Հայաստան

Ի՞նչ Կարող Է Պատմել Դուրովը

Եթե Դուրովը Ռուսաստանի համար «զգայուն» տեղեկություններ հայտնի, ապա բացառված չէ, որ բացահայտվի Բաքվի հակաֆրանսիական միջոցառումների կազմակերպմանը Մոսկվայի ներգրավվածությունը: Դիտարժան է նաեւ, որ Փարիզում Դուրովի ձերբակալությունից անմիջապես հետո հայտարարվեց, որ Ռուսաստանի նախագահ Պուտինը պատրաստվում է մեկնել Աստանա:

Վահրամ Աթանեսյան

Պավել Դուրովը «կերգի՞»

Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Նարիշկինը ՏԱՍՍ-ի հարցմանը, թե կա՞ մտահոգություն, որ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը «Ռուսաստանի համար զգայուն տեղեկություն կհայտնի Արեւմուտքին», պատասխանել է. «Ես շատ հուսով եմ, որ նա դա չի անի»:

Մոսկվան փորձել է «հյուպատոսական ծառայության» ծածկաքողի տակ կապ հաստատել Դուրովի հետ և նրան ինչ-որ ազդակներ փոխանցել: Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Նարիշկինի հայտարարությունն, ըստ էության, այն է, ինչ Փարիզում Ռուսաստանի դեսպանության ներկայացուցիչը պիտի ասեր Դուրովին:

Դուրովն Ռուսաստանի համար «զգայուն» ի՞նչ տեղեկություն կարող է փոխանցել: Խոսքն, ըստ երեւույթին, ամենից առաջ վերաբերում է ռուս-ֆրանսիական հարաբերությունների վրա ազդեցություն ունեցող տեղեկատվությանը: Այս առումով «զգայունության աշխարհագրությունը» կարող է շատ ընդգրկուն լինել՝ Աֆրիկայից մինչեւ Կենտրոնական Ասիա, Հարավային Կովկաս ու Մերձավոր Արեւելք:

Այլ տարածաշրջաններում ռուս-ֆրանսիական մրցակցության մասին դժվար է դատել: Իսկ Հարավային Կովկասում դա երեւակված է Ֆրանսիայի դեմ Ադրբեջանի բացահայտ թշնամական գործողություններով: Անցած տարվա դեկտեմբերի սկզբներին Բաքուն հայտարարել է, որ «բացահայտել է Ֆրանսիայի արտաքին հետախուզության ռեզիդենտուրա, որ գործել է ոչ միայն Ադրբեջանի, այլեւ հարեւան երկրների դեմ»:

Տարվա ընթացքում Ադրբեջանը Ֆրանսիայի «գաղութատիրական քաղաքականության» դեմ երկու միջոցառում է կազմակերպել, որին հրավիրվել են Նոր Կալեդոնիայի եւ Կորսիկայի «անկախության համար պայքարող» կազմակերպությունների ներկայացուցիչներ: Մեծ է հավանականությունը, որ տեղեկատվա-քարոզչական ապահովում իրականացրել է նաեւ Telegram-ը:

Եվ եթե Դուրովը Ռուսաստանի համար «զգայուն» տեղեկություններ հայտնի, ապա բացառված չէ, որ բացահայտվի Բաքվի հակաֆրանսիական միջոցառումների կազմակերպմանը Մոսկվայի ներգրավվածությունը: Դիտարժան է նաեւ, որ Փարիզում Դուրովի ձերբակալությունից անմիջապես հետո հայտարարվեց, որ Ռուսաստանի նախագահ Պուտինը պատրաստվում է մեկնել Աստանա:

Անցյալ տարվա նոյեմբերի սկզբին Ֆրանսիայի նախագահ Մակրոնը մեկնել է Ղազախստան: Մամուլում տեսակետ է հնչել, որ այցի բուն նպատակը Ղազախստանից ուրանի ներկրման խնդիրն է: Ռուսական եւ ադրբեջանական փորձագետները գրել են, որ Ֆրանսիան «կորցրել է Աֆրիկայի հյուսիսը եւ փորձում է ուրանի անհրաժեշտ պաշարներ ձեռք բերել Ղազախստանում»: Այդ հրապարակումների առանցքային ուղերձն այն էր, որ առանց Բաքվի համաձայնության Ֆրանսիան չի կարող Ղազախստանից ուրան արտահանել:

Ֆրանսիայի կողմից Հայաստանին «հարձակողական սպառազինություններ տրամադրելու վտանգավորության» մասին ռուս-ադրբեջանական քարոզչությունը Փարիզի դեմ համատեղ գործողությունների տեղեկատվական ծածկաքող է: Բուն նպատակը Ֆրանսիա-Ղազախստան ռազմավարական նշանակության գործարքի ձախողումն է: Դուրովի հարցում Ռուսաստանը գործում է այլեւս բաց խաղաքարտերով: Ամենայն հավանականությամբ, Վլադիմիր Պուտինը մեկնում է Աստանա, որպեսզի Ղազախստանի նախագահից հավաստիանա, որ նա Ֆրանսիային «զգայուն տեղեկություն չի փոխանցել եւ չի փոխանցի»: Իսկ եթե Դուրովը «երգի՞»:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *