Հայ-ադրբեջանական բանակցությունները մտնու՞մ են փակուղի: Իսկ եթե Պուտինը եւ Ալիեւը կանխածրագրված են դա անում: Այլընտրանք կա՞:
Վահրամ Աթանեսյան
Ալիեւը մատնեց Պուտինին. փակուղի՞
Օգոստոսի 28-ին Կրեմլի մամուլի ծառայությունը տեղեկացրել է Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցի մասին: Պաշտոնական հաղորդագրության ամենաէական արձանագրումը, թերեւս, այն է, որ Ռուսաստանը վերահաստատել է Բաքվին եւ Երեւանին այսուհետ եւս ամբողջ հնարավոր աջակցություն ցուցաբերելու պատրաստակամությունը՝ մշակելու համապատասխան փոխընդունելի որոշումներ:
Ռուսաստանի նախագահն Իլհամ Ալիեւի հետ հեռախոսազրույցի անհրաժեշտություն է տեսել այն բանից հետո, երբ Հայաստանի վարչապետին «պատմել է» օգոստոսի 18-19-ին Բաքվում ունեցած քննարկումների մասին: Պուտին-Ալիեւ բանակցություններից հետո Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովը հայտարարել է, որ Բաքվի համար հայ-ադրբեջանական բանակցությունների «մոսկովյան հարթակը միշտ էլ ընդունելի է»։
Ադրբեջանական իշխանական մամուլը շտապեց ասել, որ Բաքուն հայ-ադրբեջանական բանակցությունները կրկին Մոսկվա տեղափոխելուն «իր համաձայնությունը տվել է, մնում է սպասել Նիկոլ Փաշինյանի պատասխանին»։ Ի՞նչ տոնայնությամբ է ընթացել Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցը՝ դժվար է կռահել: Հայաստանի ԱԳՆ-ն մինչ այդ ասել է, որ Ռուսաստանն «անկողմնակալ միջնորդ չէ»։
Պուտինի Բաքու այցից եւ Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցից հետո Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը «կրիզիս-այց» է կատարել Անկարա: Բանակցությունների ավարտին նա խաղաղության պայմանագրի ստորագրման «խոչընդոտ» է անվանել Հայաստանի սահմանադրությունը: Քննարկվե՞լ է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» Ֆիդան-Բայրամով բանակցություններում՝ դեռ հայտնի չէ:
Ամենայն հավանականությամբ՝ այո, եւ, ըստ երեւույթին, Բայրամովը Ֆիդանին փորձել է համոզել, որ Մոսկվայի հետ հարաբերությունների ջերմացումը հիմնականում պայմանավորված է «Զանգեզուրի միջանցքի» հարցում մոտեցումների «նույնականությամբ»: Գործնականում, իհարկե, Ադրբեջանը շատ ավելի է դեմ «միջանցքի» ռուսական հսկողությանը, քան՝ Հայաստանը, բայց դիվանագիտության մեջ, երեւի, ցանկացած հնարք թույլատրելի է:
Բայրամովի Անկարա այցի եւ Պուտին-Ալիեւ հեռախոսազրույցի միջեւ, անշուշտ, կապ կա: Ընդ որում, Մոսկվայի անհանգստությունը, երեւում է, այնքան լուրջ է, որ պարզաբանումների համար ընտրվել է ոչ թե արտգործնախարարների, այլ՝ առաջին դեմքերի հեռախոսազրույցի ձեւաչափը:
Երեւում է՝ Պուտին-Ալիեւ հեռախոսազրույցը շատ բարդ է եղել: Այդ մասին Կրեմլի պաշտոնական հաղորդագրությունից մի քանի ժամ անց Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը հետեւյալ բովանդակությամբ տեղեկատվություն է տարածել. «Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի ընթացքում Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի ինքնավար հանրապետության միջեւ տրանսպորտային միջանցքի բացման մասին մտքերի փոխանակում է տեղի ունեցել»։
Սա, ըստ էության, Կրեմլի պաշտոնական հաղորդագրության դիվանագիտական հերքում է, քաղաքական առումով՝ Ռուսաստանի «միջնորդության» բացահայտում եւ միաժամանակ՝ նախապայման այն իմաստով, որ հայ-ադրբեջանական բանակցությունների մոսկովյան հարթակը Բաքվի համար ընդունելի կլինի միայն այն դեպքում, եթե Պուտինը երաշխավորի «միջանցքի բացումը»: Ընդ որում՝ ոչ փոխընդունելիության սկզբունքով:
Կարելի է համարել, որ Իլհամ Ալիեւը Պուտինին մատնել է, որպեսզի Թուրքիային վստահեցնի, որ ռուս-ադրբեջանական ջերմացումը նաեւ Անկարայի շահերն է սպասարկում, եւ արտառոց ոչինչ տեղի չի ունենում: Նախօրեին Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը բավական կոշտ տոնով հայտարարել է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի հարաբերությունները պետք է մնան «մեկ ազգ՝ երկու պետություն» կոնցեպցիայի շրջանակներում:
«Միջանցքի» թեմայի հրապարակայնացմամբ Ալիեւը, թերեւս, Մոսկվայի ուղղությամբ «ստուգողական կրակոց է արձակել»՝ ստուգելու Պուտինի հաստատակամությունը: Կրեմլը կանդրադառնա՞ Ալիեւի տեղեկատվական մատնությանը: Բայց, երեւի, ամենակարեւորնը դա չէ, այլ՝ թե ի՞նչ է հաջորդելու: Հայ-ադրբեջանական բանակցությունները մտնու՞մ են փակուղի: Իսկ եթե Պուտինը եւ Ալիեւը կանխածրագրված են դա անում: Այլընտրանք կա՞:
Հիդվածը՝ 1in.am կայքից։