Հայաստան

Կյանքը Բումերանգ Է, Հատկապես Մոսկվայի Համար

Օգոստոսի 24-ին Իլհամ Ալիևը անկախության տարեդարձի առթիվ Վլադիմիր Զելենսկիին շնորհավորական ուղերձ կհղի՞: Իսկ եթե ԲՐԻԿՍ-ին Ադրբեջանի անդամակցությունը Ռուսաստանի համար «բումերանգի էֆեկտ» ունենա՞:

Վահրամ Աթանեսյան

Գլոբալ հարավը միասնական չէ. Ադրբեջանի ԲՐԻԿՍ-ին անդամակցությունը Ռուսաստանի համար կդառնա՞ «բումերանգ»

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ժամանում է Վարշավա: Պաշտոնապես այցը պետական է, նա բանակցություններ կվարի Լեհաստանի վարչապետ Տուսկի և նախագահ Դուդայի հետ:

Այդուհանդերձ, ինչպես inosmi.ru-ն է փոխանցում՝ Hindustan Times-ը գրում է, որ Հնդկաստանի կառավարությունը Լեհաստանին «խնդրել է Նարենդրա Մոդիի Կիև այցի համար անվտանգ լոգիստիկա ապահովել»: Ըստ երևույթին, դա իրականությանը մոտ տեղեկություն է:

Հնդկաստանի վարչապետի Մոսկվա այցից հետո միջազգային լրահոսում տեղեկություն հայտնվեց, որ նա օգոստոսի 24-ին՝ Ուկրաինայի պետական անկախության օրը, կգտնվի Կիևում:

Հնդկաստանի վարչապետի Կիև այցը, թերևս, խորհրդանշական է: Ստեղծված շատ բարդ իրավիճակում որևէ միջնորդության մասին հազիվ թե խոսք կա: ՌԴ արտգործնախարար Լավրովը հայտարարել է, որ Կուրսկի ուկրաինական ներխուժումից հետո բանակցություններ չեն կարող լինել:

Չափազանց ուշագրավ է, որ Հնդկաստանի վարչապետը Լեհաստան և, ամենայն հավանականությամբ, նաև Ուկրաինա է այցելում, երբ երկու ամիս հետո Կազանում գումարվում է ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովը: Հնդկաստանն այդ կազմակերպության հիմնադիր անդամ է և Գլոբալ հարավի առանցքային երկիր:

Ռուսաստանը ԲՐԻԿՍ-ը դիտարկում է որպես Արեւմուտքի համաշխարհային ազդեցության այլընտրանք: Առևտրա-տնտեսական, լոգիստիկ-կոմունիկացիոն նախագծերը ուղղված են Գլոբալ հարավի հետ ինտեգրմանը, որտեղ, իհարկե, հիմնական նպատակը ռազմա-քաղաքական, այսպես կոչված, կոոպերացիան է:

Եթե Հնդկաստանի վարչապետ Մոդին օգոստոսի 24-ին իրոք գտնվի Կիևում, ապա, անկախ Զելենսկիի հետ նրա բանակցությունների արդյունքներից, դա կնշանակի, որ Նյու-Դելին միանշանակորեն սատարում է Ուկրաինայի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը:

Եվ Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովը, հավանաբար, չի արձանագրի այն, ինչին ձգտում է Ռուսաստանը. Գլոբալ հարավը չի պաշտպանի ուկրաինական «կարգավորման» Պուտինի ծրագիրը:

Քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն ասում է, որ Ադրբեջանը «միջուկային տերություն Ռուսաստանի հետ ընդհանուր սահման ունի, և այդ հանգամանքից ելնելով է, որ Արեւմուտքին ինտեգրվելու ուղեգիծ չի վարում, ինչը Մոսկվային բավարարում է»: Ռուսաստանի նախագահ Պուտինի պետական այցից մեկ օր անց Ադրբեջանը հայտնել է, որ ԲՐԻԿՍ-ին անդամակցության պաշտոնական հայտ է ներկայացրել:

Պուտին-Ալիև համատեղ հայտարարության վերջին ընդգծումն այն է, որ Իլհամ Ալիևը Ռուսաստան այցի հրավեր է ստացել: Խոսքն, ըստ երևույթին, Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին մասնակցելու մասին է: ԲՐԻԿՍ-ին Ադրբեջանի անդամակցությանն աջակցելու հիշատակում կա Ադրբեջան-Չինաստան ռազմավարական համագործակցության մասին հուշագրում: Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովը պետք է պաշտոնապես հաստատի Իրանի անդամակցությունը:

Օգոստոսի 24-ին Իլհամ Ալիևը անկախության տարեդարձի առթիվ Վլադիմիր Զելենսկիին շնորհավորական ուղերձ կհղի՞: Իսկ եթե ԲՐԻԿՍ-ին Ադրբեջանի անդամակցությունը Ռուսաստանի համար «բումերանգի էֆեկտ» ունենա՞:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *