Հայաստան

Ռուս-Ադրբեջանական Սպառնալիք Երևանի Դեմ

Ռուսական կողմը սեպտեմբերի 9-ին հիշեցրել է, որ քառասունչորսօրյա պատերազմը դադարել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Պետք է հասկանալ, որ որոշակի հանգամանքներում այն կարող է վերսկսվել: Մոսկվան այլեւս «խաղում է բաց քարտերով»:

Վահրամ Աթանեսյան

Հայաստանի դեմ ռուս-ադրբեջանական սադրանքի սպառնալիքը

Բաքվի իշխանական լրատվամիջոցը, հղելով ռուսաստանցի նախկին ռազմական օդաչու-բլոգեր Իլյա Թումանովի թելագրամյան գրառմանը, հայտնում է, որ Հայաստանը «խորհրդային արտադրության C 300, C 125 «Բուկ» եւ «Օսա» ՀՕՊ համակարգեր, ինչպես նաեւ Տոչկա ՈՒ հրթիռներ է մատակարարել Ուկրաինային»։

Գործարքն, իբր, տեղի է ունեցել արեւմտյան «հանձնիր հինգ հնացած ավտոմեքենա, ստացիր մեկ նորը» սկզբունքով. Հայաստանը իր հնացած զինատեսակները «փոխանցել է Ուկրաինային, որպեսզի արեւմտյան երկրներից ձեռք բերի նորը կամ նորագույնը»։

Այս քարոզչությունն այլ կերպ, քան հիմարություն, դժվար է որակել։

Արեւմուտքն ինչու՞ պիտի Հայաստանին նոր սպառազինություն վաճառելու դիմաց պահանջի, որ նա Ուկրաինային հնամաշ ՀՕՊ համակարգեր եւ նշանակետից կիլոմետրերով շեղվող ՏոչկաՈՒ տրամադրի, եթե ինքն Ուկրաինային արդիական ՀՕՊ համակարգեր եւ գերճշգրիտ ու հեռահար խոցելիության հրթիռներ է մատակարարում: Ռուսաստանի գերձայնային «Կինժալ» կամ «Սարմատ» հրթիռների դեմ Ուկրաինան «Օսա»-ո՞վ պիտի պայքարի:

Իսկ որտեղի՞ց Հայաստանին ՀՕՊ միջոցներ եւ հրթիռներ, եթե քառասունչորսօրյա պատերազմից հետո Ադրբեջանի նախագահը բազմիցս հայտարարել է, որ «վեց միլիարդ դոլարի հայկական սպառազինություն է ոչնչացրել, հայկական զինված ուժեր փաստորեն գոյություն չունեն»: Ստե՞լ է Ալիեւը, սնապարծությա՞մբ է զբաղվել, ադրբեջանական ԱԹՍ-երը Հայաստանի տարածքում C 300 ՀՕՊ կայանքներ չե՞ն խոցել:

Երրորդ ու, թերեւս, ամենացայտուն հիմարությունն այն է, որ Հայաստանի ՀՕՊ համակարգը Ռուսաստանի հետ միասնական է, այդ համաձայնագիրը դեռեւս ուժի մեջ է: Ստացվում է, որ Ուկրաինայի հետ պատերազմող Ռուսաստանը Հայաստանի տարածքում նաեւ իր կառավարմանը ենթակա ՀՕՊ միջոցներ է առաքում իր թշնամի երկրի՞ն:

Հայաստանում Ռուսաստանը երկու ռազմաբազա ունի, որոնք հաստատ ունեն ռազմական հետախուզության եւ հակահետախուզության կառույցներ, եւ զօրուգիշեր դիտարկում են հայկական բանակի ցանկացած «մարմնաշարժում», ինչպես ռուսներն են ասում: Հայաստանն Ուկրաինայի հետ ոչ միայն ցամաքային, օդային ուղղակի հաղորդակցություն չունի, այլեւ նման «գործարք իրականացնելու» համար պետք է օգտվի երրորդ երկրի կամ երկրների կոմունիկացիաներից:

Արդյունքում ստացվում է «փչացած հեռախոսի» պատմություն, որտեղ ամենացավալին այն է, որ հակահայկական քարոզչությանը ներգրավվում են նաեւ Երեւանյան «վստահելի աղբյուրներ»: Այստեղ արդեն Մոսկվային եւ Բաքվին չես մեղադրի, որովհետեւ նման ակնարկներ, իրոք, հայկական սոցիալական մեդիայում արվել են:

Ռուս-ադրբեջանական հակահայաստանյան քարոզչության հիմարությունն ակնհայտ է, բայց միջին-վիճակագրական ռուսաստանցին իրեն նեղություն չի պատճառելու, որպեսզի խորանա խնդրի էության մեջ:

Քարոզչության կազմակերպիչները հենց այդ հաշվարկով էլ առաջնորդվում են եւ ռուսաստանցիներին ներշնչում, որ, ինչպես Իլյա Թումանովն է ձեւակերպել՝ «Հայաստանն, ահա, նման անշնորհակալությամբ է վարձահատույց լինում Ռուսաստանի կողմից տասնամյակներ շարունակ իրեն ցուցաբերած օգնության դիմաց»:

Ռուսական կողմը սեպտեմբերի 9-ին հիշեցրել է, որ քառասունչորսօրյա պատերազմը դադարել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Պետք է հասկանալ, որ որոշակի հանգամանքներում այն կարող է վերսկսվել: Մոսկվան այլեւս «խաղում է բաց քարտերով»:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *