Խաղաղության գործընթացի միակ մոդերատորն այս պահին ԱՄՆ-ն է, բայց այն, որ գործընթացն առաջ չի գնում և այս պահին դադար է տեղի ունենում՝ իրական է: Մենք տեսանք, որ վերջին՝ վաշինգտոնյան Միրզոյան-Բայրամով բանակցություններն ավարտվեցին ոչնչով, իսկ դա խոսուն փաստ է, բանակցություններում դադար է, որովհետև Ալիևը հույսեր ունի, որ ադմինիստրացիան կփոխվի և ինքն արդեն բանակցություններ կվարի ոչ թե Օ’Բրայենի կամ Բլինքենի միջնորդությամբ, այլ նոր պետքարտուղարի միջնորդությամբ և, նա հույսեր ունի, որ այդ դեպքում իր համար կստեղծվի ավելի բարենպաստ իրավիճակ: Նույն հույսերը նաև Պուտինն ունի։
Դավիթ Ստեփանյան
Այս պահին ռուս-ադրբեջանական տանդեմն ավելի ամուր է, քան թուրք-ադրբեջանական տանդեմը. մեր բոլոր քայլերում պետք է շարժվենք որպես ելման դիրք ընդունելով այս կետը.
«Այցի մեջ որևէ նոր բան չեմ տեսնում. Պուտինն ու Ալիևը քննարկում են 2022 թվականի 150 կետանոց փաստաթղթի իրագործումը, քննարկում են 2020-21-22 թվականների հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հետ կապված եռակողմ հայտարարությունները: Շարունակվում է այն տրամաբանությունը, որը դրվել է հայ-ադրբեջանական հարաբերությունների մեջ 2020 թվականի սեպտեմբերից 27-ից, երբ Ռուսաստանն աչք փակեց ադրբեջանական ագրեսիայի վրա: Բազմիցս է նշվել, որ մեր տարածաշրջանում Ռուսաստանի դաշնակիցն Ադրբեջանն է»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Ադրբեջան այցին և Ալիևի հետ հանդիպմանը՝ ասաց քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը:
Ստեփանյանը կարևորեց ստեղծված պայմաններում Հայաստանի դիրքորոշումը. «Կարևոր է, որ Հայաստանն այս ամենի մասը չդառնա, որովհետև նա այստեղ որևէ շահ չունի: Այս պահին ռուս-ադրբեջանական տանդեմն ավելի ամուր է, քան թուրք-ադրբեջանական տանդեմը, սա մենք պետք է ֆիքսենք և մեր բոլոր քայլերում պետք է շարժվենք որպես ելման դիրք ընդունելով այս կետը: Երկրաշարժից հետո Թուրքիայի քաղաքականությունը սկսել է փոխվել, որովհետև աճել է Թուրքիայի կախվածությունն ԱՄՆ-ից, Ռուսաստանի պարագայում դա այդպես չէ: Դրա համար հիմա ամենակարևորը Հայաստանի դիրքավորումն է, որովհետև, եթե Հայաստանը վերադառնա այդ ֆորմատ, մենք կարող ենք ասել, որ դա կլինի Հայաստանի ինքնիշխանության վերջը»:
Նշենք, որ Կրեմլը հայտարարություն էր տարածել, որի մեջ նշվում էր, որ Ռուսաստանը պատրաստ է շարունակել աջակցել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը. «Իրենք շատ բան կարող են պլանավորել` Հայաստանը չպիտի այդ ամենի մաս դառնա, որովհետև այն միջնորդության արդյունքում, որը տեղի է ունեցել Ռուսաստանի կողմից, հայ ժողովուրդը կորցրեց Արցախը, մենք ունենք ՀՀ-ից 200 քկմ-ից ավել օկուպացված տարածք և սա եղել է այդ թվում նաև ռուսական միջնորդության և Ադրբեջանի գործողությունների արդյունքում: 44-օրյա պատերազմը, Ղարաբաղի կիսումը, ռուսների անփառունակ դերակատարումը հայ-ադրբեջանական սահմանին, որտեղ նրանք պետք է պաշտպանեին Հայաստանի սահմանները, ինչպես տեսանք դա չեղավ: Ռուսական միջնորդությունն ավարտվել է 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ջերմուկում և, եթե մենք վերադառնում ենք այդ միջնորդությանը, դա նշանակում է մեզ համար նոր Փառուխներ, նոր Ջերմուկներ և նոր կորուստներ: Մենք պետք է հեռու մնանք այդ միջնորդությունից և փորձենք ստեղծել հակակշիռներ, առանց հակակշիռ ստեղծելու, մենք դա չենք կարող անել»:
Մեր այն հարցին, եթե Հայաստանը հրաժարվի ռուսական միջնորդությամբ բանակցություններից, ինչ հնարավոր սցենարներ կարող են լինել՝ Դավիթ Ստեփանյանն ասաց. «Եթե Հայաստանը հրաժարվում է մասնակցել եռակողմ ձևաչափով բանակցություններին, Պուտինին մնում է մեկ բան՝ փորձել համոզել և ստիպել Ալիևին, որպեսզի հարձակվի Հայաստանի վրա, այս պահին դա անհնար է, բայց դա չի նշանակում, որ այն չի կարող լինել հետագայում: Ադրբեջանը հիմա չի հարձակվի, որովհետև ԱՄՆ-ում դեռ ընտրությունները տեղի չեն ունեցել, որովհետև Ադրբեջանը սպասում է COP-29-ին և որովհետև ներկա ամերիկյան ադմինիստրացիան Ալիևին դա թույլ չի տալիս, հիմա հարմար պահ չի այդ հարձակման համար, հարմար պահ կարող է ստեղծվել նոյեմբերի ընտրություններից հետո, կարող է և չստեղծվել»:
Այս ամենը չեզոքացնելու միակ ձևը մեր սահմանների ամրապնդումն է՝ նշեց քաղաքագետը՝ հավելելով. «Դա չգիտեմ՝ որքանով է արագ տեղի ունենում, բայց տեղի է ունենում, բա բանակի վերազինումն է, վերակառուցումն է, դա մեր և մեր գործընկերների հարաբերությունների ամրապնդումն է, երրորդ ճանապարհ չկա: Այստեղ ամեն ինչ պարզ է. կա ռուս-ադրբեջանական թշնամական տանդեմ, նրանց շահերը մեր շահերի հետ որևէ ընդհանրություն չունեն, մենք պետք է հակակշիռ ստեղծենք: Այս ամենում շատ կարևոր է Իրանի, ԱՄՆ-ի դերը, Մակրոնն է սեպտեմբերին գալիս Հայաստան, պետք է այնպես անենք, որ Մակրոնի այցը հերթական դեկլարատիվ այցը չլինի, հայ-ֆրանսիական բարեկամության մասին կենացներ չհնչեն ու Մակրոնը վերադառնա Փարիզ, դա մեզ պետք չի, մեզ պետք են պայմանագրեր: Տեսնում ենք, թե Ռուսաստանն Ադրբեջանի հետ ինչքան պայմանագրեր ունի, Ռուսաստանը մեր դաշնակիցը չի, մենք պետք է փորձենք նույնն անել Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ինչու ոչ Իրանի հետ: Պետք է հակակշիռ ստեղծենք, եթե չենք ուզում, որ COP-29-ից կամ նոյեմբերից հետո Ալիևը Պուտինի հետ համատեղ իղձերը փորձի իրականացնել»:
Այս ամենի համատեքստում խոսելով նաև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների մասին՝ Ստեփանյանն ասաց. «Խաղաղության գործընթացի միակ մոդերատորն այս պահին ԱՄՆ-ն է, բայց այն, որ գործընթացն առաջ չի գնում և այս պահին դադար է տեղի ունենում՝ իրական է: Մենք տեսանք, որ վերջին՝ վաշինգտոնյան Միրզոյան-Բայրամով բանակցություններն ավարտվեցին ոչնչով, իսկ դա խոսուն փաստ է, բանակցություններում դադար է, որովհետև Ալիևը հույսեր ունի, որ ադմինիստրացիան կփոխվի և ինքն արդեն բանակցություններ կվարի ոչ թե Օ’Բրայենի կամ Բլինքենի միջնորդությամբ, այլ նոր պետքարտուղարի միջնորդությամբ և, նա հույսեր ունի, որ այդ դեպքում իր համար կստեղծվի ավելի բարենպաստ իրավիճակ: Նույն հույսերը նաև Պուտինն ունի»:
Դավիթ Ստեփանյանի խոսքով՝ մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական բալանսը խախտվել է 44-օրյա պատերազմից հետո. «Մենք պետք է Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Իրանի հետ աշխատենք, որպեսզի այս տարածաշրջանում վերականգնվի այդ բալանսը, որպեսզի այդ պետությունների հետ մենք ունենանք քաղաքական դաշինքներ, ինչու ոչ ժամանակի ընթացքում, երբ ՀԱՊԿ կոչվող աղբամանից դուրս գանք՝ նաև ռազմական դաշինքներ: Այս բալանսը, որն այսօր կա՝ մեր շահերը չի արտացոլում, այն միակողմանի է, ուրիշ ճանապարհ գոյություն չունի: Մեր տարածաշրջանը միշտ էլ Ռուսաստանի համար լինելու է կարևոր, շատ հնարավոր է, որ եթե նրանք Կուրսկում շարունակեն պարտություն կրել, եթե Ուկրաինան էլ ավելի առաջ գնա, նրանք կարող են ժամանակավոր դուրս գալ տարածաշրջանից: Ռուսաստանը քանի անգամ Հարավային Կովկասից հեռացել է ու հետ է եկել, դա էլ է հնարավոր, բայց դա չի նշանակում, որ Հարավային Կովկասն իրենց համար կարևոր չի: Մենք պետք է գործենք, պետք է այստեղ ստեղծել հակառուսական, հակաադրբեջանական, հակաթուրքական կոալիցիա՝ արտատարածաշրջանային դերակատարների մասնակցությամբ»:
Նշենք, որ վերջին շրջանում ադրբեջանական կողմն անընդմեջ ապատեղեկատվություն է տարածում, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հայկական կողմը հերքում է: Հիշեցնենք, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել էր հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, որին ադրբեջանակն կողմն այդպես էլ չի արձագանքել. «Այդ առաջարկը չի ընդունվում, որովհետև Բաքվին դա պետք չէ, Բաքվին պետք է ստեղծել իրավիճակ, որտեղ ինքը գոնե դեկլարատիվ հնարավորություն ստանա Հայաստանի հասցեին ինչ-որ մեղադրանքներ հնչեցնել, բոլորը գիտեն, որ ագրեսորն Ադրբեջանն է:
Մեր գործողությունները շատ պասիվ են, շատ լավ առաջարկ ենք արել, ինչու մենք այդ ամենը չենք հավաքում ու չենք դիմում օրինակ՝ ԵՄ, ԱՄՆ և չենք պահանջում, որպեսզի Ադրբեջանը, եթե մեղադրանք է ներկայացնում, ապացույցներ էլ ներկայացնի: Եթե Ադրբեջանը դա չի կարող անել, ուրեմն Ադրբեջանին պետք է մեղադրել կեղծիքի մեջ, սադրանքների մեջ և նոր էսկալացիա հրահրելու փորձերի մեջ: Սա պետք է բաց արվի, չի կարելի անընդհատ մեղադրանքներ ներկայացնել, որոնց հիմքում չկա ապացույց, եթե ադրբեջանցիներն ապացույց ունենային, վաղուց ներկայացրել էին: Մենք պետք է միջազգային հանրությանը դիմենք, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը հավաքվի և այդ հարցը դրվի այդտեղ՝ Ադրբեջանին մեղադրենք հերթական ռազմական էսկալացիա սադրելու ցանկության մեջ»:
Հոդվածը՝ zarkerak.am կայքից։