենք կատարված փաստի առաջ»:

Այս ֆոնին Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն հայտարարել է, որ Բաքուն ԲՐԻԿՍ-ին անդամակցության պաշտոնական հայտ է ներկայացրել: Պուտին-Ալիև համատեղ հայտարարությամբ Ռուսաստանը պարտավորվում է աջակցել ԲՐԻԿՍ-ի հետ Ադրբեջանի համագործակցությանը և սատարել Շանհայի համագործակցության կազմակերպությունում նրա «կարգավիճակի բարձրացմանը»:

Որ Ալիևը «բախելու է ԲՐԻԿՍ-ի դռները», տողերիս հեղինակը կանխատեսել է դեռևս այս տարվա հունվարի 6-ին: Բայց ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովից ընդամենը երկու ամիս առաջ նման քայլի գնալը նշանակում է Ռուսաստանի շատ կոշտ «գրկախառնվելուց» խուսանավել: Ընդ որում, Ալիևի այդ քայլը նաև ներքաղաքական նշանակություն ունի՝ ցույց տալ, որ ինքը «սեղան է նստում Գլոբալ Հարավի մեծերի հետ»:

Այդ քայլը կարող է որոշակիորեն մեղմել Պուտինի այցից անհանգստությունները: Խորքային առումով Ալիևի դիվանագիտական մանևրը թույլ է տալիս ենթադրել, որ նա Հարավային Կովկասում իրավիճակ սրելու հարցում խիստ զգուշավոր է և փորձում է ռուսաստանյան ճնշումները հակակշռել ԲՐԻԿՍ-ի անդամ Չինաստանի, Հնդկաստանի և հատկապես Իրանի հետ քննարկումներով:

Միամտություն կլիներ, անշուշտ, ասել, թե նա հրաժարվում է «Զանգեզուրի միջանցքի» իդեա-ֆիքսից, բայց ԲՐԻԿՍ-ի հետ Բաքվի շփումները կարող են թուլացնել լարվածությունը: Մանավանդ որ Հնդկաստանը և Իրանը շահագրգռված են Սյունիքի «հորիզոնականը ուղղահայացով հատելու» կամ «խաղաղության խաչմերուկի» իրացման հարցում: Ալիևի խուսանավումը Հայաստանի համար շատ էական հնարավորություն է բացում:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *