Հայաստան

Ռուսական Աննախադեպ Ապատեղեկատվական Բացահայտումը

Միայն 2023 թվականի նոյեմբերից 2024 թվականի օգոստոսը Doppelganger-ը ստեղծել է ավելի քան 700 կեղծ կայք, ինչը նախագծին դարձրել է Ռուսաստանի ամենամեծ դեզինֆորմացիոն ֆաբրիկաներից մեկը։

foreignaffairs.com

Պրոֆեսոր Թոմաս Ռիդը ռազմավարական ուսումնասիրությունների գծով The Foreign Affairs-ի համար. «Սուտը, որը Ռուսաստանը ասում է ինքն իրեն»:

Երկրի քարոզիչները թիրախավորում են Արևմուտքը, բայց մոլորեցնում են նաև Կրեմլին։

Սեպտեմբերի սկզբին հայտնի ռուսական ապատեղեկատվական նախագիծը, որը հայտնի է որպես «Երկվորյակ», կրկին հայտնվեց նորությունների կենտրոնում: Doppelganger նախագիծը՝ սխեմա, որը տարածում էր կեղծ հոդվածներ, տեսանյութեր և հարցումներ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Գերմանիայում և Ուկրաինայում քաղաքական և մշակութային հարցերի շուրջ, առաջին անգամ բացահայտվեց 2022 թվականին և լայնորեն լուսաբանվեց արևմտյան մամուլում: Նախագիծը կրկնօրինակում էր լրատվական կազմակերպությունների ամբողջական կայքերը՝ ներառյալ լոգոտիպերը և իրական լրագրողների կենսագրությունները ՝ ստեղծելով իր կեղծ պատմությունները, մեմերն ու ծաղրանկարները, որոնք գայթակղում էին պատահական ինտերնետ օգտագործողներին՝ նրանց սոցիալական ցանցերում ավտոմատացված գրառումներով ուղղորդելով դեպի այդ կայքերը:

Տեխնոլոգիական ընկերություններն ու հետազոտական լաբորատորիաները մանրակրկիտ հետևել են Doppelganger-ի որոշ հետքերի և հեռացրել դրանք ինտերնետից, և նույնիսկ բացահայտել են մոսկովյան մասնավոր ընկերությունը, որը պատասխանատու էր այդ արշավների համար՝ Սոցիալական դիզայնի գործակալությունը:

Սակայն ապատեղեկատվական արշավները շարունակվում էին, և սեպտեմբերի 4-ին ԱՄՆ արդարադատության նախարարությունը, դրանց դեմ պայքարելու համար, հայտարարեց Doppelganger արշավի համար օգտագործվող 32 ինտերնետային տիրույթների բռնագրավման մասին և հրապարակեց աննախադեպ 277 էջանոց հայտարարություն (ՀԴԲ գրավոր ցուցմունքներ), որն ընդգրկում էր 190 էջ ներքին փաստաթղթեր SDA-ից, որոնք, ամենայն հավանականությամբ, ձեռք էին բերվել ամերիկյան լրտեսների կողմից:

Այնուհետև, 12 օր անց, գերմանական օրաթերթ Süddeutsche Zeitung-ը հաղորդեց, որ օգոստոսի վերջին անանուն աղբյուրից ստացել է SDA-ի ներքին փաստաթղթերի մեծ քանակ: Օր առաջ, մինչ ՀԴԲ կհրապարակեր ցուցմունքներն ու կից ֆայլերը, դրանց մի մասը համընկնում էր արտահոսքի հետ: Süddeutsche Zeitung-ը ինձանից խնդրեց մեկնաբանել արտահոսքը իր հետաքննության համար, քանի որ ես արդեն գրեթե տասը տարի ուսումնասիրում եմ և գրում ապատեղեկատվության և քաղաքական պատերազմի մասին:

Ես հետաքրքրվեցի, թե արդյոք աղբյուրը կթույլատրեր ինձ ստանալ SDA-ի բոլոր 2,4 գիգաբայթ փաստաթղթերը, և աղբյուրը համաձայնեց: Մինչ այս վերջին բացահայտումները՝ ավելի քան 3000 առանձին ֆայլեր, դիտորդները կարող էին միայն ենթադրություններ անել ժամանակակից ռուսական ապատեղեկատվական արշավների նպատակների, կոնկրետ մեթոդների, վարպետության և բյուրոկրատական ընթացակարգերի վերաբերյալ:

ՀԴԲ ցուցմունքները և եվրոպական մամուլում արտահոսքը թույլ տվեցին անել աննախադեպ բան. հայացք նետել հետսառը պատերազմի դարաշրջանի ամենահայտնի ապատեղեկատվական արշավներից մեկի պլանավորմանը:

Դեռ երբեք չի եղել այսքան մեծ ծավալի ներքին փաստաթղթերի արտահոսք դեզինֆորմացիայի ոլորտում ակտիվ գործող խոշոր խաղացողից: Վերջերս հրապարակված նյութերը պարունակում են նախագծերի ծրագրեր, առաջարկներ, բյուջեներ, ամենօրյա առաջադրանքներ, հիմնական արդյունավետության ցուցանիշներ և քվոտաներ, կատարված աշխատանքի հաշվետվություններ, արդյունավետության չափանիշներ, դեզինֆորմատորների մասնավոր էլեկտրոնային նամակներ կառավարության պաշտոնյաներին, Կրեմլում անցկացված հանդիպումների արձանագրություններ, հարյուրավոր նպատակային երկրների ԶԼՄ-ների մոնիտորինգի հաշվետվություններ, հազարավոր արխիվային կեղծ պատմություններ, նոր կեղծիքների գաղափարներ և նույնիսկ շքեղ գովազդային հոլովակ, պատրաստված Ռուսաստանի նախագահի աշխատակազմի համար:

Կարևոր է, որ արտահոսքում ներառված են ոչ միայն վերջնական փաստաթղթերը, այլև աշխատանքների նկարագրությունը բոլոր փուլերում: Սովորաբար նման փաստաթղթերը թույլ են տալիս մանրամասն օպերատիվ տեղեկատվություն ստանալ միայն գործողությունների ավարտից տասնամյակներ անց, երբ հետախուզության արխիվներում հայտնվում են գաղտնազերծված առաջարկություններ և ծառայողական գրություններ կամ երբ նախկին օպերատիվ աշխատողները գրում են հուշագրեր:

Այս տեղեկատվությունը բացահայտում է ոչ միայն տակտիկական, այլև ավելի խորքային դրույթներ, որոնց դիտորդները չէին սպասում և որոնք մինչ այժմ չեն արժանացել պատշաճ ուշադրության հետախուզական վերլուծաբանների և հետաքննող լրագրողների կողմից: Ֆայլերի արտահոսքի ուշադիր վերլուծությունը ցույց է տալիս, որ թեև Ռուսաստանը օգտագործում է նոր տեխնոլոգիական մեթոդներ դեզինֆորմացիան տարածելու համար, երկրի հիմնական մեթոդներն ու նպատակները մնում են նույնը, ինչ սառը պատերազմի ժամանակաշրջանում:

Փաստաթղթերը նաև հաստատում են, որ Արևմուտքի լսարանը մոլորեցնելու փորձերը կարող էին մոլորեցնել նաև սեփական ղեկավարությունը և ռուսական կառավարությանը «Երկվորյակ» արշավների արդյունավետության վերաբերյալ:

Եվ, թերևս, ամենակարևորը. փաստաթղթերը հաստատում են, որ Doppelganger-ի քարոզիչներին մեծագույն խթան տվեց նրանց ծրագրի նկատմամբ Արևմուտքում ծագած տագնապալից լուսաբանումը:

Այս բացահայտումը ցույց է տալիս հիմնական ճշմարտությունը՝ ով ցանկանում է պայքարել դեզինֆորմացիայի դեմ (թեկուզ դա լինի Ռուսաստանից կամ որևէ այլ տեղից), պետք է սկսի բոլորովին այլ կերպ մտածել, թե ինչպես կարելի է դիմակայել նման արշավներին։

SDA-ի (Համացանցային հետազոտությունների գործակալություն) աշխատանքների մասին առաջին անգամ հայտնի դարձավ 2022 թվականին, հավանաբար, գրեթե անմիջապես այն բանից հետո, երբ Doppelganger-ը սկսեց գործել:

Այդ տարվա ապրիլին Meta-ն` Facebook-ի և Instagram-ի մայր ընկերությունը, իր եռամսյակային հաշվետվությունում հայտնեց, որ հեռացրել է իր հարթակներից «մոտ 200 հաշիվների ցանց, որոնք ղեկավարվում էին Ռուսաստանից»: 2022 թվականի օգոստոսին գերմանացի հետաքննող լրագրողները հայտնաբերեցին մոտ 30 կեղծ լրատվական կայքեր, այդ թվում՝ երկրի խոշորագույն լրատվամիջոցները՝ Frankfurter Allgemeine, Der Spiegel և Bild, ինչպես նաև բրիտանական Daily Mail-ը և ֆրանսիական 20 Minutes-ը:

Նոր փաստաթղթերի արտահոսքը ցույց է տալիս, որ 2022 թվականի մայիսի կեսերից մինչև հուլիսի կեսերը SDA-ն, օրինակ, տարածել է 3 161 մեկնաբանություն սոցիալական ցանցերում՝ գովազդելով կեղծ Bild-ի հոդվածները, և 3 277 հղում Daily Mail-ի կեղծիքների վրա:

Ռուսաստանի դաշնային հարկային ծառայության տվյալներով, SDA-ն գրանցվել է որպես ընկերություն 2017 թվականի դեկտեմբերին, իսկ նրա գլխավոր գրասենյակը գտնվում է Կրեմլից յոթ րոպե հեռավորության վրա։

Փաստաթղթերի արտահոսքը ցույց է տալիս, որ 2024 թվականին ընկերությունն ուներ ավելի քան 100 աշխատակից, ներառյալ 18 ադմինիստրատոր կենտրոնական գրասենյակում, 8 գրող և խմբագիր, 12 աշխատակից մամուլի մոնիտորինգի համար, 20 աշխատակից սոցիալական ցանցերի մոնիտորինգի համար, 7 թարգմանիչ, 3 մեմերի և ծաղրանկարների նկարիչ, 4 տեսանյութերի պրոդյուսեր և մի քանի հեռավար աշխատակից։

Doppelganger նախագծի տեխնիկական աշխատանքի մի մասը կատարելու համար SDA-ն համագործակցել է Struktura ընկերության հետ, որը հիմնադրվել է նույն հիմնադրի կողմից։

SDA-ի կայքում նշվում են մոտ տասնյակ պետական հաճախորդներ, ներառյալ Ռուսաստանի Դաշնության օրենսդրական մարմինները և ՆԳՆ-ն, բայց ոչ Ռուսաստանի նախագահի աշխատակազմը: Նախագահի աշխատակազմը, հավանաբար, ընկերության ամենակարևոր հովանավորն է: Կրեմլը վերահսկում էր SDA-ն, և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը անձամբ է ծանոթացել ստարտափի աշխատանքին, առնվազն մեկ անգամ։

Այն բանից հետո, երբ նախաձեռնությունը բացահայտվեց և կոչվեց «Երկվորյակ» Ալեքսանդր Ալաֆիլիպի կողմից (EU DisinfoLab-ից՝ եվրոպական հետազոտական կազմակերպություն, որը զբաղվում է ապատեղեկատվության ուսումնասիրությամբ), այն արագորեն դարձավ պատմության ամենալայնորեն լուսաբանված ապատեղեկացնող արշավներից մեկը։

2022 թվականից սկսած՝ թերթերը, հետազոտողները, ինչպես նաև Ֆրանսիայի, Գերմանիայի և ԱՄՆ կառավարությունները մեծ ջանքեր են գործադրել՝ բացահայտելու գաղտնի արշավների նոր մանրամասներ: Բավարիայի հետախուզությունը, օրինակ, մուտք է գործել SDA-ի որոշ ներքին տվյալներ և պարզել, որ Doppelganger-ի արշավներն ուժեղացել են 2023 թվականի հոկտեմբերից հետո։

Միայն 2023 թվականի նոյեմբերից 2024 թվականի օգոստոսը Doppelganger-ը ստեղծել է ավելի քան 700 կեղծ կայք, ինչը նախագծին դարձրել է Ռուսաստանի ամենամեծ դեզինֆորմացիոն ֆաբրիկաներից մեկը։

Meta-ն առնվազն ութ անգամ հայտնել է Doppelganger-ի՝ իր հարթակներ ներթափանցելու փորձերի մասին։ 2024 թվականի մայիսին OpenAI-ն հեռացրել է Doppelganger-ին ChatGPT-ից՝ անջատելով այն հաշիվները, որոնք կապվել էին մոսկովյան ընկերության հետ։ Այս ամռանը ԱՄՆ Կոնգրեսի օրենսդիրները նշել են, որ մտահոգված են այն փաստով, որ ռուսական դեզինֆորմացիոն օպերատորները հաջողությամբ ներմուծում են իրենց թեզերը կոնգրեսի անդամների հայտարարություններում։

Բոլոր արտահոսքերին պետք է զգուշությամբ մոտենալ։ Գողացված կամ կոտրված փաստաթղթերի արտահոսքի ժամանակ հնարավոր է, որ դրանց մի մասը կեղծ լինի։ Չնայած մյուս վերջին արտահոսքերը, որոնք կազմակերպվել էին Ռուսաստանի կողմից, օրինակ՝ 2016 թվականին WikiLeaks-ում Հիլարի Քլինթոնի քարոզարշավի ղեկավար Ջոն Պոդեստայի անձնական էլեկտրոնային նամակների հրապարակումը, ի վերջո լիովին իսկական էին։

Վերջերս հրապարակված փաստաթղթերի մանրակրկիտ ուսումնասիրությունից հետո ՖԲՀ հակահետախուզության ներկայիս քննիչները, եվրոպացի լրագրողները, որոնք ուսումնասիրել են այս ֆայլերը, և ես՝ բոլորս համաձայն ենք, որ դրանք իսկական են։

Այս արտահոսած փաստաթղթերի մանրամասն ընթերցումը, ինչպես նաև ՖԲՀ-ի սեպտեմբերյան ցուցմունքները հաստատում են, որ կեղծարարությունը կենտրոնական տեղ է զբաղեցնում Ռուսաստանի ապատեղեկատվության ռազմավարության մեջ: Տեղեկությունների կեղծումը և խեղաթյուրումը՝ փաստաթղթերի կեղծում, նամակների կեղծում, աղբյուրների հորինում, կեղծ անձերի ստեղծում, կեղծ կազմակերպությունների հորինում և լսարանի խաբում, մեկ դարի ընթացքում եղել են Խորհրդային Միության քաղաքական պատերազմի կարևոր մաս։

Doppelganger-ի փաստաթղթերը ցույց են տալիս, թե որքանով են ռուս քաղաքական գործիչները դեռևս ապավինում խորհրդային «ակտիվ միջոցառումների» գործիքներին, չնայած նոր տեխնոլոգիաներին և նոր անվանումներին։

Փաստաթղթերի մեջ ներառված էր Doppelganger-ի նախնական գաղափարական պլանը: Այնտեղ շատ պարզ էր ասված. «Մենք պետք է ունենանք առանձին կեղծարարության բաժին՝ ֆաբրիկա»։ Բնական է, որ շուկայավարման գործակալությունը ցանկացել է հնարամիտ տերմին մտածել հին գաղափարը նկարագրելու համար, ուստի կեղծարարները իրենց արտադրանքը կոչել են «լրացված իրականություն»։

SDA-ի հետագա առաջարկներում, որոնք ուղղված էին հնարավոր հովանավորներին, նկարագրվում էին «բազմաբնույթ» «գործիքներ» և «ստեղծագործական միջոցներ», որոնք ընկերությունը կօգտագործեր ապատեղեկատվություն տարածելու և թիրախային լսարանի մոտ «էմոցիոնալ արձագանքներ» հրահրելու համար։

Առաջնային տեղում էին կեղծ տեսանյութերն ու փաստաթղթերը, հորինված հեռախոսազանգերն ու հաղորդագրությունների կեղծ սքրինշոթերը, որոնք ձևավորվել էին հանրաճանաչ մեսինջերների ոճով: Ընկերությունը նաև կուժեղացներ «կեղծ և իրական» ազդեցիկ անձանց մեջբերումները, ինչպես նաև «կեղծ հարցազրույցներ և հորինված աուդիո արտահոսքեր մասնավոր զրույցներից»։

Մի առաջարկի մեջ մանրամասն նկարագրվում էր, թե ինչպես SDA-ն կպատրաստի նման կեղծիքներ՝ սքրինշոթեր անելով և փոփոխելով իրական փաստաթղթերն ու նամակագրությունը: Ուկրաինային նվիրված առաջադրանքներից մեկում առաջարկվում էր ամեն շաբաթ նման կեղծիքներ տարածել։

Փաստաթղթերը նաև ցույց են տալիս, որ SDA-ն ոչ միայն խաբում էր իր թիրախներին, այլ նաև խաբում էր իրեն: Ապատեղեկատվություն տարածողներին հեշտ է հավատալ, որ իրենք ավելի արդյունավետ են, քան իրականում են, և փաստաթղթերը ցույց են տալիս, որ SDA-ն հենց այդպես էլ վարվում էր։

Ընկերությունը պահպանում էր լայնածավալ հաշվառում՝ փորձելով ապացուցել իր ազդեցությունը, գրանցելով յուրաքանչյուր մեկնաբանություն Facebook-ում, Instagram-ում, Twitter-ում կամ Telegram-ում, որոնք հրապարակվել էին իրական սոցիալական մեդիայի մեկնաբանություններին ի պատասխան՝ հարյուր հազարավոր նման մեկնաբանություններ՝ էլեկտրոնային աղյուսակներում, որոնց երկարությունը հաճախ տասնյակ հազարավոր տողեր էր կազմում։

Աղբյուրը`

https://www.foreignaffairs.com/russia/lies-russia-tells-itself

Թարգմանությունը`

Արայիկ Մկրտումյանի

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *