Հայաստան

Արդյո՞ք Նավթը Կթանկանա

Երբ 2022 թվականին Ուկրաինայում սկսվեց պատերազմը, որտեղ ներգրավված էր խոշոր նավթային պետություն, նավթի գները բարձրացան մինչև 100 դոլար մեկ բարելի համար: Կարո՞ղ է կրկին նման բան տեղի ունենալ:

The Economist-ը գրում է «Կարո՞ղ է Պարսից ծոցի պատերազմը նպաստել նավթի գնի բարձրացմանը մինչև 100 դոլար մեկ բարելի(մոտ 158․98 լիտր) համար»

Հրթիռները թռչում են մի տարածաշրջանի վրայով, որը մատակարարում է աշխարհի նավթի մեկերրորդը։ Երբ ՀԱՄԱՍ-ը մեկ տարի առաջ հարձակվեց Իսրայելի վրա, նավթային շուկաները ամենից շատ վախենում էին, որ լարվածությունը կվերածվի ամբողջական տարածաշրջանային պատերազմի, որտեղ Իսրայելը կկռվի Իրանի դեմ, որը նավթի արտադրությամբ աշխարհում յոթերորդն է։ Մինչև վերջերս թվում էր, որ երկու երկրները ձգտում էին խուսափել նման սցենարից: Դա է պատճառը, որ, չնայած Գազայում ընթացող պատերազմին և Կարմիր ծովում հուսիթների կողմից արձակված հրթիռներին, նավթի շուկայի սկզբնական տագնապը հոկտեմբերի 7-ից հետո արագորեն վերածվեց ցածր և կայուն գների, որոնք գերակշռում էին տարվա մեծ մասը։

Բայց անցյալ շաբաթ Իրանը արձակեց մոտ 200 հրթիռ Իսրայելի ուղղությամբ՝ ի պատասխան Իսրայելի հարվածների «Հեզբոլլահի» և այլ իրանական պատվիրակությունների դեմ։ Այժմ ամբողջ աշխարհը անհանգստությամբ սպասում է Իսրայելի պատասխանին: Նավթային շուկաները տագնապի մեջ են: Անցյալ շաբաթ նավթի գները բարձրացան 10%-ով՝ հասնելով 78 դոլարի մեկ բարելի համար, ինչը ամենամեծ շաբաթական աճն էր վերջին երկու տարվա ընթացքում։ Հոկտեմբերի 7-ին գները նորից բարձրացան, իսկ հետո սկսեցին տատանվել։

Երբ 2022 թվականին Ուկրաինայում սկսվեցպատերազմը, որտեղ ներգրավված էր խոշոր նավթային պետություն, նավթի գները բարձրացան մինչև 100 դոլար մեկ բարելի համար: Կարո՞ղ է կրկին նման բան տեղի ունենալ:

Հասկանալու համար, թե որքան կարող են բարձրանալ գները, պետք է նախ ուսումնասիրել Իսրայելի հնարավոր պատասխանները: Եթե նա հարձակվեր միայն ռազմական ենթակառուցվածքների վրա, օրինակ՝ հրթիռային արձակման հարթակների, իսկ Իրանը չափավոր պատասխան տար՝ փորձելով մեղմել լարվածությունը, ապա նավթի գների աճի մի մասը կարող էր վերանալ։ Բայց Իսրայելը կարող է սրել իրավիճակը և հարվածել Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքներին, նավթային ու գազային օբյեկտներին կամ միջուկային վառելիքի հարստացման կայաններին։ Ինչ էլ որ ընտրի Իսրայելը, Իրանը կարող է ստիպված լինել պատասխանել կոշտ միջոցներով: Սա կարող է առաջացնել ցիկլ, որի արդյունքում Իրանի նավթային արդյունաբերությունը, որը կարևոր է երկրի համար, կդառնա թիրախ։ Այդպիսով, նավթի միջազգային շուկաները կարող են տագնապել, նույնիսկ եթե նավթային օբյեկտները անմիջապես հարձակման չենթարկվեն։

Եթե Իսրայելը ցանկանար լուրջ հարված հասցնել Իրանի էներգակիրների արտահանմանը, նա կարող էր հարվածել Պարսից ծոցում գտնվող Խարկ կղզու նավթային կայաններին, որտեղից դուրս է գալիս Իրանի նավթի 9/10-րդ մասը, կամ նույնիսկ ուղղակիորեն նավթային հանքերին։ Սա  դիվանագիտական հետևանքներ կունենա։

Բայդենի վարչակազմը կնեղվի այն ռիսկից, որ բենզինի գները կարող են բարձրանալ նախագահական ընտրություններից ընդամենը մեկ ամիս առաջ։ Չինաստանը, որն ընդունում է Իրանի նավթի գրեթե ամբողջ արտահանումը, նույնպես կզայրանա։ Սա կարևոր է. Չինաստանը վերահսկում է Իսրայելի խոշորագույն նավահանգիստը՝ Հայֆան, և մեծ ներդրող է երկրի տեխնոլոգիական ոլորտում։

Իսրայելը, այնուամենայնիվ, կարող է գտնել, որ ծախսերը արդարացված են և ընտրել հարվածը նավթային կայաններին։ Հաջող հարվածը կթուլացնի միջազգային շուկաները նավթի մեծ ծավալով՝ անցյալ ամիս Իրանը արտահանել է ռեկորդային 2 միլիոն բարել օրական, ինչը կազմում է համաշխարհային մատակարարման գրեթե 2%-ը։Բայց նույնիսկ այս դեպքում գլոբալ հետևանքները, ամենայն հավանականությամբ, կլինեն սահմանափակ։ Ի տարբերություն Ուկրաինայի պատերազմի սկզբի ժամանակաշրջանի, երբ աշխարհը նավթն արտադրում էր ամբողջ հզորությամբ, և պահանջարկը վերականգնվում էր համավարակից հետո, այսօր առաջարկը առատ է, իսկ պահանջարկը՝ թույլ։

Մի շարք արտադրության կրճատումներից հետո Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԵԿ) և նրա դաշնակիցները ունեն ավելի քան 5 միլիոն բարել օրական պահուստային հզորություն՝ ավելի քան բավարար Իրանի նավթի կորուստը փոխհատուցելու համար։ Միայն Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն ունեն ավելի քան 4 միլիոն բարել օրական պահուստ։

Նրանք, ամենայն հավանականությամբ, երկար չեն սպասի, որպեսզի ավելացնեն արտադրությունը։ ՕՊԵԿ-ի անդամները, որոնց մասնաբաժինը շուկայում վերջին ամիսներին նվազել է, հենց այսպիսի հնարավորության էին սպասում՝ արտադրության կրճատումները չեղարկելու համար։

Արդյունահանումն աճում է Ամերիկայում, Կանադայում, Գայանայում, Բրազիլիայում և այլ երկրներում։ Միջազգային էներգետիկ գործակալությունը կանխատեսում է, որ հաջորդ տարի նավթի արդյունահանումը ՕՊԵԿ-ի մեջ չընդգրկված երկրներում կաճի օրական 1.5 միլիոն բարելով, ինչը բավական կլինի համաշխարհային պահանջարկի ցանկացած աճի համար։

Մինչև Մերձավոր Արևելքում լարվածության վերջին սրացումը, վաճառողները սպասում էին, որ նավթի պաշարները կգերազանցեն պահանջարկը 2025 թվականին, ինչը կհանգեցնի գների նվազման՝ մինչև 70 դոլար մեկ բարելի համար։ Այսօր հում նավթի պաշարները տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունում (OECD), որը հիմնականում հարուստ երկրների ակումբ է, գտնվում են հնգամյա միջին մակարդակից ցածր։ Ուստի Խարկ կղզուն հասցված հարվածը, անկասկած, կխախտի շուկաները։ Բայց գները, ամենայն հավանականությամբ, կավելանան միայն 5-10 դոլարով ներկայիս մակարդակից։

Իրավիճակը կարող է շատ ավելի լարված դառնալ, եթե Իրանը սկսի հարձակումներ Պարսից ծոցի այլ երկրների վրա, որոնք, ըստ նրա, աջակցում են Իսրայելին:

Վերջին օրերին Պարսից ծոցի արաբական երկրների պաշտոնյաները հանդիպել են իրենց իրանցի գործընկերների հետ Քաթարի մայրաքաղաք Դոհայում՝ փորձելով հավաստիացնել իրենց չեզոքությունը: Այնուամենայնիվ, քիչ այլընտրանքներ ունենալով, Իրանը կարող է փորձել թիրախավորել հարևան երկրների նավթային հանքերը՝ գուցե սկսելով Պարսից ծոցի փոքր պետություններից, ինչպիսիք են Բահրեյնը կամ Քուվեյթը։

Մեկ այլ միջոց, որը Իրանը կարող է օգտագործել գլոբալ քաոս ստեղծելու համար, կլինի Օրմուզի նեղուցը փակելը, որով անցնում է աշխարհի ծովային նավթի 30%-ը և հեղուկ բնական գազի (ՀԲԳ) 20%-ը։ Սա հավասարազոր կլինի տնտեսական ինքնասպանության, քանի որ Իրանը կկորցնի ոչ միայն նավթի և այլ ապրանքների արտահանման, այլ նաև շատ ապրանքների ներմուծման հնարավորությունը: Սա շատ կզայրացնի Չինաստանին, իր նավթի գրեթե կեսը ստանում է Պարսից ծոցի երկրներից։ Այնուամենայնիվ, հնարավոր է, որ Իրանը որոշի գնալ այս քայլին, հատկապես եթե հարվածներն ու լրացուցիչ պատժամիջոցները նրա նավթի արտահանման նկատմամբ հասցնեն նրան այնպիսի կետի, երբ այլևս չի կարողանա մատակարարել նախկինի պես:

Դժվար է պատկերացնել, թե շուկան ինչպես կարձագանքի նման սցենարին, եթե միայն հաշվի առնենք, որ Իրանի գործողությունները կհանգեցնեն Իսրայելի, ԱՄՆ-ի և այլ երկրների հետագա արձագանքին: Օրինակ, Ամերիկան և Չինաստանը, ամենայն հավանականությամբ, կուղարկեն իրենց ծովային ուժերը՝ Օրմուզի նեղուցը նորից բացելու համար: Այնուամենայնիվ, եթե ենթադրենք, որ խափանումները կլինեն այնքան լուրջ, որ կհանգեցնեն որոշ ժամանակ ձգվող դեֆիցիտի, ապա նավթի գները հավանաբար կբարձրանան այնքան, որ կսահմանափակեն գնումների հետաքրքրությունը, որից հետո կսկսեն նվազել: Վերլուծաբանները կարծում են, որ նման «պահանջարկի կրճատում» տեղի կունենա, երբ նավթի գինը հասնի 130 դոլարի մեկ բարելի համար՝ այն մակարդակը, որին այն հասել էր 2022 թվականին։

Եթե նավթային շուկաները համարեին այս սցենարը գոնե հեռակա առումով հնարավոր է, նրանց անհանգստությունները կարտացոլվեին ներկայիս գներում։ Նրանք, ովքեր ակնկալում են գների նվազում մոտ ապագայում, կշտապեին փակել իրենց դիրքերը: Սակայն, եթե մի փոքր ընդլայնենք տեսլականը, վերջին գների աճը այդքան էլ տպավորիչ չի թվում՝ նույնիսկ վերջին 18 ամիսների համեմատաբար հանգիստ չափանիշներով: Երկուշաբթի օրվա ուշ առևտրի ընթացքում գները գերազանցեցին 80 դոլարը մեկ բարելի համար։ Անցյալ տարի դրանք միջինը կազմում էին 82 դոլար, իսկ 2022 թվականին՝ 100 դոլար։ Մերձավոր Արևելքում մեկ տարի շարունակվող հակամարտությունը խախտեց բազմաթիվ սպասելիքներ: Բայց որպեսզի նավթի գները կրկին հասնեն եռանիշ թվերի, շատ բան դեռ պետք է սխալ ընթանա։

Աղբյուրը՝ economist.com

Թարգմանությունը՝

Արայիկ Մկրտումյանի

Այս ամենն իր հետաքրքրությունն է ներկայացնում Հայաստանի համար, հատկապես այն առումով, որ Հայաստանի համար կենսական է հանդիսանում ներմուծվող գազը և նավթը, քանի որ ԱԷԿ-ի մատակարարած էլեկտրաէներգիան միայն մասամբ է փակում կարիքները։ Գազի ու նավթի համաշխարհային գների կտրում տատանումը հատկապես Ռուսաստանի կողմից, որն անշուշտ կօգտվի այդ իրավիճակից, կարող է բացասաբար անդրադառնալ ՀՀ տնտեսության վրա։ Հաշվի առնելով, որ գների բարձրացումը օգտակար է նաև Ադրբեջանի համար, որը կմեծացնի իր դիվանագիտական ճնշումները նաև Հայաստանի վրա։ Առջևում ձմեռ է, ինչը ավելի կսրի իրավիճակը։(խմբ)

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *