Երբ երգում ու գոռում էինք, որ «իրավունքը ուժն է միայն» ու ոչինչ չէինք անում ուժեղանալու համար, թեև տեսնում էինք, որ մեր թշնամիները ուժեղանում են ժամ առ ժամ։ Ըստ մեր տրամաբանության, որ ուժն է որոշում իրավունք, մեր թշնամիները ուժով որոշեցին, որ իրավունք ունեն։ Հիմա մենք ինչի՞ց ենք բողոքում, որ այդ տրամաբանությունը մեր դեմ աշխատե՞ց, թե որ ուժեղները մեզ մարդատեղ չդրին ու հիմա Արցախի հաշվով ամենաշատը որ կարելի է լսել՝ արցախցիների իրավունքն է, բռնագաղթի ենթարկվելու փաստը։
Արայիկ Մկրտումյան
44- օրյա պատերազմի, Արցախի ու վերջին չորս տարիների մասին ինչքան էլ մտածես ու խոսես՝ քիչ կլինի։ Ոչ միայն այն պատճառով, որ տեղի ունեցածը կուլ տալ հնարավոր չէ, որովհետև այն սարսափելի ծանր է, այլև այն պատճառով, որ մինչև հիմա չենք հասկանում, թե ինչու նման բան եղավ։ Հակընդդեմ խմբերը միշտ էլ կարող են պատասխանատվությունը միմյանց ուսերին բարդել, ավելի սառը կամ ցինիկ մարդիկ կարող են ասել, որ պատերազմները մարդկությանն ուղեկցող ամենօրյա երևույթ են, հենց հիմա էլ երկու մաշող պատերազմ կա՝ ռուս-ուկրաինականն ու պաղեստինա-իսրայելյանը, դեռ չասած, որ աշխարհի տարբեր անկյուններում միշտ չհայտարարված փոքր զինված բախումներ են տեղի ունենում ու հայերն էլ վերջին մի քանի հազար տարում ընդամենը մեկ դեպք է եղել, որ գոնե 50 տարի պատերազմ չլինի, այնպես, որ Արցախի հետ կատարվածը ամենասարսափելին չէ։ Բայց ոչ։ Տեղի ունեցածը սարսափելի է ամեն առումով՝ մարդկային կորստից ու հայրենազրկումից մինչև բարոյական իջեցում ու քաղաքական կոպիտ սխալներ։
44-օրյայի մասին խոսելիս մենք միշտ մի բան ենք նշում․ աշխարհը մեզ չօգնեց։ Միաժամանակ մենք նշում ենք, որ աշխարհը օգնում է Ուկրաինային՝ գումարով, զենքով։ Այնպես չէ, որ այդ օգնությունն Ուկրաինային հաղթանակ է տալիս, բայց միանշանակ փրկում է պարտությունից։ Առայժմ։ Մնացածը հետո կերևա։ Ու բնականաբար հարց է առաջանում, թե ինչո՞ւ արևմուտքը, որ անհաշվելի գումարներ ու զենք է տալիս Կիևին, նույնը չարեց Արցախի պարագայում։ Հարցը միայն քաղաքակա՞ն էր, թե էլի ինչ որ անտեսանելի բաներ կան, որ չենք նկատում կամ չենք ուզում նկատել։ Կարծիքներ կան, որ Ուկրաինայի վրա ռուսական հարձակման առաջին շրջանում, երբ ուկրաինացիները ծանրագույն վիճակում էին, արևմուտքը ևս որոշել էր գետում ալյուր չմաղել, այլ կերպ ասած չաջակցել տապալված ձեռնարկի, բայց երբ ուկրաինացիները ցույց տվեցին, որ նրանք չեն հանձնվելու, կռվելու են մինչև, արևմուտքը ևս հասկացավ, որ Ուկրաինայում դեռ ոչինչ ավարտված չէ ու սկսեց զինել, օգնել, արգելափակել ռուսական ակտիվները, պատժամիջոցներ սահմանել և այլն։ Բայց այդտեղ ևս թեր ու դեմ կարծիքներ կան։ Այո՛, կարելի է ասել, որ ուկրաինացիների ձեռքով ռուսների դեմ կռվելը այնքան էլ ազնիվ բան չէ, որ Ուկրաինան ավերվում է, բայց հաստատ է նաև այն, որ եթե Ուկրաինան չկռվեր, նա արդեն պարտված էր լինելու։ Ու հետո արդեն կարևոր չէ, թե ձևակերպումներն ինչպես կհնչեին․ կամ պարտվում ես, կամ ոչ։ Ուկրաինան այս պահին պարտված չէ։ Գոնե այս պահին պարտված չէ։
Վերադառնանք 44-օրյային։ Մի՞թե հայերը չէին կռվում։ Մի՞թե հայերը հանձնվում էին կամ փախչում։ Իհարկե ոչ։ Չէ որ հայերն այնպես էին կռվում, որ հույներն ասացին, որ «հայերը հերոսների նման չեն կռվում, հերոսներն են հայերի նման կռվում»։ Ուրեմն ի՞նչն էր բացթողումը։ Ո՞րն էր այն սխալը կամ վրիպումը, որ հայերը կռվեցին, ընդ որում տասնապատիկ ավելի մեծ ուժի դեմ, բայց մնացին միայնակ, ոչ ոք ոչնչով չօգնեց, իսկ Ուկրաինան, որ կռվում է նույնպիսի տասնապատիկ ուժեղի դեմ ստանում է ամեն տեսակ աջակցություն։ Սա չի նշանակում, որ Ուկրաինային օգնեք կամ մի օգնեք, սա հարց է, որ ինքներս հասկանանք, թե ի վերջո ի՞նչն էր խնդիրը։
Իսկ գուցե խնդիրը ոչ թե կռվել-չկռվելու մեջ էր, այլ նրա, թե ինչ էին խոսում ուկրաինական դեմքերը և ինչ՝ հայկական։ Գուցե խնդիրն այն էր, որ Ուկրաինան երբեք չհայտարարեց, որ բանակցում է Ղրիմի շրջանները ռուսներին վերադարձնելու համար, կամ Ուկրաինան չուներ այն դիվանագիտական-քաղաքական խնդիրները ինչ որ ունեինք և ունենք մենք։ Գուցե կարևոր էր այն, թե ինչի մասին են խոսում հայ ղեկավարները ադրբեջանցիների հետ 1994թ․ հետո, բայց մենք այդպես էլ անտեղյակ էինք դրա մասին։ Ու գուցե խնդիր էր նաև այն կարճամիտ աղվեսությունը, որ մենք ունեինք այն մտաքով մշտապես կարելի է բոլորի քթից բռնած ման տալ ոը ջրից չոր դուրս գալ։ Ու գուցե հենց այդ ամենի հետևանքն է այն, որ մենք քննարկում ենք հայրենիք-պետություն հարցեր, կես բերան ծաղրում ենք հայկական «իմպերիալիզմը», հերթով հայ չոր առաջնորդներին դավաճան ու լրտես ենք համարում, փիլիսոփայական մեջբերումներ ենք անում ու «կռկռում» Հայաստանի վրա, փորձում ենք խելացի դեմքով ինչ որ բաներ ասել և դրանով էլ բավարարել մեր մեջ առաջացած հասարակական-պետական այն «սև խոռոչը», որ հիմա ունենք։
Մենք առաջներում երբևէ չենք էլ հետաքրքրվել, թե համաշխարհային քաղաքականությունն ինչ է, չենք փորձել։ Մենք երգել ենք, որ «ուժեղի մոտ թույլն է մեղավոր», որ «մուրճ կամ զնդան պիտի լինի», «Ուժն է ծնում իրավունքը» ու գնացել ենք մեր կենցաղային մանր-մունր գործերով։ Այո՛, կենցաղային։ Ու նշանակություն չունի, որ սովորական մարդը մի քանի հազար դրամ է աշխատել, իսկ կաշառակեր պաշտոնավորը՝ մի քանի տասնյակ մլն։ Սկզբունքը նույնն էր։ Միայն թե մեկն աշխատում էր, մյուսը՝ գողանում։ Բայց երկուսով էլ երգում էին։ Դրանից էր մեր խնդիրը մետաստազներ տալիս։ Երբ երգում ու գոռում էինք, որ «իրավունքը ուժն է միայն» ու ոչինչ չէինք անում ուժեղանալու համար, թեև տեսնում էինք, որ մեր թշնամիները ուժեղանում են ժամ առ ժամ։ Ըստ մեր տրամաբանության, որ ուժն է որոշում իրավունք, մեր թշնամիները ուժով որոշեցին, որ իրավունք ունեն։ Հիմա մենք ինչի՞ց ենք բողոքում, որ այդ տրամաբանությունը մեր դեմ աշխատե՞ց, թե որ ուժեղները մեզ մարդատեղ չդրին ու հիմա Արցախի հաշվով ամենաշատը որ կարելի է լսել՝ արցախցիների իրավունքն է, բռնագաղթի ենթարկվելու փաստը։ Աշխարհի համար դա չեղած մի խնդիր է, մանավանդ, որ Արցախն էլ չկա։ Ատամից էլ են պրծել, ատամնացավից էլ։ Իսկ աշխարհի ու Ադրբեջանի համար խնդիր չէ Ալիևի թևերը մի օր ոլորել, դատել արցախցիների դեմ գործած հանցանքի համար ու վերջ, երբ իհարկե Ալիևը սկսի կանոններից դուրս խաղալ։ Դա մի կողմ։
Այլ խնդիր է նաև այն, որ 1994թ այս կողմ գոնե մեկ անգամ մենք մեզ հարց չենք տվել, որ պատմական հանցանքի հետևանքով Արցախը «դարձել է» Ադրբեջանի մաս։ Մենք երբևէ չենք փորձել լուրջ մակարդակով ցույց տալ, որ Արցախի կարգավիճակը չի կարող ադրբեջանական լինել, այն հայկական է, բայց ոչ թե «Հայաստան է ու վերջ» մեծամիտ հոխորտանքով, այլ գիտականից մինչև քաղաքական ձևով։ Իսկ Ուկրաինան այդ խնդիրը գոնե չուներ։ ՄԱԿ-ը Ղրիմը ճանաչում է որպես Ուկրաինա, ՄԱԿ-ը ընդունում է, որ ռուսներն են հարձակվել ուկրաինացիների վրա։ Հիմա մենք գոռում ենք մեր իրավունքների մասին, երբ բանը բանից անցել է, իսկ երբ բանակցում էինք տարածք հանձնելու մասին, երբ քաջ գիտեինք, որ մի օր Արցախի կարգավիճակը աշխարհում «ադրբեջանական է», մատներս մատներիս չտվինք դա փոխելու համար։ Մենք չհասկացանք կամ չուզեցինք հասկանալ, որ եթե «ուժն է ծնում իրավունք», ապա կամ ուժեղ պիտի լինես կամ ուժեղի հետ պիտի լինես։ Մեր «ուժեղները» սրճարաններում մարդ էին սպանում ծուռ նայելու ու թթու խոսքի համար, մեքենա ու տուն էին պայթեցնում, ծեծում էին ու վախեցնում։ Դա էր ուժի մասին մեր պատկերացումները։ Մեր հասարակական ընկալումները ուժեղի մասին քրեականից այն կողմ չէր գնում։ Մենք սովոր էինք ասելու, որ «ճիշտը մի հատ է ու մեր գրպանում է»։ Տեսա՞նք այդ ճիշտը, գո՞հ ենք դրանից։ Գո՞հ ենք, որ մեզ հետ քրեական մակարդակի էլ լուծեցին հարցերը։ Չէ, գոհ չենք, բայց չէ՞ որ դա էինք անում ինքներս մեզ հետ։
Ուրեմն էլ ինչո՞ւ ենք զարմանում, որ մեկին օգնում են, իսկ մյուսին՝ ոչ։ Ինչո՞ւ ենք զարմանում, որ մեր պատկերացրած տրամաբանությունն աշխատել է․․․․բայց մեր դեմ, ինչո՞ւ մինչև հիմա չենք ուզում հասկանալ, որ Արցախի հարցում մեր պատկերացումը սխալ էր հենց սկզբից, երբ կռվելով հանդերձ՝ չփորձեցինք խոսքով պահել զենքով ձեռք բերածը։ Իսկ դրան զուգահեռ՝ ուժեղանալ, որովհետև ինքներս էինք երգում, որ «զենքով կա հայոց փրկություն», զենքով, ոչ թե երգով։ Իսկ ինչո՞ւ չուժեղացանք։ Ինչո՞ւ որպես պետություն շարունակեցինք մնալ ինչ որ կիսատ պռատ մարմին։ Ինչո՞ւ։ Ու եթե մենք վստահ էինք, որ ուժն է որոշելու իրավունքը, ապա ինչո՞ւ այսպես աննահանջ կերպով Հայաստանը չոքեցրինք։ Ենթադրենք, թե Նիկոլ Փաշինյանը թուրքական գործակալ է, եկել է Հայաստանն ավերելու։ Այդ դեպքում ինչո՞ւ երկիրն այն օրին հասցրինք, որ թուրքական գործակալը նախընտրելի լինի հայ թալանչիից։ Իսկ գուցե այդ գործակալական մեղադրանքը ևս մեկ ինքնաարդարացման մեթոդ է։ Կամ մի՞թե մի Նիկոլ Փաշինյան կարող էր համաշխարհային մակարդակով այսպես հարցեր լուծել։ Որոշել Արցախի հարցը, որ 20 տարի ԵԱՀԿ համանախագահները չէին կարողանում։ Իսկ գուցե Արցախը մեզ ուղղակի պետք չէր ու մենք մեր նկատմամբ այսպիսի հրեշավոր դավադրություն իրականացրինք, որ մեր կեղտոտածը թաքցնենք Արցախի փլատակների տակ։
Ընդ որում, հիմա էլ, երբ փորձում ենք հասկանալ, թե պատերազմից հնարավոր էր խուսափել թե ոչ, շարունակում ենք հավատալ այն մոլորության, որ եթե յոթ շրջանները հանձեինք, ապա պատերազմ չէր լինի։ Դրա մասին խոսում են ոչ միայն հասարակ մարդիկ, այլ նույնիսկ ՀՀ վարչապետը։ Փաշինյանն ինքն է հայտարարել, որ իր ամենամեծ սխալն այն է, որ ինքը չի համաձայնել տարածքների հանձնմանը ու պատերազմ է սկսվել։ Եթե իրոք Փաշինյանն է անգամ հավատում այդ հիմարությանը, ապա մենք մեծ, շատ մեծ խնդիր ունենք։ Որովհետև Ադրբեջանին յոթը շրջանները պետք չէին։ Ադրբեջանին պետք էր ողջ Արցախը։ Յոթ շրջանները շատ լավ միջոց էին Բաքվի ձեռքում` ժամանակ ձգձգելու, նույն բանը տարբեր ձևով քննարկելու և մերժելու, իսկ 2016֊ից հետո երբեք որևէ լուրջ քաղաքական տիրույթում կասկած չի եղել, որ Ադրբեջանը ցանկանում է վերցնել ողջ Արցախը, ոչ թե յոթ շրջաններ։ Ու արդեն 2020֊ին Ադրբեջանն անցավ գործի։ Նիկոլ Փաշինյանը համաձայնվել, թե չհամաձայնվեր, դա արդեն ոչ ոքի պետք չէր, որովհետև Ադրբեջանն արդեն իրեն ապահովել էր ռազմական ու քաղաքական առումով։ Ամեն ինչ պատրաստ էր պատերազմի համար, բայց մենք նորից շարունակում էինք ոչինչ չտեսնել ու չլսել։ Երբ 2019թ Արցախը արդեն հայտնվել էր դիվանագիտական մեկուսացման մեջ, մենք էլի ոչինչ չտեսանք ու չհասկացանք։ Դա հասկանում էր Սերժ Սարգսյանը, երբ ասում էր, որ «Ստեփանակերտ, Ստեփանակերտ ենք երգելու» ու դա ասում էր դեռ մինչև Փաշինյանի վարչապետ դառնալը։ Ինչ վերաբերվում է Փաշինյանին, ապա նա ոչ ոք էր Արցախի հարց լուծել֊չլուծելու համար։ Փաշինյանը ոչ ուժ, ոչ լծակներ, ոչ էլ հնարավորություն ուներ որոշելու Արցախի ճակատագիրը։ Բայց Փաշինյանն էլ օգտագործեց ռազմահայրե անիրական խոսույթը և բղավում էր, որ «Արցախը Հայաստան է և վերջ»։ Արդյո՞ք նա հասկանում էր, թե ինչ է ասում, որովհետև նա գոնե մեկ խորհրդական պիտի ունենար, որ ամբողջությամբ կհասկանան, թե ինչ է կատարվում։ Արցախի ճակատագիրը մեկ մարդ չորոշեց, այլ վերջին տասնամյակների անգործությունը, հիմարությունը, ագահությունը, անտեղյակությունը, հույսը սրա֊նրա վրա դնելը։
Ուկրաինայի հետ համեմատվել պետք չէ։ Արցախ և Ուկրաինա՝ տարբեր ճակատագրեր են։ Բայց նույնն է սկիզբը՝ կամ պայքարում ես, կամ՝ ոչ։ իսկ պայքար ասվածը միայն զենքը չէ, զենք իր տեղն ու դերն ունի։
Մնում է միայն մեծագույն ափսոսանքով նորից աղոթել բոլոր ընկածների հոգու համար, հասկանալ, որ մեր կյանքը նաև նրանց է պատկանում ու մենք պիտի այնպես ապրենք, որ նրանց մեծագույն զոհը անիմաստ չմնա։