Հայաստան

Վլադիմիր Պուտինից Ավելի Պուտինական Են

Հայաստանում գործող «ուղեղային» կենտրոններից ո՞րն է վկայակոչել ՌԴ նախագահի այս մեկնաբանությունը: Հայաստանում առավելապես տիրաժավորվում է ռուս-ադրբեջանական փորձագիտական-վերլուծաբանական խոսույթը: Դա ավելի է թուլացնում Երեւանի իմունիտետը, քան Հայաստանի դեմ Բաքվի եւ Մոսկվայի կամ երրորդ երկրի կազմակերպած հակաքարոզչությունը։

Վահրամ Աթանեսյան

Հայաստանի ինտիտուցիոնալ եւ արտախորհրդարանական ընդդիմության մեծ մասը, նրանց հարող քաղաքագետները, վերլուծաբանները, մամուլը, սոցիալական մեդիան Նիկոլ Փաշինյանին մեղադրում են, որ նոյեմբերի 9-ի եռակողմ Հայտարարության 9-րդ կետը «խեղաթյուրված է ներկայացնում»:

Սեպտեմբերի 11-ին այս նարատիվը հարցի տեսքով ձևակերպվել եւ ներկայացվել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային, թե չի՞ նշանակում, արդյոք, որ Հայաստանը պատրաստվում է չեղյալ ճանաչել այդ փաստաթուղթը, եթե Նիկոլ Փաշինյանը «մինչեւ վերջ չի մեջբերել իններորդ կետը, որտեղ ասված է, որ Նախիջեւանի հետ Հայաստանի տարածքով Ադրբեջանի հաղորդակցության հսկողությունը պետք է իրականացնեն ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերը»:

Զախարովան պատասխանել է, որ ոչ դիվանագիտական խողովակներով, ոչ հրապարակային տիրույթում Մոսկվան Հայաստանից նման հայտարարություն չի ստացել: Կստանա՞, չի՞ ստանա՝ ցույց կտան հետագա իրադարձությունները, բայց ՌԴ ԱԳ նախարարը, փոխնախարար Գալուզինը, Մարիա Զախարովան, կրեմլահաճ փորձագետները եւ լրագրողները, Հայաստանում Պուտինից առավել պուտինականները պետք է մի բան իմանան:

Իսկ դա 2020թ. նոյեմբերի 10-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ, ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինի՝ միջազգային հանրությանը, ռուսաստանցիներին, Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդներին, ԼՂ հայ բնակչությանը ուղղված հայտարարությունն է, որտեղ ի թիվս այլ մեկնաբանությունների ասված է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ Հայտարարության իմաստով «ապաշրջափակվում են տարածաշրջանի բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերը, տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացվում է այդ թվում Ռուսաստանի Սահմանապահ ծառայության աջակցությամբ»:

Կրեմլի կողմից հայ-ադրբեջանական կարգավորման «միակ իրավական հիմք» ճանաչված փաստաթղթի խնդրո առարկա կետի կամ հոդվածի բացատրությունը, որ Նիկոլ Փաշինյանը տալիս է այն տեսքով, որ այնտեղ Հայաստանի տարածքում հաղորդակցությունը Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ զորքերին վերապահելու մասին խոսք չկա, միանշանակ չի համապատասխանում ՌԴ նախագահի արած մեկնաբանությանը:

Պուտինի բացատրությամբ՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության հսկողությունը իրականացվում է «այդ թվում Ռուսաստանի սահմանապահ ծառայության աջակցությամբ»: Դա կարող է լինել տեխնիկական, տեղագրական, նյութական, տեխնոլոգիական կամ այլ բնույթի աջակցություն, բայց ոչ՝ մաքսավորի կամ Հայաստանի սահմանապահի դերակատարություն:

Հայաստանում գործող «ուղեղային» կենտրոններից ո՞րն է վկայակոչել ՌԴ նախագահի այս մեկնաբանությունը: Հայաստանում առավելապես տիրաժավորվում է ռուս-ադրբեջանական փորձագիտական-վերլուծաբանական խոսույթը: Դա ավելի է թուլացնում Երեւանի իմունիտետը, քան Հայաստանի դեմ Բաքվի եւ Մոսկվայի կամ երրորդ երկրի կազմակերպած հակաքարոզչությունը:

Հայաստանի բուն խնդիրն այն է, որ Պուտինից ավելի պուտինականություն ունի: Դա նույնիսկ ռուսաստանամետ կողմնորոշում չէ՝ պարզապես հաճկատարություն է: Այլապես, նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետի պուտինյան մեկնաբանությունը հայկական փորձագիտական շրջանակներից «աննկատ» չէր մնա:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

https://www.1in.am/3463803.html
    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *