Հայաստան

Եթե Մակրոնը Չի Գալիս, Կգնա Փաշինյանը

Հատկանշական եւ հիշարժան է, որ նախորդ տարի հարավաֆրիկյան հանրապետությունում կայացած ԲՐԻԿՍ գագաթնաժողովին մասնակցելու ցանկություն հայտնել էր հենց Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, ինչը սակայն տեղի չունեցավ Ռուսաստանի հետ տարաձայնությունների պատճառով:

Հակոբ Բադալյան

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոտինյին հայտնել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրավիրվել է Ֆրանսիայում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին: Գագաթնաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 4-5-ին: Տեւական ժամանակ տարբեր խոսակցություններ ու մամուլի ոչ պաշտոնական հրապարակումներ էին շրջանառվում այն մասին, որ սեպտեմբերի 21-ին Հայաստան կժամանի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

Սեպտեմբերի 15-16-ին Հայաստան ժամանեց Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեն, ինչն ի դեպ նրա թերեւս վերջին այցն էր Հայաստան այդ կարգավիճակում: Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա Ֆոն Դեր Լայենը հայտնել է, որ Սեժուրնեն կնշանակվի Եվրահանձնաժողովի փոխնախագահ՝ տնտեսական զարգացման հարցերով: Սեժուրնեի հայաստանյան այցի ընթացքում որեւէ խոսք չի եղել Մակրոնի հնարավոր այցի մասին: Փոխարենը հայտնի է դառնում, որ Հայաստանի վարչապետն է հրավիրվել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին: Կասկածից վեր է, որ Նիկոլ Փաշինյանը կընդունի հրավերը:

Ընդ որում, այդ համատեքստում ուշագրավ է Սեժուրնեի այցը: Ըստ էության, փաստացի ստացվում է, որ այդ այցը Ֆրանկոֆոնիայի վեհաժողովին Նիկոլ Փաշշինյանի այցը «նախապատրաստող» այցելություն էր: Խոսքը թերեւս վերաբերում է քաղաքական բովանդակությանը: Ստեֆան Սեժուրնեն Երեւանում թերեւս քննարկել է հարցեր, թեմաներ, օրակարգ, որի շուրջ առավել ծավալուն խոսակցություն կլինի արդեն Նիկոլ Փաշինյանի ու Մակրոնի միջեւ Ֆրանսիայում՝ հոկտեմբերի սկզբին:

Միաժամանակ ստացվում է նաեւ, որ հոկտեմբերի սկզբին Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին Ֆրանսիայում, իսկ հոկտեմբերի վերջին նա կմասնակցի Կազանում կայանալիք ԲՐԻԿՍ գագաթնաժողովին: Կլինի՞ արդյոք թեմատիկ հաջորդականություն՝ ժամանակագրականից զատ, բարդ է ասել:

«Բազային նախադրյալներ» անշուշտ առկա են, հաշվի առնելով ֆրանսիական արտաքին քաղաքականության ուշագրավ մի շարք շեշտադրումներ, նաեւ ֆրանսիական ռազմավարության էական հանգամանքներ: Ի վերջո, հատկանշական եւ հիշարժան է, որ նախորդ տարի հարավաֆրիկյան հանրապետությունում կայացած ԲՐԻԿՍ գագաթնաժողովին մասնակցելու ցանկություն հայտնել էր հենց Ֆրանսիայի նախագահ Մակրոնը, ինչը սակայն տեղի չունեցավ Ռուսաստանի հետ տարաձայնությունների պատճառով:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *