Հայաստան

Միակողմանի Երաշխիքներ Չեն Լինում

Երևանը չպետք է կաշկանդված լինի ռուս-իրանական կամ Իրան-Արևմուտք հարաբերություններով: Թեհրանն իր հերթին, ելնելով իր ազգային-պետական շահերից, չպետք է խանդով վերաբերվի Հայաստան-Եվրամիություն քաղաքակրթական երկխոսությանը: Կողմերին կհաջողվի՞ հասնել նման փոխըմբռնման: Միակողմանի երաշխիքներ չեն լինում:

Վահրամ Աթանեսյան

Իրանա լրատվալրական գործակալությունը տեղեկացնում է, որ ՌԴ դեսպանը հրավիրվել է Իրանի ԱԳՆ, նրան ընդունել է արտգործնախարարի օգնական, Եվրասիայի դեպարտամենտի տնօրեն Մոջթաբա Դամիրչուլուն: Ըստ հաղորդագրության, իրանցի դիվանագետն ասել է, որ Կովկասում կայուն խաղաղության և համագործակցության երաշխիքը ազգային ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և փոխադարձ շահերի հարգումն է: Իրանական կողմը պնդել է, որ դեմ է միջազգայնորեն ճանաչված սահմանների և տարածաշրջանում աշխարհաքաղաքական փոփոխություններին, ինչպես նաև ընդգծել տարածաշրջանի բոլոր երկրների օրինական շահերը հաշվի առնելու անհրաժեշտությունը:

Այս տեղեկատվությունը Հայաստանում ուշադրության արժանացավ հիմնականում այն դիտանկյունից, որ Իրանը վերստին հիշեցրել է իր «կարմիր գիծը»՝ տարածաշրջանում սահմանների և աշխարհաքաղաքական փոփոխությունները անընդունելի են: Բայց Irna-ի տարածած տեքստում առկա է սկզբունքորեն նոր ձևակերպում՝ Իրանը «դիմադիր է միջազգայնորեն ճանաչված սահմանների և աշխարհաքաղաքական փոփոխություններին»:

Ընդ որում, խոսքը վերաբերում է ամբողջական Կովկասին: Էբրահիմ Ռեիսիի ուղղաթիռի կործանումից կարճ ժամանակ առաջ Բաքվում Իրանի նախկին դեսպան Սուլեյմանին, որը Թեհրանի վերլուծական կենտրոններից մեկի ղեկավարն է, թույլ էր տվել ասել, որ «Ռուսաստանը Կովկասում Իրանին ոչինչ չի թողել»: Խոսքը, ընդհանրապես, քառասունչորսօրյա պատերազմից հետո ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակի մասին է:

Որտե՞ղ և ինչպե՞ս է «վրիպել» Թեհրանը կամ «խաբվել»՝ ենթադրությունների ոլորտի հարց է, որը կարող է պայմանավորված լինել նաև Ադրբեջանի կողմից Իրանի դեմոնացմամբ և այդ կերպ Արեւմուտքի «վստահելի գործընկեր» ներկայանալու բավական հաջողված դիրքավորմամբ: Սկզբունքայինը, սակայն, թվում է՝ ռուս-իրանական փոխադարձ անվստահությունն է: Իրանը և Ռուսաստանը կարող են գործընկեր լինել, բայց Թեհրանում, հավանաբար, ոչ ոք չի մոռանում, որ 20-րդ դարում Ռուսաստանը երկու անգամ Իրանական Ադրբեջանն անջատելու լրջագույն փորձ է ձեռնարկել:

Ըստ էության, 19-րդ դարասկզբի ռուս-պարսկական պատերազմների և աշխարհաքաղաքական փոփոխությունների վերաբերյալ Ռուսաստանի և Ադրբեջանի ընկալումները և մեկնաբանությունները նույնական են, երկուսն էլ պնդում են, որ Հայաստանը որպես էթնո-քաղաքակրթական ինքնություն «կայացել է Ռուսական կայսրության, ապա նաև ԽՍՀՄ շնորհիվ»:

Թուրքիայի նախագահն օրերս ասել է, որ Օսմանյան կայսրությունը չորս դար իշխել է Իրանին: Ադրբեջանում իշխում է պատմա-քաղաքական հայեցակարգ, ըստ որի՝ 16-րդ դարից մինչև 20-րդ դարի սկիզբ Իրանը «թուրքական պետություն է եղել», Սեֆևիների և Ղաջարների «թուրքական արքայատոհմերով»: Սա պատմական բանավեճ չէ, արդեն դարձել է Ադրբեջանի ինքնության կոնցեպտուալ բաղադրիչ:

Փորձագետների ուշադրությունից, կարծես, դուրս է մնացել Իրանի ԱԳ նախարարի օգնականի հնչեցրած, թերևս, ամենակարևոր միտքը: Նա ասել է, որ նախապատրաստվում է Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպում:

Այս ֆոնին իրանական կողմը նաև տեղեկատվական խիստ ուշագրավ «արտահոսք» է թույլ տվել՝ ասելով, որ Ռուսաստանի հետ համապարփակ համագործակցության մասին պայմանագրի շուրջ քննարկումները շարունակվում են: Դեռևս ընտրված նախագահ լինելով՝ Մասուդ Փեզեշկյանը, մինչդեռ, հավաստիացրել էր, որ Թեհրանը հոկտեմբերին կայանալիք ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովի շրջանակներում «պատրաստ է ստորագրել» այդ պայմանագիրը:

Մոտենում է Թուրքմենչայի պայմանագրի 200-ամյակը: Նախանցյալ դարի աշխարհաքաղաքական փոփոխությունների հարցում Իրանի հետ ընդհանուր կամ գոնե մոտ տեսակետի գալու մի հնարավորություն Հայաստանը 2013 թ., Գյուկիստանի պայմանագրի 200-ամյակի տարում, բաց է թողել:

Տարածաշրջանում իր օրինական շահերի մասին հիշեցնելով՝ Իրանը դիվանագիտական ուղերձ է հղում Ռուսաստանին, Թուրքիային և Ադրբեջանին: Ստեղծված իրավիճակում Հայաստանի սուվերենությունն Իրանի տարածաշրջանային, աշխարհաքաղաքական դերակատարության ռեսուրս է, որն փոխադարձաբար պետք է սնուցի և ամրապնդի Հարավային Կովկասում Հայաստանի ռազմա-քաղաքական սուբյեկտությունը:

Այս հարցում Երևանը չպետք է կաշկանդված լինի ռուս-իրանական կամ Իրան-Արևմուտք հարաբերություններով: Թեհրանն իր հերթին, ելնելով իր ազգային-պետական շահերից, չպետք է խանդով վերաբերվի Հայաստան-Եվրամիություն քաղաքակրթական երկխոսությանը: Կողմերին կհաջողվի՞ հասնել նման փոխըմբռնման: Միակողմանի երաշխիքներ չեն լինում:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *