Եթե Դուրովը Ռուսաստանի համար «զգայուն» տեղեկություններ հայտնի, ապա բացառված չէ, որ բացահայտվի Բաքվի հակաֆրանսիական միջոցառումների կազմակերպմանը Մոսկվայի ներգրավվածությունը: Դիտարժան է նաեւ, որ Փարիզում Դուրովի ձերբակալությունից անմիջապես հետո հայտարարվեց, որ Ռուսաստանի նախագահ Պուտինը պատրաստվում է մեկնել Աստանա:
Վահրամ Աթանեսյան
Պավել Դուրովը «կերգի՞»
Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Նարիշկինը ՏԱՍՍ‑ի հարցմանը, թե կա՞ մտահոգություն, որ Telegram‑ի հիմնադիր Պավել Դուրովը «Ռուսաստանի համար զգայուն տեղեկություն կհայտնի Արեւմուտքին», պատասխանել է. «Ես շատ հուսով եմ, որ նա դա չի անի»:
Մոսկվան փորձել է «հյուպատոսական ծառայության» ծածկաքողի տակ կապ հաստատել Դուրովի հետ և նրան ինչ-որ ազդակներ փոխանցել: Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Նարիշկինի հայտարարությունն, ըստ էության, այն է, ինչ Փարիզում Ռուսաստանի դեսպանության ներկայացուցիչը պիտի ասեր Դուրովին:
Դուրովն Ռուսաստանի համար «զգայուն» ի՞նչ տեղեկություն կարող է փոխանցել: Խոսքն, ըստ երեւույթին, ամենից առաջ վերաբերում է ռուս-ֆրանսիական հարաբերությունների վրա ազդեցություն ունեցող տեղեկատվությանը: Այս առումով «զգայունության աշխարհագրությունը» կարող է շատ ընդգրկուն լինել՝ Աֆրիկայից մինչեւ Կենտրոնական Ասիա, Հարավային Կովկաս ու Մերձավոր Արեւելք:
Այլ տարածաշրջաններում ռուս-ֆրանսիական մրցակցության մասին դժվար է դատել: Իսկ Հարավային Կովկասում դա երեւակված է Ֆրանսիայի դեմ Ադրբեջանի բացահայտ թշնամական գործողություններով: Անցած տարվա դեկտեմբերի սկզբներին Բաքուն հայտարարել է, որ «բացահայտել է Ֆրանսիայի արտաքին հետախուզության ռեզիդենտուրա, որ գործել է ոչ միայն Ադրբեջանի, այլեւ հարեւան երկրների դեմ»:
Տարվա ընթացքում Ադրբեջանը Ֆրանսիայի «գաղութատիրական քաղաքականության» դեմ երկու միջոցառում է կազմակերպել, որին հրավիրվել են Նոր Կալեդոնիայի եւ Կորսիկայի «անկախության համար պայքարող» կազմակերպությունների ներկայացուցիչներ: Մեծ է հավանականությունը, որ տեղեկատվա-քարոզչական ապահովում իրականացրել է նաեւ Telegram‑ը:
Եվ եթե Դուրովը Ռուսաստանի համար «զգայուն» տեղեկություններ հայտնի, ապա բացառված չէ, որ բացահայտվի Բաքվի հակաֆրանսիական միջոցառումների կազմակերպմանը Մոսկվայի ներգրավվածությունը: Դիտարժան է նաեւ, որ Փարիզում Դուրովի ձերբակալությունից անմիջապես հետո հայտարարվեց, որ Ռուսաստանի նախագահ Պուտինը պատրաստվում է մեկնել Աստանա:
Անցյալ տարվա նոյեմբերի սկզբին Ֆրանսիայի նախագահ Մակրոնը մեկնել է Ղազախստան: Մամուլում տեսակետ է հնչել, որ այցի բուն նպատակը Ղազախստանից ուրանի ներկրման խնդիրն է: Ռուսական եւ ադրբեջանական փորձագետները գրել են, որ Ֆրանսիան «կորցրել է Աֆրիկայի հյուսիսը եւ փորձում է ուրանի անհրաժեշտ պաշարներ ձեռք բերել Ղազախստանում»: Այդ հրապարակումների առանցքային ուղերձն այն էր, որ առանց Բաքվի համաձայնության Ֆրանսիան չի կարող Ղազախստանից ուրան արտահանել:
Ֆրանսիայի կողմից Հայաստանին «հարձակողական սպառազինություններ տրամադրելու վտանգավորության» մասին ռուս-ադրբեջանական քարոզչությունը Փարիզի դեմ համատեղ գործողությունների տեղեկատվական ծածկաքող է: Բուն նպատակը Ֆրանսիա-Ղազախստան ռազմավարական նշանակության գործարքի ձախողումն է: Դուրովի հարցում Ռուսաստանը գործում է այլեւս բաց խաղաքարտերով: Ամենայն հավանականությամբ, Վլադիմիր Պուտինը մեկնում է Աստանա, որպեսզի Ղազախստանի նախագահից հավաստիանա, որ նա Ֆրանսիային «զգայուն տեղեկություն չի փոխանցել եւ չի փոխանցի»: Իսկ եթե Դուրովը «երգի՞»:
Հոդվածը՝ 1in.am կայքից։
