ՄԵՐ ՈՒՂԻՆ

60 Օր Հասկանալու, Իրազեկվելու Եւ Որոշելու Համար

Հիմա, հենց հիմա ՀՀ քաղաքացուն ոչ ոք չի կարող ստիպել գնալ կամ չգնալ ու հենց դրանումն է ազատության մեծ ու ինչ որ տեղ նաև վախեցնող շունչը, երբ քո փոխարեն ոչ ոք ոչինչ չի անելու, այլ դու ես որոշելու և որոշելու հետ մեկտեղ նաև պիտի գնաս այդ որոշման հետևից։ Տասնամյակներով ընտրություն ասվածը ենթադրել է ընդամենը ուղղորդված ու հրամայված քվեարկություն։ Մարդիկ քվեարկել են ու քաշվել մի կողմ։ Մինչդեռ հիմա մարդիկ ոչ միայն կարող են ստորագրել, այլ հետևել, թե ի՞նչ է տեղի ունենում իրենց ստորագրության հետ։

Մեր Ուղին

Երեկվանից Հայաստանում մեկնարկել է «Եվրաքվե»-ն և մեր քաղաքացիները հնարավորություն ունեն առաջիկա երկու ամսվա ընթացքում մոտենալ համայքապետարաններ և վարչական կենտրոններ և ստորագրել՝ հօգուտ ՀՀ ԵՄ անդամության թեկնածության օրենքի նախագծի։ 50 հազար ստորագրություն հավաքվելուց հետո դա կմտնի ԱԺ և արդեն պատգամավորների հերթը կհասնի իրենց քաղաքացիական պարտքը կատարելու։
Նախագծի մասին շատ է խոսվել, բայց այստեղ կարևոր ևս մի քանի բան կա։
Նախ և առաջ դա հանրաքվեն է ինքն իրենով։ Հայաստանում ինքնաբուխ հանրաքվե գրեթե չի եղել։ Գրեթե չի եղել, որ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կարողանան որևէ հարց դնել հանրաքվեի մակարդակի ու ստորագրահավաք սկսեն։ Եվ սա մի կարևոր բանի ցուցանիշ է՝ ազատության։ Այն ազատության, որի համար Հայաստանում շատ երկար ժամանակ տեղ չի եղել, որովհետև իշխանության ներկայացուցիչները օրենքը կիրառել են ոչ թե պետության, այլ իրենց համար։ Սա կարևոր է հասկանալ և ընդունել, որովհետև չգիտակցված ազատությունը և օրենքը միշտ թերի են աշխատում։
Հաջորդն այն է, որ հանրաքվեն և ստորագրահավաքը ոչ միայն իրավունք են, այլև՝ պտասխանատվություն։ ՀՀ քաղաքացու առաջ հարց է դրված։ Ու այդ հարցը ոչ թե ու ոչ միայն ընդամենը տեսական մակարդակի վրա է այլ հենց հիմա կախված է հենց քաղաքացու ընտրությունից։ ՀՀ քաղաքացին ինքը հնարավորություն ունի իշխանությանը խոսք ասելու և այդ խոսքի հետևից գնալու։ ՀՀ քաղաքացին հենց այս օրերին կարող է ցույց տալ, որ Հայաստանում իշխանությունը ոչ թե պատկանում է իշխանությանը, այլ՝ ժողովրդին։ ՀՀ քաղաքացին կարող է ստորագրահավաքին մասնակցել կամ չմասնակցելով ցույց տալ իր պատասխանատվության աստիճանը իր ապագայի վերաբերյալ։ Անկախ նրանից, թե Եվրաքվեն որքան ժամանակում ինչքան ստորագրություն կհավաքի, դա մի կարևոր ցուցանիշ կլինի, թե ՀՀ քաղաքացին որքանով է ինքն իրեն պատասխանատու համարում երկրի ապագայի համար։ Հասկանալի է, որ տասնամյակներով ընտրություն ասվածը եղել է ընդամենը իմիտացիա և այդ իսկ պատճառով էլ ՀՀ քաղաքացին դեռևս ունի ընտրությունների մասին կանխակալ կարծիք, բայց հենց սրանում է Եվրաքվեի նշանակությունը։ Հիմա, հենց հիմա ՀՀ քաղաքացուն ոչ ոք չի կարող ստիպել գնալ կամ չգնալ ու հենց դրանումն է ազատության մեծ ու ինչ որ տեղ նաև վախեցնող շունչը, երբ քո փոխարեն ոչ ոք ոչինչ չի անելու, այլ դու ես որոշելու և որոշելու հետ մեկտեղ նաև պիտի գնաս այդ որոշման հետևից։ Տասնամյակներով ընտրություն ասվածը ենթադրել է ընդամենը ուղղորդված ու հրամայված քվեարկություն։ Մարդիկ քվեարկել են ու քաշվել մի կողմ։ Մինչդեռ հիմա մարդիկ ոչ միայն կարող են ստորագրել, այլ հետևել, թե ի՞նչ է տեղի ունենում իրենց ստորագրության հետ։
Հիմա հենց այդ պահն է։
Կան նաև այլ, գուցե և չերևացող երանգներ։ Դրանք կրկին առնչվում են ՀՀ քաղաքացու կայացման ու կայունացման հետ։ ՀՀ քաղաքացին, որոշելով ստորագրել, թե ոչ, պետք է որոշի, թե ո՞ւր է ուսզում գնալ։ Այդ որոշումը չպիտի կախված լինի Փաշինյան, թե Քոչարյան երկընտրությամբ։ Այդ երկբևեռ իրավիճակը կարող է քայքայիչ և արժեզրկող դեր ունենալ։ Հայաստանը չի կարող և չպիտի ապրի ընդդեմ Քոչարյան կամ ընդդեմ Փաշինյան կարգախոսով։ Հայաստանի ապագան վեր է ամեն ինչից։ Իսկ ներկայիս ստորագրահավաքը, անկախ իր ելքից, թող փոքր ինչ դաստիարակիչ հետևանք ունենա հենց ՀՀ քաղաքացու համար։ Ի վերջո մի կողմ թողնել վախը և հստակ որոշել, որ ես ուզում եմ, կամ չեմ ուզում, որովհետև․․․․․
Բացի դրանից ՀՀ քաղաքացին նաև ականատեսն է վերջին, առնվազն քսան տարվա կյանքի։ Նա տեսել է, թե ինչ է տեղի ունենում իր երկրի ու հենց իր հետ։ Ականատեսն է ամեն ինչի, ականատեսն է հեղափոխության, պատերազմի, բռնագաաղթի, Արցախի օկուպացման , ականատեսն է բարեկամի ու թշնամու պահվածքի, ականատեսն է իր իսկ պահվածքի։ Ու հիմա պահը չէ պարզապես ասելու «ուզում եմ կամ չեմ ուզում»։ ՀՀ քաղաքացին ի վերջո պետք է հետևություններ անի, թե ինչ է կատարվում իր ու իր երկրի հետ։ ՀՀ քաղաքացին ի վերջո պիտի հասկանա, թե այս ամենից հետո ինչ է պետք անել ու ինչ չէ պետք անել։ Ու իր փոխարեն դա ոչ ոք չի անելու։ Այլևս հնարավոր չէ նստել ու սպասել, որ իշխանությունն ինքը որոշի։ Ո՛չ։ Իշխանությանը պետք է հստակ ասել, թե ինչ է ուզում ՀՀ քաղաքացին, ով էլ ընտրել է իշխանությանը որ նա անի ինչ որ բան ու չանի ինչ որ բան։
Այսօր Եվրաքվեն լակմուսի թուղթ է, որը ցույց է տալու, թե ի՞նչ աճ է գրանցել ՀՀ քաղաքացին իր գիտակցությամբ և մակարդակով։ Այսօր Եվրաքվեն հնարավորություն է տալիս սեփական ձայնը բարձրացնելու։
Եվ այո՛, պետք չէ միամիտ լինել։ Պետք չէ կարծել, որ այս ստորագրահավաքը բավական է ու ԵՄ-ը գալու է մեզ փրկի, գալու է հենց այնպես օգնելու։ ԵՄ-ը փրկարար ծառայություն չէ։ ԵՄ-ը չի գա ու չի փրկի, ԵՄ-ը պատրաստ է աշխատել միայն նրա հետ, ումից պատրաստ է նաև իր բաժին օգուտը ստանալու, բայց ԵՄ-ը կաշխատնի նախ և առաջ նրա հետ, ով իր սեփական կարծիքն ունի, ով ինքն է որոշում, թե ինչ անի, և ինչ չանի։ Իսկ սա լավ առիթ է նաև ԵՄ-ին ցույց տալու , որ ՀՀ քաղաքացին ինքն է որոշելու, թե ուր գնա։
ՀՀ քաղաքացին ուշանում է ամեն օր։ ՀՀ քաղաքացին դանդաղում է ու կորցնում ամեն վայրկյան։ ՀՀ քաղաքացին առանց այն էլ տասնամյակներ է կորցրել ոչինչ չանելով ու խեղճանալով։ Հետևանքը տեսանելի է։ Հիմա այլևս դանդաղելու ժամանակը չէ, հիմա նորից հրաշք սպասելու ժամանակը չէ։ Քաղաքակրթություններ ստեղծած ժողովրդին վայել չէ նստել և ձրիակերի նման ուրիշից օգուտներ սպասել։ Հենց հիմա պահն է, որ ՀՀ քաղաքացին նաև որոշի, թե ինքը ցանկանո՞ւմ է ինչ որ բան որոշել, թե էլի շարունակելու է մնալ հնազանդ կամակատար ու նորից ու նորից կորցնել։
Հիմա մենք երկու ամիս ունենք այդ հարցին պատասխանելու համար՝ պատասխանատվության երկու ամիս։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *