Հայաստան

Հիշողություններ Միֆական Հայաստանի Մասին

Հակոբ Տեր-Խաչատուրյանը Հայաստանի անցյալի մասին ինչ որ բան գիտե՞, թե նրան մի քանի բառով ինչ որ բան են պատմել, նա էլ հավատում է։ Որովհետև հնարավոր չէ, որ Հայաստանի ունեցած տասնամյակների աղետի մասին այդքան մեծ գովասանքով խոսել։

Մեր Ուղին

ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանը լրագրողների հարցերին, մասնավորապես այն դիտարկմանը, որ այսօր մենք անկախությունը պաշտպանելու կարիք ունենք, նշել է, որ անկախությունը մեր ամենամեծ արժեքն է, որն աներկբայորեն ամենամեծ ջանքերով պիտի պահպանվի, բայց ցավոք այսօր Հայաստանի գոյությունն է վտանգի տակ։ Պարոն Տեր-Խաչատուրյանը նաև մի քանի դիտարկումներ է արել առ այն, որ այս իշխանություններից առաջ մենք հզոր բանակ ունեինք, զարգացող երկիր էինք, լավ արտաքին քաղաքականություն ունեինք, միջազգային բարձր վարկ և բարի համբավ, իսկ այսօր այդ ամենը չկա։
Մի կողմից ներկայիս իշխանություններին շատ հարցերում կարելի է մեղադրել, մյուս կողմից էլ զարմանալի է, որ ներկայիս իշխանությունների բաժին մեղքին Հակոբ Տեր-Խաչատուրյանը փորձում է ավելացնել այն ամենը, ինչը կուտակվել է հենց նախկինների օրոք։ Ըստ էության, սա նորից դառնում է ներկա-նախկին կռվի մի մաս, երբ ներկաները նախկիններին են մեղադրում, իսկ ներկաները նախկիններին, բայց չէ՞ որ պարոն Խաչատուրյանը, խոսելով 2018թ․ առաջ գոյություն ունեցած իրավիճակի մասին, նշում է այնպիսի բաներ, որոնք, մեղմ ասած գոյություն չունեին։ Հզոր բանակ, զարգացող երկիր, տնտեսություն, միջազգային բարձր վստահություն և հաջող արտաքին քաղաքականություն։ Դա իրո՞ք ՀՀ-ին է վերաբերվում։ Հակոբ Տեր-Խաչատուրյանը տեղյա՞կ է 2018թ․ առաջ գոյություն ունեցած աննախադեպ կոռուպցիայի, բանակում տեղի ունեցող աղաղակող թալանի ու քրեական ծանր վիճակի, Հայաստանի տնտեսության շարունակական ճգնաժամի, ամեն տարի շարունակվող թալանի ու Հայաստանի նկատմամբ վստահության պակասի մասին։ Հակոբ Տեր-Խաչատուրյանը չգիտի՞, որ միլիոնից ավել մարդ է հեռացել ու չի վերադարձել Հայաստանից դեռ նախկինների օրոք, չգիտի՞, որ Հայաստանին լուրջ չէին վերաբերում, այնքան, որ բոլորն էլ ընդունում էին, որպես Ռուսաստանի գաղութ, որն ի վիճակի չէ սեփական ցանկություն ունենալու։ Կամ գուցե տեղյակ չէ, որ մի քանի տարի դեպի ԵՄ արշավ նախաձեռնած Սերժ Սարգսյանը ընդամենը մեկ գիշերում՝ 2013-ի սեպտեմբերի երեքին, հանկարծ որոշում ընդունեց ՀՀ-ը մտցնել ԵԱՏՄ կազմ, որով և արևմուտքը ձեռքը թափ տվեց ու մեզ համարեց էլ ավելի անլուրջ մի երկիր, որի խոսքին հավատալ չի կարելի։ Սա՞ էր հաջող արտաքին քաղաքականությունը։ Կամ որ նշում է, թե Արցախի հարցում ավելի լավ արտաքին քաղաքականություն։ Դա ո՞րն էր։ Արցախը բանակցային գործընթացից հանե՞լը, թե տարիներ շարունակ Արցախի յոթ շրջանները հանձնելու մասին բանակցելը, բայց հետո Երևան գալն ու հոխորտալը, որ «հող հանձնողին հանձնենք հողին»։
Հակոբ Տեր Խաչատուրյանը Հայաստանի անցյալի մասին ինչ որ բան գիտե՞, թե նրան մի քանի բառով ինչ որ բան են պատմել, նա էլ հավատում է։ Որովհետև հնարավոր չէ, որ Հայաստանի ունեցած տասնամյակների աղետի մասին այդքան մեծ գովասանքով խոսել։ Դեռ մի բան էլ նշել, որ վերականգնելու են ազգային արժանապատվությունը։
Կամ, որ Հակոբ Տեր-Խաչատուրյանը նշում է, որ կազմակերպվող Գագաթնաժողովը ավելորդ և ոչ օգտակար է, քանի որ այնտեղ մասնակցող նորմալ ու պիտանի մարդ չկա՝ ոչ Հայաստանից ոչ էլ Սփյուռքից, որ մասնակցողների մի մասը կեղծ, մյուս մասն էլ իրենից ոչինչ չներկայացնող մարդիկ են։
Դե եթե Հակոբ Տեր-Խաչատուրյանին դուր է գալիս հենց այդպես մարդկանց ոչնչություն համարելը, թող համարի, բայց գուցե արժե մասնակցե՞լ այդ գագաթնաժողովին, ոչ թե մերժել, որովհետև դա քո ենթակայության տակ չէ։
Ներկայիս իշխանությունները մեծ խնդիրներ ու սխալներ ունեն՝ արտաքին քաղաքականությունից մինչև տնտեսություն, ավելորդ է նշել արդարադատության խայտառակ ու անատամ վիճակի մասին, բայց ներկաներին մեղադրելով նախկինները չեն սրբանում։ «Մեղր ասելով չես կշտանա», բայց ՀՅԴ-ում կարծես որոշել են մոռանալ ամեն ինչ ու մեղադրել միայն ներկաներին, մինչդեռ նախկինների արածը հիշել պետք է ոչ թե մեղադրելու, այլ հասկանալու ու արժեվորելու համար։ Որովհետև քանի դեռ չես հասկացել, թե ինչ ես արել, չես կարող ուղղել սխալներդ։ Իսկ գուցե հասկանցել են, դրա համար են այդպես համառորեն գունազարդում իրենց իսկ ձեռքերով գունաթափված անցյալը։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *