ՀՅԴ-ը քննադատում է իշխանություններին մի բանի համար, որին տարիներով ինքն է մասնակից եղել։ Հայաստանի ներքաղաքական խայտառակ վիճակը անընդհատ մեզ ստիպում է «լռվել» նախկին-ներկա կռվի մեջ ու դրա մեղավորներից մեկը հենց նախկիններն են, որ իրենց երկակի ստանդարտներով մածունը սև կամ սպիտակ են դարձնում ըստ իրենց հարմարության, մեզ էլ դալտոնիզմի մեջ մեղադրում:
Մեր Ուղին
Ամեն անգամ, երբ խոսքը վերաբերում է ՀՅԴ կողմից իրականացված որևէ գործողության քննադատության, որի տրամաբանությունը հեռու է պետական շահից կամ առնվազն անհասկանալի է, ՀՅԴ-ականները սուր քննադատությամբ են արձագանքում այդ ամենին՝ համարելով, որ իրենց վրա «շառ են անում» ու այդ ամենը հերյուրանք է։ Միաժամանակ ՀՅԴ-ականները դեմ չեն նմանատիպ երևույթները խիստ քննադատելու, երբ դա անում են իրենց հակառակորդները։ Այլ կերպ ասած Օրուելի «1984» գրքում հնչող «Բադի կռկռոց», որը երկիմաստ է, երբ բարեկամիդ ես ասում՝ գովասանք է, երբ թշնամուդ՝ ապա հայհոյանք։
Օրինակ ՀՅԴ-ական պատգամավոր, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը «Լուրեր»-ին տված հարցազրույցի ժամանակ՝ խոսելով հայտնի 004 շրջաբերականի մասին, որ հայտնվել էր ՔՊ-ի լրատվականի ձեռքում ու հրապարակվել՝ տվեց անորոշ պատասխան։ Նա միայն ասաց, որ Իշխան Սաղաթելյանը և Գեղամ Մանուկյանն արդեն պարզաբանում տվել են այդ հարցի մասին։ Բայց որքան էլ, որ հաղորդավարը փորձեց պարզ «այո» կամ «ոչ» պատասխան ստանալ, թե ՀՅԴ-ը գրե՞լ է այդ շրջաբերականը, չստացվեց։ Դաշնակցական պատգամավորը անորոշ խոսեց այն պարզաբանումների մասին, որ արել էին Իշխան Սաղաթելյանն ու Գեղամ Մանուկյանը և թեման փակեց։ Զարմանալի է։ Եթե ամեն ինչ այդքան պարզ էր, ինչո՞ւ պրն․ Խաչատրյանը մեկ-երկու նախադասությամբ ինքն էլ չլրացրեց այդ «պարզաբանումները»։ Դժվար թե ՀՅԴ ԳՄ-ում Արթուր Խաչատրյանից նեղանային, որ նա պաշտպանել է իր գործընկերներին։ Չէ որ «ճշմարտությունն ասելը հեշտ է և հաճելի»,- ասում էր կալանավոր Յեշուա Հա-Նոցրին «Վարպետը և Մարգարտան» գրքում։
Բայց այստեղ կարևորը ոչ թե ստացված կամ չստացված արդարացումներն ու պարզաբանումներն են, այլ այն, որ ՀՅԴ-ը քննադատում է իշխանություններին մի բանի համար, որին տարիներով ինքն է մասնակից եղել։ Հայաստանի ներքաղաքական խայտառակ վիճակը անընդհատ մեզ ստիպում է «լռվել» նախկին-ներկա կռվի մեջ ու դրա մեղավորներից մեկը հենց նախկիններն են, որ իրենց երկակի ստանդարտներով մածունը սև կամ սպիտակ են դարձնում ըստ իրենց հարմարության, մեզ էլ դալտոնիզմի մեջ մեղադրում։ Հերքեն, թե չհերքեն, այդ շրջաբերականը կա։ Արդյո՞ք ՀՅԴ-ում «լայն հասարակությանը» կամ մյուս խմբակցությունների պատգամավորներին տեղյակ էին պահել ու հարցրել էին նրանց կարծիքը, երբ շրջաբերականում ՀՀ անկախության սակարկում էր գնում։ Արդյո՞ք 2013-ի շրջաբերականում երբ «խիստ գաղտնի» պայմաններում գովում էին Սերժ Սարգսյանի ԵԱՏՄ-յան արկածները, հանրությանը հարցրել էին այդ մասին։ Արդյոք 2001թ 55-րդ շրջաբերականում Քի Վեսթով Մեղրիի հանձնել-չհանձնելը դաշնակցականները բոլորի աչքի առաջ էին քննարկում։ Ո՞վ էր իրավունք տվել այդ պարոններին իրենց շրջաբերականներում Հայաստանի բախտորոշ հարցեր քննարկել, ուղղումներ անել, կարգավորումներ և հրահագներ իջեցնել իրենց շարքերին։ ԱԺ քվե՞ն։ Այդ դեպքում նույն կերպ էլ Նիկոլ Փաշինյանն է վարվում, երբ ասում է, որ չի կարող բացեիբաց հայտարարել, թե կոնկրետ երբ ինչ է խոսել Ալիևի կամ Էրդողանի հետ, որովհետև դա պետական գաղտնիք է պարունակում իր մեջ։ Արթուր Խաչատրյանը դա նորմալ չի համարում ու պնդում է, որ պետք է «լայն հանրությանը» կամ գոնե իրեն՝ ԱԺ պատգամավորին, ով գաղտնիք կրելու օրենսդրական լիազորություն ունի, տեղյակ պահեն, թե ինչ են խոսում։ Գուցե և Նիկոլ Փաշինյանը նույնպես մեծ սխալ է գործում, երբ չի գալիս ու ամեն երեկո բառ բառ ներկայացնում իր և Ալիևի զրույցը։ Գուցե Նիկոլ Փաշինյանը ևս չարաշահում է իր լիազորությունները, երբ համարում է, որ ավելի լավ կլինի չխոսել դրա մասին։ Գուցե։ Բայց Նիկոլ Փաշինյանին կարող քննադատել ու պատասխան պահանջել ով ասես, բացի ՀՅԴ-ից ու նախկին իշխանություններից։ Թեկուզ այն պատճառով, որ իրենք ժամանակին ևս «լայն մասսաների» կարծիքը մի գրոշ անգամ չեն արժևորել, խոսել ու պայմանավորվել են ու ոչ ոք ոչինչ չի իմացել դրա մասին։
Արթուր Խաչատրյանը իր հարցազրույցում գովում է Ռոբերտ Քոչարյանին, ասում, որ նրա օրոք Հայաստանի տնտեսությունն այնպիսի վերելք էր ապրում, որ Համաշխարհային բանկը Հայաստանը Կովկասյան վագր էր անվանել, մեջբերում է, որ Քոչարյանի օրոք երկու տարբերակ է մտել բանակցություններ Արցախի հարցով և Ադրբեջանը կատաղորեն պայքարել է դրա դեմ ու դա հաջողություն է համարում։ Մի փոքր տարակուսելի է։ Քոչարյանի օրոք կովկասյան վագր անվանված տնտեսական հաջողությունները, որ փուչիկ դուրս եկան, դա՞ էր պածենալու բան, այն որ նույնիսկ անհատական բնակարանային նորոգումը ներկայացվում էր որպես պետական պլանով շինարարություն, դա՞ էր նվաճում, թե խոպանչիների ուղարկված տրանսֆերիտները ներկայացնել պետական ձեռքբերում, դա էլ նվաճում։ Պր․ Խաչատրյանը մոռանում է, որ Քոչարյանի օրոք էր, որ «գույք պարտքի դիմաց սկզբունքով» Հայաստանից ինչքան բան հանձնվեց Ռուսաստանին ու Հայաստանը մնաց կապված ձեռքերով։ Իսկ բանակցությունները գովելն առնվազն ապշեցուցիչ է։ Քոչարյանի օրոք մեկ Քի վեսթի խայտառակությունն էր, որով նախատեսվում էր վեց շրջանները հանձնել Ադրբեջանին, Հայաստանից Մեղրին տալ Ադրբեջանին, դրա դիմաց ստանալ Արցախի մնացյալ հատվածը, մյուսն էլ Մադրիդյան սկզբուքնները, երբ հայկական կողմը պարտավորվում էր Արցախաբնակ հայերի ու ադրբեջանցիների ժողովրդական քվեարկությամբ որոշել, թե Արցախն ումն է։ Իհարկե յոթ շրջաններն անվերապահորեն Ադրբեջանին հանձնելու պայմանով։ Դա գլուխ գովելու բա՞ն է։ Ասում է, որ Բաքուն մերժել է այդ առաջարկները։ Բայց ինչո՞ւ ընդուներ, երբ Բաքուն ողջ Արցախն էր ցանկանում՝ առանց որևէ կարգավիճակի։ Այսինքն այն, ինչ արեց։ Իհարկե կարելի է ասել, որ այդ ամենն ավելի լավ ու նախընտրելի է նրա փոխարեն, որ հիմա ունենք, բայց դա ընդամենը պարզ մանիպուլյացիա կլինի։ Դա շատ է սիրում կրկնել Փաշինյանը, երբ ասում է, որ պիտի համաձայնվեր շրջանները հանձնելուն ու միգուցե պատերազմ չլիներ։ Շատ շատ վատ է, որ մեր քաղաքականության մակարդակը սա է, բայց ունենք այն, ինչ ունենք։ Ունենք իշխանություն ու ընդդիմություն, որոնց միակ գործը միմյանց մեղադրելն է։
Զարմանալի է նաև այն, որ ՀՅԴ-ականները սիրում են կրկնել, որ եթե իրենցից բացի այլ ընդդիմադիրներ կան, թող դուրս գան ու պայքարեն, թող անեն, ոչ թե իրենց հեռացումը պահանջեն։ բայց ինչպե՞ս երրորդ ուղին հայտնվի, եթե իշխանությունն ու ընդդիմությունը մուկն ու կատու են խաղում, երբ այնպես են սեփականաշնորհել հանրային դաշտն ու մեդիան, որ ատումային ռումբ էլ պայթեցնես՝ չի լսվի, եթե չմեկնաբանեն, իսկ մեդիան բաժանված է իշխանության ու ընդդիմության մեջ։ Մենք չունենք անկախ լրատվական դաշտ ու սա պրն․ Խաչատրյանը կարծում եմ լավ գիտե, քանի որ, լինելով բազմափորձ քաղաքական գործիչ և երկար տարիների կուսակցական, պիտի որ անգիր իմանա, թե Հայաստանում ինչն ինչոց է։ Ու շատ վատ է, որ Առաջին Հանրապետության կնքահայր ՀՅԴ-ը այսօր զբաղված է պարզունակ լեզվակռվով, արդարացումներով ու հայհոյանքներով։