Այն ինչ ասել է Թրամփը, դա իր ոճն է, իր բառապաշարը և ընտրողները հենց այդպիսին էլ նրան գիտեն և ուզում են տեսնել։ Հարիսը ավելի հավասարակշռված է խոսել, ավելի դասագրքային, իսկ Թրամփը խոսել է իր ազատ ոճով, այնպես ինչպես սովոր են իրեն տեսել։ Այս հարցազրույցի արդյունքները անսպասելի չէին, լրիվ նորմալ է այն, ինչ տեղի ունեցավ, բնականաբար տեսանելի է նաև այն, որ Հարիսի ելույթը փոքր ինչ ավելի տպավորիչ է եղել։
Վիգեն Հովսեփյան
1inTV-ը զրուցել է ամերիկահայ ազգային-քաղաքական գործիչ, քաղաքագիտության դոկտոր Վիգեն Հովսեփյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել է Թրամփ-Հարիս բանավեճը։
Վ․ Հովսեփյանն իր խոսքում նշեց, որ բանավեճն ինքն իրենով կարող է որոշակիորեն ազդեցություն ունենալ ընտրողների կարծիքի վրա, շատերը կարող են ճշգրտել իրենց մոտեցումները, ավելի հավաստիանալ սեփական ընտրության մեջ և այլն։ Այս բանավեճերը բավական մեծ տարածում ունեն և աշխուժություն են ապահովում։ Անդրադառնալով բանավեճի բուն էությանն ու մեկնաբանություններին՝ Վիգեն Հովսեփյանը նշեց, որ ինչ որ անհավատալի բան տեղի չի ունեցել, սպասելի իրավիճակ էր, թեկնածուները հանդես են եկել իրենց ոճին ու խոսույթին հավատարիմ ձևով։ Քամալա Հարիսը ինչ որ չափով ավելի հաջող ելույթ է ունցել՝ հաշվի առնելով, որ նա վերջին երեք տարին փոխնախագահ է և հանրությանն իրեն ներկայացնելու կարիք ունի, քանի որ ի պաշտոնե շատ ավելի քիչ է հարցազրույցներ տալիս, տեսախցիկների առջև ավելի քիչ է երևում։ Ինչ վերաբերում է Թրամփի ելույթին, ապա չի կարելի ասել, որ վերջինս խայտառակ կերպով պարտվել է, ինչպես բնորոշում են շատերը։ Այն ինչ ասել է Թրամփը, դա իր ոճն է, իր բառապաշարը և ընտրողները հենց այդպիսին էլ նրան գիտեն և ուզում են տեսնել։ Հարիսը ավելի հավասարակշռված է խոսել, ավելի դասագրքային, իսկ Թրամփը խոսել է իր ազատ ոճով, այնպես ինչպես սովոր են իրեն տեսել։ Այս հարցազրույցի արդյունքները անսպասելի չէին, լրիվ նորմալ է այն, ինչ տեղի ունեցավ, բնականաբար տեսանելի է նաև այն, որ Հարիսի ելույթը փոքր ինչ ավելի տպավորիչ է եղել։
Բանավիճողների քննարկած հիմնական թեմաներից մեկը եղել է Ուկրաինայի պատերազմի հարցը։ Դոկտորը նշեց, որ հանրապետականները ավանդաբար ռազմական արդյունաբերությանն ավելի մոտ են կանգնած, ուստի ավելի խանդավառ են պատերազմների դեպքում, քանի որ մեծ գնումներ են կատարվում, մեծ գումարներ են աշխատում, իսկ դեմոկրատները ավանդաբար ավելի շատ խաղաղության կողմնակիցներն են, ավելի քիչ ռազմական հատկացումներ անելու հակված, բայց տեսնում ենք, որ այս պարագայում հակառակն է տեղի ունենում և դեմոկրատները հակված են պատերազմը շարունակելուն և Ռուսաստանին ճնշելուն, մինչդեռ Թրամփը խոստանում է հաղթանակի դեպքում ապահովել պատերազմի արագ ավարտը և իր խոսքում նշել է, որ հազարավոր մարդիկ են զոհվում այդ պատերազմներում, ինչպես նաև այդ պատերազմը շատ թանկ է արժենում ԱՄՆ քաղաքացիներին։
Զրույցի ընթացքում նաև քննարկվել է ամերիկահայ համայնքի տրամադրվածությունը այս հարցում։ Վիգեն Հովսեփյանը, ինչպես և ավելի վաղ նշել էր իր հարցազրույցներում, ասաց, որ հայ համայնքը միաշերտ և միակարծիք չէ։ Չկան գիտավերլուծական տվյալներ առ այն, թե ինչ հնարավոր զարգացումներ տեղի կունենան։ Հայ համայնքի հեղինակավոր կառույցները դեռևս իրենց կարծիքը չեն հայտնել, հնարավոր է որ դա անեն մոտակա շաբաթում։ Հարկավոր է հասկանալ նաև այն, որ ամերիկահայերը բնակվում են այն նահանգներում, որոնք ավանդաբար դեմոկրատ են՝ Կալիֆորնիա, Մասաչուսեթս և այլն։ Այսինքն հայերի կողմնորոշումն այստեղ շատ էական չի լինելու, քանի որ այդ նահագները այսպես, թե այնպես ընտրելու են դեմոկրատներին։ Ավելի թեժ պայքար ծավալվելու է օրինակ Միչիգանում, որտեղ հանրապետականների և դեմոկրատների ուժերը ավելի հավասարակշռված են և հայերի կարծիքը կարող է ինչ որ չափով ազդեցություն ունենալ։
Ինչ վերաբերում է այն կարծիքին, թե հայերը ավելի շատ ո՞ւմ են հակված ընտրել Թրամփին, թե Հարիսին, դոկտոր Հովսեփյանը նշեց, որ վերջին վեց-յոթ տարիների ընթացքում բավական տարօրինակ միտում է նկատում ամերիկահայերի և մասնավորապես Հայաստանից արտագաղթածների շրջանում։ Դա հանրապետականների նկատմամբ համակրանքն է և նույնիսկ հենց անձամբ Թրամփի հանդեպ։ Զարմանալին այն է, որ հայերը, լինելով փոքրամասնություն, պիտի որ ավելի շատ դեմոկրատներին աջակցեին, մինչդեռ կարծես, թե ավելի շատ Թրամփի և հանրապետականների հանդեպ է աջակցություն նկատվում։ Եթե ինչ որ հարցախույզ անցկացվի, ապա անհավանական չի լինի, եթե պարզվի, որ համայնքի մոտ 60 տոկոսը աջակցելու է Թրամփին։
Հարցազրույցն ամբողջությամբ՝