Ադրբեջանը մի ձեռքով ստորագրում է կանոնակարգը, մյուսով ըստ էության շարունակում «զրպարտել» Հայաստանին եւ տարածել հրադադարի խախտման վերաբերյալ բավականին բազմիմաստ քաղաքական նշանակություն ունեցող ապատեղեկատվություն:
Հակոբ Բադալյան
Բաքուն մի ձեռքով ստորագրում է, մյուսով՝ «զրպարտում»
Հայաստանի կառավարությունը սեպտեմբերի 5-ի նիստում հավանության արժանացրեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի կանոնակարգը, որ կողմերը ստորագրել են օգոստոսի 30-ին: Հաջորդիվ փաստաթուղթը ուղարկվելու է Սահմանադրական դատարան՝ սահմանադրությանը դրա համապատասխանությունը պարզելու համար, որից հետո կսկսի խորհրդարանում վավերացման գործընթացը:
Մինչ այդ, նախօրեին Ադրբեջանի ՊՆ-ն հերթական անգամ տարածել էր տեղեկություն, թե Հայաստանի ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանի հարավ-արեւմտյան ուղղությամբ: Հայաստանի պաշտպանության նախարարությունը դարձյալ հերքել էր այդ տեղեկությունը, հիշեցնելով նաեւ, որ Հայաստանը առաջարկում է ստեղծել այդպիսի տեղեկությունների հետաքննության համատեղ մեխանիզմ:
Ստացվվում է, որ Ադրբեջանը մի ձեռքով ստորագրում է կանոնակարգը, մյուսով ըստ էության շարունակում «զրպարտել» Հայաստանին եւ տարածել հրադադարի խախտման վերաբերյալ բավականին բազմիմաստ քաղաքական նշանակություն ունեցող ապատեղեկատվություն: Սահմանագծման ու սահմանազատման հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգի հաստատումից անմիջապես հետո Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիեւը հայտարարեց, թե գործընթացի մեկնարկը, խաղաղ ռեժիմում սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքի իրականացումը նշանակում է, որ պետք է Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությունը դադարեցնի Ադրբեջանի հետ սահմանի մոնիտորինգը:
Երեւանն ու Բրյուսելը դեռեւս չեն արձագանքել Բաքվից հնչած այդ հայտարարությանը, ինչը ինքնին ուշադրության առարկա է: Միեւնույն ժամանակ, այդ մասին խոսող Բաքուն իր հերթին շարունակում է լռության մատնել հրադադարի խախտման մասին տեղեկությունների հետաքննության համատեղ մեխանիզմի վերաբերյալ Հայաստանի առաջարկը: Հավանականություն կա՞, որ Բաքուն դիտարկում է «փոխադարձության» տրամաբանություն՝ Երեւանի հետ ստեղծել հետաքննության այդ մեխանիզմը, պայմանով, որ ԵՄ դիտորդները դադարեցնեն Ադրբեջանի հետ սահմանի մոնիտորինգը:
Համմենայն դեպս ակնառու է այն, որ չնայած կանոմակարգի ստորագրմանը, որն իր առերեւույթ բովանդակությամբ հավասարակշռված փաստաթուղթ է, Հայաստան-Ադրբեջան սահմանի կայունության ռեժիմի առումով շարունակում են լինել բավականին հակասական, կոնտրաստային իրողություններ եւ էական հարցեր, որոնք էլ իրենց հերթին հանրագումարում հարցեր են առաջացնում հենց կանոնակարգի հավասարակշռված կիրառելիության հեռանկարի առումով:
Հոդվածը՝ 1in.am կայքից։