Ռուսաստանում ճիշտ գնահատել չգիտեն։ Նրանք ճիշտ չեն գնահատում Հայաստանի ներքին դրությունը, նրանք ճիշտ չեն գնահատում նաև Ուկրաինան, երբ կարծում էին, որ իրենց այնտեղ ծաղկեփնջերով են դիմավորելու։ Ու հենց այդ սխալ գնահատումներն էլ տապալման են տանում։
Դանիել Իոաննիսյան
Factor.TV-ը զրուցել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են ՀՀ ԱԱԾ այն հայտարարությունը, որում նշվում էր, որ մի խումբ անձինք են բացահայտվել, ովքեր Հայաստանում նպատակ ունեին իշխանության բռնազավթում իրականացնել, իշխանությունը սեփականացնել։ Ըստ ԱԱԾ հաղորդագրության, այդ անձինք հատուկ ռազմական պատրաստվածություն են ստացել Ռուսաստանի ԱրԲատ բազայում։
Դանել Իոաննիսյանն իր խոսքում նշեց, որ ԱրԲատը հայկական գումարտակ է, թեև անունն այնպես են դրել, որ ասոցացվում է Մոսկվայի հայտնի Արբատ փողոցի հետ, բայց դա ռուսերեն կրճատ «հայկական գումարտակ» բառն է։ Ինչպես հայտնի է, Ռուսաստանում այժմ չկա մասնավոր և անկախ գործող զինված ստորաբաժանում, դրանք բոլորը ենթարկվում են Ռուսաստանի ՊՆ-ին։ Իսկ եթե ինչ որ մարդիկ մարտական պատրաստվածություն են ստանում ՊՆ-ին ենթակա որևէ ստորաբաժանումում, դա նշանակում է, որ ռուսական իշխանությունները չէին կարող տեղյակ չլինել, թե իրենց մոտ ինչ է կատարվում։ Ի վերջո Ռուսաստանը Սուդանը չէ։
Իոաննիսյանն ասաց, որ իր համար անակնկալ չէր այդ ամենը, անակնկալ էր բացահայտումը, հաճելիորեն զարմացած է, որ մեր իրավապահները կարողացել են նման բացահայտում իրականացնել։ Հարկավոր է հասկանալ, որ սա միակ խումբը չէր։ Ամենայն հավանականությամբ բազմաթիվ այդպիսի խմբեր կան և այդ խմբերը հնարավոր է նույնիսկ տեղյակ էլ չլինեն մեկը մյուսի մասին։
Թե ինչ հավանական սցենար կարող էր լինել, Իոաննիսյանը դժվարացավ պատասխանել, ասաց, որ կարելի է ենթադրել դեպքերի մի այնպիսի ընթացք, որ Երևանում ասենք բողոքի ցույցեր տեղի ունենան, ապա իրավիճակը տարվի զինված մակարդակի, իսկ հետո միջամտի, իրականացնի շենքեր գրավելու իր ստացած փորձը և այլն։ Դա միայն ենթադրություն է, բայց այն, որ այդ մարդիկ նման փորձ են ձեռք բերել, խոսում է այն մասին, որ ամենևին էլ խաղաղասիրական ձգտումներից չեն ելել։ Իսկ նրանց պատրաստվածության մակարդակը, ինչպես օրինակ ստի դետեկտորի միջոցով ստուգումներ անցնելը, վկայում է այն մասին, որ դա ոչ թե բանակին է վերաբերում, այլ հատուկ ստորաբաժանումներին։ Դա գործակալ հավաքագրելու արդեն դասական դարձած երևույթ է։ ՊՆ-ը նման բաներով չի զբաղվում, դա հատուկ ծառայությունների ձեռագիրն է։ Ռուսական իշխանությունները, տեսնելով, որ հանրային տրամադրությունների վրա չեն կարողանում ազդել, դիմում են նման մեթոդների։ Բայց նրանք չգիտեն, որ Հայաստանում արդեն հաստատված ժողովրդավարություն կա։ Այն լրիվ կայացած չէ, բայց արդեն իսկ կա, իսկ թեկուզ և անկատար, բայց գոյություն ունեցող ժողովրդավարությունը «պալատական ինտրիգներով» չի ապրում։ Ռուսաստանում ճիշտ գնահատել չգիտեն։ Նրանք ճիշտ չեն գնահատում Հայաստանի ներքին դրությունը, նրանք ճիշտ չեն գնահատում նաև Ուկրաինան, երբ կարծում էին, որ իրենց այնտեղ ծաղկեփնջերով են դիմավորելու։ Ու հենց այդ սխալ գնահատումներն էլ տապալման են տանում։
Հայաստանում գտնվող ռազմաբազան պետք է դուրս բերվի, կարծում է Իոաննիսյանը։ Նրանք մեզ չեն պաշտպանելու; Նա ռուսները մեզ վաղուց են դավաճանել, երկրորդն էլ ռուսները հիմա իրենք անվտանգության հետ խնդիրներ ունեն, մեզ ինչպե՞ս են պաշտպանելու։ Եթե կարող են պաշտպանել, թող Կուրսկի մարզը պաշտպանեն։ Իսկ ռազմաբազան պետք է դուրս բերվի, որ մենք գոնե կարողանանք նորմալ սպառազինություն ստանալ արևմուտքից։ Դեռևս միայն Ֆրանսիան, այն էլ մեծ դժվարությամբ է մեզ ինչ-որ բաներ տվել, իսկ ԱՄՆ-ը մեզ առհասարակ որևէ զենք չի տալիս։ Եվրոպական մի շարք երկրներերկար բարակ բանակցություններից հետո միայն համաձայնվեցին մեզ օպտիկական նշանոցներ վաճառել, պարտադիր պայմանով, որ դրանք ռուսների ձեռքում չեն հայտնվելու։ Հարկավոր է հասցնել Ռուսաստանից ունեցած կախվածությունը կրճատել, քանի դեռ ուշ չէ, որովհետև բացառված չէ, որ ռուսները վաղը կարող են Ուկրաինայում ինչ որ հաջողություններ արձանագրել, դառնալ ավելի ուժեղ և արդեն սկսել պայմաններ թելադրել այստեղ։ Հիմա չի անում որովհետև չի կարողանում, բայց վաղը կարող է արդեն ուշ լինել։ Ռուսներից պոկվելը կարող է ցավոտ լինել, բայց ուղեծրում մնալը էլ ավելի վատ է լինելու։
Իոաննիսյանը նաև անդրադարձավ ՀՀ խորհրադարանական ընդդիմությանը։ Նա ասաց, որ որևէ ապացույց չկա, որ ձերբակալված անձինք խորհրդարանական ընդդիմության հետ որևէ կապ ունեն, միմյանց հետ են աշխատում, բայց մեր ընդդիմության կապը ռուսական վերնախավի հետ այնքան ուժեղ է, որ դա չես կարող չնկատել։ Բացի դրանից էլ հետաքրքիր է, թե ի՞նչ վերաբերմունք ունի ընդդիմությունը այս ամենի նկատմամբ։ Նրանք իհարկե կհերքեն իրենց և այդ խմբավորման միջև հնարավոր կապի առկայությունը, բայց արդյո՞ք կդատապարտեն նման երևույթը։ Անձամբ իր համար դա դատապարտելի երևույթ է, երբ օտար երկիրը փորձում է իշխանություն զավթել, ինչ որ գործողություններ անել Հայաստանում, անկախ նրանից, թե օրվա իշխանավորը Փաշինյա՞նն է, թե Սարգսյանը։
Ամբողջական հարցազրույցը՝ 168.am կայքից։