Հայ-ադրբեջանական կարգավորման փորձաքարը սահմանազատման իրավական հիմքի համաձայնեցումն է: Եվ եթե այդ հարցում Բաքուն ստորագրված Կանոնադրությանը հավատարիմ մնա, ապա ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման, Հայաստանի սահմանադրության «խոչընդոտների» մասին Իլհամ Ալիեւի «մանտրան» այլեւս էական չի լինի:
Վահրամ Աթանեսյան
Բլինքեն-Ալիեւ հեռախոսազրույցի «չոր արդյունքը»
Մամուլը փոխանվել է Բլինքեն-Ալիեւ հեռախոսազրույցի մասին պետական դեպարտամենտի պաշտոնական հաղորդագրությունը, ըստ որի՝ պետքարտուղարը «ողջունել է կողմերի (Հայաստանի եւ Ադրբեջանի) միջեւ վերջին առաջընթացը՝ ներառյալ սահմանների դեմարկացիայի մասին համաձայնագիրը»:
ԱՄՆ պետքարտուղարը նշել է նաեւ Միացյալ Նահանգների եւ Ադրբեջանի միջեւ երկկողմ հարաբերությունների կարեւորությունը, ընդգծել Բաքվում նոյեմբերին կայանալիք COP29-ի հաջողությանը Վաշինգտոնի հավատարմությունը՝ ասել է պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը:
Նրա ձեւակերպմամբ՝ «քարտուղար Բլինքենը եւ նախագահ Ալիեւը քննարկել են տարածաշրջանային եւ երկկողմ համագործակցությունը՝ ներառյալ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների բնագավառում միջազգային պարտավորությունների հարգման կարեւորությունը»:
Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը բավական ծավալուն հաղորդագրություն է տարածել, որտեղ, բնականաբար, երկխոսության «թելադրող դերակատար» ներկայացված է Իլհամ Ալիեւը, որ խաղաղության պայմանագրի կնքումը վերստին պայմանավորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման եւ Հայաստանի սահմանադրությամբ Ադրբեջանի «նկատմամբ տարածքային պահանջներին վերջ տալու անհրաժեշտությամբ»:
Բլանքվի պաշտոնական հաղորդագրությունն, այդուհանդերձ, հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի մասով ամփոփված է այսպես. «Անդրադառնալով սահմանների դելիմիտացիային, նախագահ Ալիեւը նշել է երկկողմ ձեւաչափում ձեռք բերված դրական արդյունքները եւ ասել, որ այն կիրականացվի Կանոնադրության հիման վրա»:
Սա, ըստ էության, Բլինքեն-Ալիեւ հեռախոսազրույցի, ինչպես ռուսներն ասում՝ «չոր արդյունքն է»: Ադրբեջանի նախագահը Վաշինգտոնին հավաստիացրել է, որ սահմանազատման հանձնաժողովների Կանոնադրությունը վավերացում կստանա այն տեսքով, որը օգոստոսի 30-ին վարչապետի մակարդակով ստորագրվել է:
Դիտարժան է, որ սահմանազատման իրավական հիմքի՝ Ալմա-Աթայի Հռչակագրի, մասին Վրաստանի պաշտոնակցի հետ բանակցություններից հետո Նիկոլ Փաշինյանի հնչեցրած տեսակետը Ադրբեջանի կողմից առ այս պահը որեւէ վերապահմամբ չի հակադարձվել:
Հայ-ադրբեջանական կարգավորման փորձաքարը սահմանազատման իրավական հիմքի համաձայնեցումն է: Եվ եթե այդ հարցում Բաքուն ստորագրված Կանոնադրությանը հավատարիմ մնա, ապա ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման, Հայաստանի սահմանադրության «խոչընդոտների» մասին Իլհամ Ալիեւի «մանտրան» այլեւս էական չի լինի:
Հարկավ, չկա ոչ մի երաշխիք, որ Ադրբեջանի նախագահն «ազնիվ կոմերիտականի ճշտապահությամբ» հավատարիմ կլինի ԱՄՆ պետքարտուղարին տրված խոստմանը: Իրավիճակ կարող է փոխվել ամեն պահի՝ կախված միջազգային եւ Հարավային Կովկասին սահմանակից տարածաշրջաններում զարգացումներից:
Բայց տվյալ պահին ունենք այն, որ սահմանազատման հանձնաժողովների Կանոնադրությունը Երեւանում եւ Բաքվում վավերացում անցնելու, երկու երկրների իրավական համակարգի մաս դառնալու եւ այդ հիմքով սահմանազատման հետ կապված մյուս հարցերի քննարկում սկսելու հնարավորություն կա:
Հոդվածը՝ 1in.am կայքից։