Սարոյանն ապրում ու զգում էր Հայաստանն այնպես, ինչպես կարող էր զգալ միայն նրբազգաց ու իրական արվեստագետը։ Սարոյանի «Իմ անունն Արամ է», «Ֆրեզնո, սրճարան Արաքս» և այլ պատմվածքներում հառնում է իրական մի Հայաստան։ Մի այնպիսի եթերային, բայց և միաժամանակ այնքան իրական, որ այդ գործերից գրեթե մեկ դար անց էլ կարդալիս կարելի է զգալ պատմվածքի սարոյանական շունչը և փշաքաղվել։ Նույնիսկ հիմա, 2024թ․ Երևանում, կարդալով Սարոյան, քեզ զգում ես Արևմտյան Հայաստանից հեռու հեռու Ամերիկայում հայրենիքի կարոտից հալվող մարդ ու ավելի ես արժևորում, որ հայրենիք ու պետություն ունես։
Արայիկ Մկրտումյան
1908թ․ այս օրն է ծնվել աշխարհահռչակ ամերիկահայ գրող Ուլիամ Սարոյանը։ Մեծ գրողը և մեծ հայրենասերը իր ժամանակի մեծագույն հայերից ու գրողներից մեկն է եղել, արժանացել է ժամանակի ամենահեղինակավոր մրցանակներին, վայելել համաշխարհային ճանաչում և փառք։ Սարոյանն այն հազվագյուտ գրողներից էր, ով իր մեջ բավարար կամք և ուժ ունեցավ չենթարկվելու փողի ուժին և զորությանը։ Երբ նա 1939թ․ գրած «Քո կյանքի ժամերը» գործի համար արժանացավ Պուլիտցերյան և Նյու-Յորքի քննադատների հեղինակավոր մրցանակներին, նա հրաժարվեց Պուլիտցերյան մրցանակից, որը նախատեսում էր նաև տասը հազար դոլար դրամական պարգև, ինչը 1940թ․ հսկայական գումար էր։ Սարոյանն իր այդ քայլը բացատրեց, որ «Առևտուրը իրավունք չունի հովանավորելու արվեստը»։ Դա հիրավի մի զարմանալի քայլ էր, հատկապես մեր փողի դարում, երբ փողը դարձել է ունիվերսալ չափիչ սկզբունք, երբ փողով է որոշվում գրեթե ամեն ինչ ու հանուն փողի արվում են ամենասարսափելին ու աներևակայելին։ Սարոյանը մեծ գրող էր, ով կարողացավ շրջանցել փողի գայթակղությունն ու մնաց իսկական գրող, ով գրեց արվեստի համար, այլ ոչ թե վաճառքի։
Մեծ գրող Սարոյանը նաև մեծ հայրենասեր էր։ Նա հազար թելով էր կապված Հայաստանի հետ։ Նրա անգլերեն պատմվածքները խոսում էին հայերեն, նրա տարբեր ազգերի հերոսների մեջ միշտ կար հայը և հայկականությունը։ Սարոյանն ապրում ու զգում էր Հայաստանն այնպես, ինչպես կարող էր զգալ միայն նրբազգաց ու իրական արվեստագետը։ Սարոյանի «Իմ անունն Արամ է», «Ֆրեզնո, սրճարան Արաքս» և այլ պատմվածքներում հառնում է իրական մի Հայաստան։ Մի այնպիսի եթերային, բայց և միաժամանակ այնքան իրական, որ այդ գործերից գրեթե մեկ դար անց էլ կարդալիս կարելի է զգալ պատմվածքի սարոյանական շունչը և փշաքաղվել։ Նույնիսկ հիմա, 2024թ․ Երևանում, կարդալով Սարոյան, քեզ զգում ես Արևմտյան Հայաստանից հեռու հեռու Ամերիկայում հայրենիքի կարոտից հալվող մարդ ու ավելի ես արժևորում, որ հայրենիք ու պետություն ունես։ Սարոյանը կարողացավ լինել այն գրողը, ով գրչի ուժով հաղթեց տարածությանը և ժամանակին։ Նրա գործերն այնքան հայաշունչ են և այնքան իրական, որ դրանք կարդալուց հետո անհնար է ավելի չհայանալ, ավելի չսիրել Հայն ու Հայաստանը։
Եվ ինչպես արդեն կարելի է հասկանալ, մեծ հայրենասերը նաև մեծ մարդասեր էր։ Սարոյանը բացառիկ էր և՛ իր տաղանդով, և՛ իր գործերի անհավատալի բարությամբ։ Սարոյանի մոտ չար կերպարներ չկան։ Բայց դա չի նշանակում, որ նրա գործերը իրականությունից կտրված միամտություններ են։ Սարոյանը կարողացավ ներթափանցել մարդու մեջ այնքան, որ հասավ նրա ամենանուրբ լարերին, հասավ նրա իրական էությանը։ Նա մարդու մեջ տեսավ միայն բարին։ Նրա հերոսները կարող են զայրանալ, կարոտել, տառապել, սխալվել, բայց չչարանալ, չդաժանանալ։ Նրա հերոսները մարդու և հայի մասին են։ Սարոյանը հայի մեջ սիրեց Հայաստանը և մարդու մեջ՝ աշխարհը։ Սարոյանի գրական գործունեությունը մի մեծ մարտահրավեր էր աշխարհին։ Ապրելով երկու համաշխարհային պատերազմների օրոք, լինելով հայրենազրկված ժողովրդի մի հյուլե՝ Սարոյանը չդաժանացավ որպես մարդ, չթուլացավ որպես հայ։ Նրա մեջ մարդն ավելի ուժեղացավ և հայն ավելի հայ մնաց։ Իսկ նրա «Հայը և Հայը» փոքրիկ պատվածքը կարող է դաս լինել հազար տեսակ հայրենասերների ու հայերի համար։ Այդ փոքրիկ պատմվածքում դու ավելի իրական ես զգում Հայաստանը։ Դու ավելի լավ ես հասկանում քեզ որպես մարդու, որպես ազգի։ Դու հպարտությամբ ու ցավով ես լցվում միաժամանակ։ Դու ավելի բարի ես դառնում Սարոյան կարդալիս ու ավելի ես հայկականանում։
Նույն կերպ պետք է խոսել Սարոյանի մեկ այլ գործի «Մարդկային կատակերգության» մասին։ Այդ փոքրիկ վիպակում մարդկանց մի աչքում ժպիտ է, մի աչքում՝ արցունք։ Նրա հերոսները միաժամանակ ունեն մանկան միամտություն և մեծահասակի լրջություն։ Սարոյան կարդալով ինքնդ քո հանդեպ ներողամտությամբ ես լցվում, գթասրտությամբ, կարեկցությամբ։ Դու ցավում ես քեզ համար, դու մարդկանց մեջ քեզ ես տեսնում և քո մեջ մարդուն։ Իզուր չէ, որ մեկ այլ աշխարհահռչակ գրող Ռեյ Բրեդբերին անհուն քնքշանքով է խոսում Սարոյանի մասին՝ նշելով, որ Սարոյանը շատ է ազդել իր գրական ոճի վրա։ Բրեդբրի կարդալով ևս մենք նկատում ենք այն անհուն ցավը մարդու հանդեպ, որը ծնվում է մարդուն սիրելուց, նրան հասկանալուց և երբեմն անզորություն՝ ամեն ինչ հասկանալու, բայց միջամտել չկարողանալու անհնարինությամբ։
Սարոյանն իր կյանքով և գրականությամբ կարող է դաս տալ ոչ միայն գրողներին ու մարդուն առհասարակ, ոչ միայն ՀՀ քաղաքացի հային ավելի հայ պահել, այլ Սփյուռքում ապրող հայի մեջ խնամել ազգայինը։ Սարոյանն ինքը սփյուռքահայ էր՝ կոտորածից փրկված ընտանիքի որդի։ Նա աղքատ էր, չքավոր, նա ուներ բոլոր պատճառները սրիկա դառնալու կամ գոնե արդեն գոյություն չունեցող հայրենիքը մի կողմ հրելու։ Նա ապրում էր մի միջավայրում, ուր ամեն ինչ պատրաստ էր ուծացվելու, մոռանալու, ժանգոտելու համար։ Նա ևս կարող էր պատից կախել Արարատի նկար, ունենալ Վարդան Մամիկոնյանի նկարով նարդի կամ ժամացույց, երբեմն գնալ հայկական եկեղեցի, խորոված ուտել ու համարել, որ ազգի նկատմամբ իր պատասխանատվությունը պահված է։ Այսինքն այն, ինչ այսօր ցավալիորեն դարձել է մեր հարյուր հազարավոր ու միլիոնավոր սփյուռքահայ եղբայրների ու քույրերի հայրենաճանաչության ու հայրենասիրության առաստաղը՝ հայրենիքը սիրել, երբ հարմար է, երբ էժան է ու անվտանգ։ ԹԵրևս սփյուռքահայը կարող է հարցնել տողերիս հեղինակին, թե ի՞նչ գիտեմ իր կյանքից, որ համարձակվում եմ խրատ կարդալ նրա գլխին կամ հայրենասիրություն քարոզել։ Այո՛, չգիտեմ նրան, բայց գիտեմ Սարոյանի կյանքն ու ստեղծագործությունները։ Ճանաչում եմ հայեր մեջ ամենահայերից մեկին, մարդկանց մեջ ամենամարդկանցից մեկին։ Եվ եթե նա կարողացել է մնալ և՛ հայ, և՛ մարդ, թողել է մեզ համար հսկայական ժառանգություն, ապա կարելի է ճանաչել հայրենիքը նաև Սարոյանով, ինչպես որ ինքն էր ասում իր մասին․ «իր տողերը գրված են անգլերեն, բայց մտածված են հայերեն»։
Հայտնի փաստ է, որ Սարոյանն ու մեկ այլ աշխարհահռչակ գրող Հեմինգուեյը մշտապես հակադրվել են իրար, վիճել։ Մի անգամ նույնիսկ Սարոյանը մի հարվածով գետնին է տապալել Հեմինգուեյին՝ ասելով, որ․ «Անիկա իմ ազգային արժանապատվություն վիրավորեց»։ Այդպիսինն էր Սարոյանը։ Նա կարող էր ներել մարդուն իր իսկ ինքնակործան չարությունը և օգնել, նրա մեջ արթնացնել մարդուն, բայց նա անհաշտ թշնամի էր, երբ վիրավորում էին հային, հայկականությունը։ Պատմում են, որ մի անգամ, երբ Սարոյանը այցով գտնվում էր Հայաստանում, նա Սևանա լճի ափին մի մեծ քար է նկատում և պատվիրում, որ դա դնեն մեքենայի մեջ, որովհետև իր հետ տանելու է Ամերիկա։ Երբ հարցնում են, թե ի՞նչ է անելու այդ քարը, նա ասում է, որ պիտի խփի այն մարդու գլխին, ով հայերի մասին վատ է խոսում։
Բարի հսկան երկու անգամ ամուսնացել է նույն կնոջ հետ ու բաժանվել նրանից։ Սարոյանը ցնցվել է, երբ իմացել է, որ կինը հրեուհի է։ Սարոյանի բացասական վերաբերմունքը հրեաների հանդեպ գալիս էր դեռևս մանկությունից։ Դեռևս 12 տարեկանում նա մի հրեական խանութի վրա տեսել է գրված «Զեղչ»։ Նա ուրախացած մոտենում է և քարացած կանգնում տեսնելով, որ ցուցանակի ներքևում մանր տառերով գրված է «հայերի մուտքն արգելվում է»։ Սարոյանը երբեք չմոռացավ այդ նախադասությունը։
Մի անգամ, մի գրական երեկոյի ժամանակ գրող Աշոտ Աղաբաբյանը՝ խոսելով Սարոյանի մասին, հիշեցրեց, որ առաջին անգամ, երբ Սարոյանը Հայաստանում էր, նա աշխատում էր ավելորդ ոչինչ չխոսել, քանի որ հասկանում էր, որ իր ասած որևէ բառի համար խորհրդային ՊԱԿ-ը կարող էր նեղացնել հայ գրողներին, բայց երկրորդ անգամ բանաստեղծ Վահագն Դավթյանին ասում է․ «Ոչ ոք իր տեղում չէ»։
Այսօր հայերին Սարոյան շատ է պետք։ Անչափ շատ։ Տարված մանրախնդրությամբ՝ մենք հաճախ մոռանում ենք այդ բացառիկ հայի մասին, ով ապրելով Ամերիկայում, եղավ իսկական հայ, ով գրեց այնպես, ասես Հայաստանից երբեք դուրս չի եկել, բայց միաժամանակ ապրեց նաև որպես ամերիկացի։ Նա եղավ լավ հայ ու լավ ամերիկացի, նա մնաց ազգային հայ ու միաժամանակ մեծ հումանիստ։ Նա իրար չհակադրեց ամերիկացուն ու հային, նա միացրեց այդ երկուսին։ Նա դարձավ մի զարմանալի օրինակ բոլոր սփյուռքահայերի համար, թե ինչպես լինել մարդ ու լինել հայ, ինչպես կեղծիքի ու առերևույթ հիմարության արանքով հասնել մարդու իրական էությանը, ապրել դրանով, քարոզել դա ու լինել։ Սարոյանի հայը կեղծավոր և ճղճղան քաղաքական հայը չէ, Սարոյանի հայը մարդն է, ու հայը նրա մեջ։
Ավելի հաճախ կարդացեք Սարոյան։ Նա օգնում է հայ մնալ ու մարդ լինել միաժամանակ։
Այսօր մեր բարի հսկայի ծննդյան օրն է։