Հայաստան

Բաքուն Հրաժարվո՞ւմ Է Խաղաղության Պայմանագրից

Հաջիզադեն կրկին անդրադարձել էր ՀՀ սահմանադրության փոփոխության հարցին՝ նշելով, որ մինչև դա տեղի չունենա, հնարավոր չի լինի կնքել խաղաղության պայմանագիր: Անդրադառնալով այս հայտարարությանը՝ Ստեփանյանն ասաց. «Սահմանադրության փոփոխության պահանջն անհեթեթություն է: Ես վստահեցնում եմ, եթե վաղը մերոնք համաձայնեն, ասեն այո, մենք փոխում ենք Սահմանադրությունը, նրանք միանգամից այդ նույն օրը նոր պահանջ կառաջադրեն, օրինակ՝ կասեն, որ մինչև ադրբեջանցիները չվերադառնան Հայաստան, մենք չենք ստորագրելու:

Zarkerak.am

Ադրբեջանը չի ուզում խաղաղություն՝ սեղանին դրված պայմաններով. Դավիթ Ստեփանյանը նշում է երկու փաստ, որի պատճառով Բաքուն հրաժարվում է պայմանագրի ստորագրումից

«Այն, որ Բաքվից նման դիրքորոշում սպասելի էր, կարծում եմ՝ ակնհայտ է: Հաջիզադեն ինքն իրեն հակասում է, եթե նրանք անհնար են համարում կնքել պայմանագիր, երբ բոլոր կետերը համաձայնեցված չեն, հարց է առաջանում, ինչու օրինակ՝ Բաքուն առաջարկեց կոմունիկացիաների վերաբացման հարցը պայմանագրից հանել»,- Zarkerak.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարարության ներկայացուցիչ Այխան Հաջիզադեի այն հայտարարությանը, թե հնարավոր չէ խաղաղության պայմանագիրը կնքել, քանի դեռ բոլոր կետերը համաձայնեցված չեն՝ ասաց քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը:

Ստեփանյանի խոսքով՝ Բաքուն երկու պատճառով չի ուզում ստորագրել խաղաղության պայմանագիր. «Մեկն այն է, որ Ռուսաստանը խոչընդոտում է, Ռուսաստանին ձեռնտու չէ, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն լինի, և կա ներքին պատճառ՝ դա Ալիևի իշխանության երկարակեցությունն է, Ալիևին պետք է արտաքին թշնամի: Քանի որ սեփական ժողովրդի թշնամին հենց Ալիևը և իր իշխանությունն է, նրան պետք է, որ սլաքներն ուղղի դեպի այլ ուղղություն: Որևէ նոր բան այստեղ չկա, 2003 թվականից այդ ռեժիմն ապրում է հայատյացությամբ, հրաժարվել հայի կերպարից՝ որպես թշնամի, նա չի կարող: Պարզ է, որ եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվում է խաղաղության պայմանագիր, հային որպես թշնամի ներկայացնելը, առնվազն անհեթեթ է դառնում: Դրա համար ինքն այդ ճանապարհով չի գնում, հիմա հազար ու մի պատճառ կարող են գտնել, որպեսզի այդ պայմանագիրը չստորագրեն»:

Ե՛վ հայկական, և՛ ադրբեջանական կողմից հայտարարում են, որ խաղաղության պայմանագրի 80%-ը համաձայնեցված է: Մեր այն հարցին, թե քննարկման առարկա որ կետերն են մնում՝ քաղաքագետն ասաց. «Ես կարող եմ կռահել, որ խոսքն առաջին հերթին տարածքային ամբողջականության ճանաչման մասին է, որտեղ հստակ նշվելու են 29 743 քառակուսի կիլոմետրն ու 86 600 քառակուսի կիլոմետրը: Երկրորդը՝ արցախցիների իրավունքներն են, որոնք շարունակում են օդում կախված մնալ, էթնիկ զտում է իրականացվել և որևէ կերպ այդ ամենին անդրադարձ չի կատարվել, ես մտածում եմ, որ կան նաև խնդիրներ՝ կապված դելիմիտացիայի-դեմարկացիայի հետ՝ կոնկրետ Ալմա-Աթայի հարցում, մենք ուզում ենք, որ Ալմա-Աթան ևս հիշատակվի խաղաղության պայմանագրում, իրենք երևի ուզում են դրանից խուսափել»:

Հաջիզադեն կրկին անդրադարձել էր ՀՀ սահմանադրության փոփոխության հարցին՝ նշելով, որ մինչև դա տեղի չունենա, հնարավոր չի լինի կնքել խաղաղության պայմանագիր: Անդրադառնալով այս հայտարարությանը՝ Ստեփանյանն ասաց. «Սահմանադրության փոփոխության պահանջն անհեթեթություն է: Ես վստահեցնում եմ, եթե վաղը մերոնք համաձայնեն, ասեն այո, մենք փոխում ենք Սահմանադրությունը, նրանք միանգամից այդ նույն օրը նոր պահանջ կառաջադրեն, օրինակ՝ կասեն, որ մինչև ադրբեջանցիները չվերադառնան Հայաստան, մենք չենք ստորագրելու: Այս ամենն ուղղակի անհեթեթ պատճառաբանություն է, ուղղակի իրենք չեն ուզում գնալ խաղաղության, նրանք սպասում են և փորձում են ստանալ ավելի բարենպաստ պայմաններ, որպեսզի վերջակետը դնեն այնպես, ինչպես իրենք են դա ուզում: Իրենց համար լավ, բարենպաստ պայմաններ լինեն, նորից պատերազմ կհրահրեն, նրանց նպատակը դա է, նրանք չեն ուզում խաղաղություն այն պայմաններով, որոնք այսօր դրված են սեղանին»:

Ադրբեջանից հնչող այն հայտարարությունները, թե իրենք էլ են խաղաղություն ցանկանում՝ Ստեփանյանի խոսքով, միջազգային հանրության աչքին «թոզ փչելու» համար են արվում. «Իրենք չեն կարող ասել, որ խաղաղություն չեն ուզում, մանավանդ իրենց գործած սխրանքներից հետո՝ 44-օրյա պատերազմ, ԼՂ-ում էթնիկ զտում: Իհարկե, նրանք ցույց են տալիս, որ խաղաղասեր են, բայց խաղաղասիրությունն ու ալիևյան ռեժիմն իրար հակադիր հասկացություններ են: Միգուցե Ալիևն ուզում է իր պատկերացրած խաղաղությունը, բայց իր պատկերացրած խաղաղությունը հետևյալն է, որ Հայաստանը չլինի որպես անկախ պետություն, այսպիսի խաղաղություն նա ուզում է»:

Խոսելով նաև վերջին շրջանում հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ կապված ԱՄՆ-ից հնչող հայտարարությունների մասին՝ մեր զրուցակիցն ընդգծեց. «ԱՄՆ-ն ակտիվ է եղել առնվազն վերջին երկու տարվա ընթացքում, այո, այս փուլում ակտիվացում նկատվում է և դա ունի պարզ պատճառ՝ Ռուսաստանի ակտիվացումն է: Ռուսաստանի փոխարտգործնախարար Գալուզինը հանդիպել է Քըլըչի հետ, քննարկել են և՛ կումունիկացիաների վերաբացումը, և՛ հայ-թուրքական հարաբերությունները, հետո Քըլըչը գնացել է Բաքու, այնտեղ էլ են եղել քննարկումներ: Ակնհայտ է, որ Ռուսաստանը փորձում է ակտիվանալ և փորձում է ինչ-ինչ պայմաններ ստեղծել, որպեսզի գործընթացը գնա այն հունով, որը ցանկանում են նրանք, այն է՝ նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, որը վաղուց գոյություն չունի: Այս համատեքստում միանշանակ ամերիկացների ակտիվացման հիմնական պատճառը դա է»:

Ըստ Ստեփանյանի՝ Ալիևին միայն ԱՄՆ-ն կարող է ստիպել, որ ստորագրի խաղաղության պայմանագիր. «Ալիևը փորձում է COP29-ով նոր միավորներ հավաքել սեփական զամբյուղում, փորձում է բարձրացնել սեփական կապիտալիզացիան: ԱՄՆ-ում նախագահական ընտրություններում մենք չգիտենք ինչ արդյունքներ են լինելու, նույնիսկ, եթե Հարիսը հաղթի, այդ ժամանակահատվածը բավականին երկար է տևելու, այսինքն՝ այնպես չէ, որ դեմոկրատները հաղթելու են և միանգամից Ալիևին ասեն գնա ու ստորագրի: Դա էլ է ամիսներ տևելու, մինչև այդ ճնշումն ավելանա, մինչև սկսվեն բանակցություններ, մինչև Ալիևին «բերման ենթարկեն» Վաշինգտոն և այլն, և այլն: Այսօրվա իրավիճակում Ալիևին ստիպել, որպեսզի խաղաղության պայմանագիր կնքի, կարող է միայն ԱՄՆ-ն, եթե նրանք գտնեն, որ դա համապատասխանում է իրենց շահերին»:

Անդրադառնալով նաև Թուրքիայի ազգային հետախուզության ծառայության պետ Իբրահիմ Քալընի այն հայտարարությանը, թե Երևանի և Բաքվի միջև խաղաղությունը կնպաստի «Զանգեզուրի միջանցք»-ի բացմանը՝ Ստեփանյանն ասաց. ««Զանգեզուրի միջանցք»-ը երբևիցե չի եղել և չի լինելու Հայաստանի օրակարգում: Եթե «Զանգեզուրի միջանցք»-ը հայտնվի ՀՀ-ի օրակարգում, դա կնշանակի, որ մենք մեծ խաչ կքաշենք Հայաստանի Հանրապետության վրա, սա մեզ համար գոյաբանական խնդիր է: Իհարկե, թուրքերը, ռուսները և ադրբեջանցիները փորձում են ակտիվացնել այս թեզերը, բայց նորից եմ ասում՝ սեղանին ոչ մի բան չկա, այսօր քննարկվում է կոմունիկացիաների վերաբացումը և ընդհանրապես կոմունիկացիաների վերաբացումը շատ ավելի լայն, կարևոր հարց է, քան հենց հայ-ադրբեջանական հարաբերությունները:

Հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրն ընդամենն այդ ամենի ածանցյալն է, եթե մենք դիտում ենք ավելի լայն կոնտեսքստում: Այնպես որ «Զանգեզուրի միջանցք»-ը Ռուսաստանի վերահսկողության ներքո որևէ մեկին ձեռնտու չէ՝ ներառյալ Թուրքիան ու Ադրբեջանը: Թուրքիային 100%-ով ձեռնտու չէ, Ադրբեջանին կարող է որպես ինչ-որ իրավիճակային լուծում ձեռնտու լինել այն նկատառումով, որ հետագայում նրանք կարող են ռուսների հետ հերթական առևտրի մեջ մտնել և գնել այդ միջանցքը ռուսներից»,- ասաց Ստեփանյանը՝ հավելելով, որ խաղաղության պայմանագրի կնքումից հետո էլ Ալիևը միանգամից փորձելու է միջանցքի հարցն առաջ բերել, բայց դա չի նշանակի, որ այդ հարցն այն լուծումը կստանա, որին Ալիևն է ձգտում:

Աննա Բզնունի

Հոդվածը՝ zarkerak.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *