Հայաստան

Հայաստանը Բուժելու Դեղատոմսը

(մաս 2-րդ)

Հայաստանի Հանրապետությունը ձախողել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանն ուղղված քաղաքականությունը՝ չօգտագործելով նաև Սփյուռքի ներուժը այդ ուղղությամբ:

Լիլիթ Դալլաքյան

Հայաստանը երբեք որևէ նախապայման չի դրել Թուրքիայի առջև հարաբերությունների կարգավորման համատեքստում, սակայն ինքը Թուրքիան միշտ խոսում է նախապայմանների լեզվով՝ ստիպելով մեզ հրաժարվել մեր լեգիտիմ, օրինական իրավունքներից: Տարիների ընթացքում Հայոց Ցեղասպանության ճանաչումը և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հայանպաստ կարգավորումը իբրև թե եղել են Հայաստանի արտաքին ռազմավարության մաս: Սակայն տեսնելով այս ոլորտում ձախողումները՝ անհրաժեշտ է արձանագրել, որ այս ռազմավարությունը կրել է միայն քարոզչական բնույթ: ԱՄՆ կողմից Հայոց Ցեղասպանության բաղձալի ճանաչմանը չհետևեց ոչ մի քայլ, որը կապահովեր հայ պահանջատիրության կատարումը: Հայաստանը պետք է հայտարարի, որ չունի նախապայմաններ՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, սակայն չի կարող խոչընդոտել գերտերությունների, ինչպես նաև հենց թուրքական դատարանի կողմից ճանաչված ոճրագործության հետևանքով ժառանգների իրավուքնների վերականգմանը ուղղված քայլերին: Այսօր Ադրբեջանի նախագահը խոսում է Խոջալուից, ադրբեջանցի փախստականների իրավունքների վերականգնումից, փոխհատուցումից, ինչպես նաև ռազմական կոնտրիբուցիայի(ռազմատուգանք․ խմբ․) մասին՝ չունենալով դրա համար որևէ իրավական հիմք: Ի հակառակ դրան, Հայաստանի Հանրապետությունը չի բարձրացնում Սումգայիթի, Բաքվից բռնի տեղահանվածների իրավունքների հարցը, ինչպես նաև գրեթե դավաճանություն է որակում Հայոց Ցեղասպանության մասին հիշատակումները՝ նշելով, որ դա պատերազմի կոչ է Թուրքիայի դեմ: Հայկական սփյուռքի խնդիրն է ստեղծել մասնագիտացված մարմին, որը կապահովի Ցեղասպանության զոհերի կողմից կոլեկտիվ հայցերի ձևով իրավունքների վերականգնումը՝ միջազգային իրավունքի սահմաններում: Այսօր գերտերությունները օգտագործում են Հայոց Ցեղասպանության հարցը՝ Թուրքիայի վրա ճնշումներ գործադրելու նպատակով, սակայն ՀՀ ղեկավարությունը մերժում է այդ հարցը նաև որպես Թուրքիայի վրա ճնշման միջոց օգտագործելու քաղաքականությունը, իսկ Սփյուռքի կառույցները բավարավում են միայն զոհերի ամեն տարի ոգեկոչմամբ:
Հայաստանի Հանրապետությունը ձախողել է նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանն ուղղված քաղաքականությունը՝ չօգտագործելով նաև Սփյուռքի ներուժը այդ ուղղությամբ: Փոխարենը միջազգային հարթակներում, ՄԱԿ Արդարադատության դատարանում, Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կազմում հայտնվելը վիճարկելը, որի իրավական բոլոր հիմքերը գոյություն ունեն, փոխարենը Կոսովոյի օրինակով խոսելը «անջատում հանուն փրկության» սզբունքի մասին՝ հատկապես 2022 թվականի էթնիկ զտումից հետո, համաձայն որի արցախահայերի գոյությունը վտանգված է Ադրբեջանի կազմում, այսօր իշխանությունները որդեգրել են նահանջի և լռության քաղաքականություն և կրկին մեր խնդիրները օտար պետություններն են հիմա էլ օգտագործում Ադրբեջանի վրա՝ որպես զսպման միջոց: Ակնհայտ է, որ այդ հարցը փակ չէ, և Ռուսաստանը փորձելու է վերադառնալ Լեռնային Ղարաբաղ՝ գուցե շահարկելով ԼՂ ընտրված իշխանութթյունների դիմումները, որի գործընթացը արդեն սկսվել է: Հայաստանի ղեկավարությունը, Սփյուռքի հետ համատեղ, պետք է խոսի արցախահայերի վերադարձի իրավունքի մասին՝ միջազգային երաշխիքների ներքո, ինչի մասին մինչ այսօր էլ խոսում են Արևմուտքում, հակառակ պարագայում Ռուսաստանը արցախահայերի վերադարձի իրավունքը կօգտագործի կրկին՝ այս անգամ էլ Ադրբեջանի վրա իր ազդեցությունը պահելու և Հայաստանի դեմ հրահրելու նպատակով: Ակնհայտ է, որ այս փուլում հնարավոր չէ խոսել ԼՂ անկախության կամ ինքնորոշման իրավունքի մասին, ինչը բացառված չէ հետագայում՝ ելնելով միջազգային իրավիճակից, (հիշենք, որ Ադրբեջանը կորսված էր համարում Լեռնային Ղարաբաղը), սակայն արցախահայերի վերադարձի իրավունքի խնդիրը կարևոր լծակ է Ադրբեջանի վրա, ինչպես նաև թույլ չի տա ՌԴ-ին հետագայում կոնֆլիկտներ հրահրելով և միջնորդի դեր ստանձնելով՝ օգտագործել այդ հարցը իր շահերից ելնելով: Անհրաժեշտ է միջազգային իրավունքի տեսանկյունից պաշտպանել ՀՀ և արցախահայերի օրինական իրավունքները, քանի որ նահանջի և զիջողական քաղաքականությունը ավելի ագրեսիվ և պահանջկոտ է դարձնում թշնամիներին: Վստահ եմ, որ եթե Ադրբեջանը այսօր կարողանար գրավել <<Արևմտյան Ադրբեջանը>>, նա դա կաներ՝ անկախ մեր զիջողական քաղաքականությունից:
Մեր իրականության մեջ այն երկրները, որոնք զրկված են հարուստ էներգետիկ պաշարներից, փոքրաթիվ են թվաքանակով՝ իրենց երկրների ռազմավարության մեջ կարևորում են բարձր տեխնոլոգիաները և մարդկային ռեսուրսը: Այսօր Թայվանը դարձել է առաջատար տեխնլոգիաների՝ չիպերի թիվ մեկ մատակարարը աշխարհում և կարողանում է հակակշռել այնպիսի գերտերությանը ինչպիսին Չինաստանն է՝ վայելելով առաջատար երկրների և ԱՄՆ աջակցությունը՝ իր սահմանների պաշտպանության հարցում: Շատ է խոսվում Համապարփակ անվտանգության բանաձևի կիրառման անհրաժեշտության մասին, որի դեպքում փոքր պետությունները առավելագույն վնասի պատճաման սպառնալիքով՝ բարեհաջող կերպով ապահովում են իրենց սահմանների անվտանգությունը: Դրա վառ օրինակներից է ԽՍՀՄ-Ֆինլանդիա պատերազմի ընթացքը և ելքը: Հայաստանի Հանրապետության ղեկավարության խնդիրն է ուսումնասիրել առկա միջազգային փորձը այս ոլորտներում՝ ՀՀ անվտանգության ապահովման նպատակով:
Այսօր, առավել քան երբևէ եկել է ժամանակը դնելու Հայաստանի անկախ հանրապետության հիմքերը՝ կառուցելով իրական, այլ ոչ թե բուտաֆորիայի կարգավիճակ ունեցող պետություն՝ միավորելով ողջ հայության ջանքերը՝ ի նպաստ Հայոց պետականության և ողջ հայ ժողովրդի:
Լիլիթ Դալլաքյան

Լիլիթ Դալլաքյանը իրավաբան է և քաղաքագետ։ Նրա այս հոդվածը հատուկ նախատեսված է Մեր Ուղին կայքի համար։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *