Հայ-իրանական սահմանին հսկողությունը Հայաստանի սահմանապահ ծառայությանն անցնելու մասին Պուտին-Փաշինյան համաձայնությունը չափազանց սկզբունքային նշանակություն ունի
Վահրամ Աթանեսյան
Ո՞վ չի «պաշտպանել եռակողմ հանդիպման գաղափարը». Կազանում այն կկայանա՞
Ռուսաստանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Յուրի Ուշակովն ասել է, որ Մոսկվան մտադրություն է ունեցել հոկտեմբերի 8- ին եռակողմ (Պուտին-Փաշինյան-Ալիև) հանդիպում կազմակերպել, բայց մեկն այդ գաղափարին չի աջակցել: Կողմերից՝ Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներից, ո՞վ է, որ եռակողմ հանդիպումից հրաժարվել է՝ Ուշակովը չի բացահայտել:
Բաքվի «Ատլաս» վերլուծական կենտրոնի ղեկավար Շահինօղլուն «Նեզավիսիմայա գազետա»-ին ասել է, որ Ռուսաստանը ղարաբաղյան երկրորդ պատերազմում Ադրբեջանին չի խանգարել, որ վերադարձնի իր տարածքները, ռուս խաղաղապահները Ղարաբաղը թողել են ժամանակից շուտ, դա Բաքվում դրական է ընկալվել:
Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանը Ռուսաստանի հետ հարաբերություններ է զարգացնում, որովհետև ենթարկվում է Արևմուտքի քննադատությանը: Շահինօղլուն ընդգծում է, որ մինչև Մակրոնի նախագահ ընտրվելը, Ադրբեջանը Ֆրանսիայի հետ գերազանց հարաբերություններ է ունեցել: Ինչ վերաբերում է Միացյալ Նահանգներին, ապա Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին մի խումբ կոնգրեսականների և սենատորների առաջարկությունը վկայում է, որ Փարիզը և Վաշինգտոնը նույն գծի վրա են:
Այդուհանդերձ, ադրբեջանցի վերլուծաբանը գտնում է, որ դրանից չի հետևում, թե հայ-ադրբեջանական կարգավորման հարցում Բաքուն Մոսկվայի միջնորդության կարիքն ունի կամ կարող է զգալ, Իլհամ Ալիևը նախընտրում է գործ ունենալ ուղղակի հայ գործընկերների հետ: Կարելի՞ է ենթադրել, որ Մոսկվայում եռակողմ հանդիպման գաղափարին չի աջակցել Իլհամ Ալիևը:
Եռակողմ հանդիպման մի փորձ ժամանակ առաջ նախաձեռնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթամերը: Ադրբեջանական կողմն այդ հանդիպման ձախողման պատասխանատվությունը վերագրել է Հայաստանին, Ալիևը նույնիսկ զարմանք է հայտնել, որ եթե Փաշինյանն իր հետ հանդիպման ցանկություն չունի, ինչպե՞ս է պատկերացնում բանակցություններում առաջընթացը:
Այս փուլում, թերևս, զարմանք պետք է արտահայտի հայկական կողմը. եթե Ալիևը բանակցություններում Պուտինի աջակցության կամ միջնորդության կարիքը չունի, գերադասում է ուղղակի գործ ունենալ Փաշինյանի հետ, ապա ինչո՞ւ հայ-ադրբեջանական սահմանին հանդիպման՝ Հայաստանի վարչապետի կողմից արված առաջարկությունը մնում է անպատասխան:
Ալիևը խուսափում է Հայաստանի վարչապետի հետ հայ-ադրբեջանական սահմանին հանդիպումից, որովհետև, ամենայն հավանականությամբ, համարում է, որ դրանով առնվազն քաղաքական իմաստով կֆիքսի, որ միջպետական սահմանն այն է, ինչ կողմերն ունեցել են ԽՍՀՄ փլուզման պահին:
Այս առումով, հայ-իրանական սահմանին հսկողությունը Հայաստանի սահմանապահ ծառայությանն անցնելու մասին Պուտին-Փաշինյան համաձայնությունը չափազանց սկզբունքային նշանակություն ունի: Ըստ էության՝ դա աշխարհաքաղաքական նոր իրավիճակի դրսևորում է, որ «թարգմանաբար» նշանակում է, որ Ռուսաստանը Սյունիքն ամբողջությամբ ճանաչում է Հայաստանի լիակատար իրավազորության ներքո:
Կրեմլում Պուտին-Փաշինյան բաց երկխոսությունից տպավորություն է ստեղծվում, որ Ռուսաստանը և Հայաստանը մտնում են նոր իրավապայմանագրային հարաբերությունների կառուցման քննարկումների փուլ: Ալիևը, հավանաբար, այդ նրբությունն արձանագրել է: Պուտինը Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին հրավիրել է Կազան՝ ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովին: Գուցե եռակողմ հանդիպում կկազմակերպվի այդ հարթակո՞ւմ:
Հոդվածը՝ 1in.am կայքից։