Հայաստան

Բրիտանական Մասնագետներն Ուկրաինայում

Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն կարող են օգտագործել երկար հեռահարության զենքեր, օրինակ՝ Storm Shadow հրթիռներ, Ուկրաինայի տարածքում, բայց դրան «հավանություն պետք է տան դաշնակիցները»։

The Times

Բրիտանական զորքերը կարող են ուղարկվել Ուկրաինա զինվորների ուսուցման համար։
Համաձայն քննարկվող պլանների բրիտանական զինվորական հրահանգիչների փոքր խմբեր կուղարկվեն երկրի արևմուտք՝ նորակոչիկներին ինտենսիվ հիմունքներով նախնական ուսուցում անցկացնելու համար, մինչ նրանք կուղևորվեն դեպի արևելյան ճակատ։ Աղբյուրների համաձայն սա կլուծի լոգիստիկ խնդիրները, որոնք կապված են ուկրաինական զորքերի՝ բրիտանական բազաներ ուսուցման նպատակով ուղարկման հետ և գումարներ կխնայի։ Նախագահ Զելենսկին այցելել է Դաունինգ Սթրիթ՝ բանակցությունների սըր Քիր Սթարմերի հետ՝ եվրոպական երկրներ կատարած իր շրջագայության շրջանակներում, որի նպատակն է ավելացնել ռազմական աջակցությունը Ուկրաինայի գործողություններին Ռուսաստանի դեմ։ Զելենսկին և Սթարմերը գրկախառնվեցին թիվ 10 տան առջև բանակցություններից առաջ, որոնց մասնակցում էր ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։
Դաունինգ Սթրիթում ելույթ ունենալով՝ Ռյուտեն նշեց, որ Արևմուտքը պետք է «դադարեցնի անհանգստանալ» Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տուն վերադառնալու հնարավորության մասին։ Նա ասաց, որ Թրամփը հասկանում է, որ Ուկրաինայում հակամարտությունն ազդում է Միացյալ Նահանգների անվտանգության ու ապագայի վրա։ Ռյուտեն նաև նշեց, որ իրավական տեսանկյունից Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն կարող են օգտագործել երկար հեռահարության զենքեր, օրինակ՝ Storm Shadow հրթիռներ, Ուկրաինայի տարածքում, բայց դրան «հավանություն պետք է տան դաշնակիցները»։
Մեծ Բրիտանիայի կողմից գլխավորած բազմազգ ռազմական գործողության՝ «Օպերացիա Ինտերֆլեքս» կոդային անվանմամբ, շրջանակներում, տասնյակ հազարավոր ուկրաինացի զինվորներ անցել են ուսուցում Մեծ Բրիտանիայում Ուկրաինայում հակամարտության սկսվելուց ի վեր։ Այնուամենայնիվ, պաշտպանության նախարար Ջոն Հիլին անցած ամիս նշել է, որ ուկրաինացիներին ուսուցանելու «ամենամեծ խոչընդոտը» Ուկրաինայի կողմից ուսուցման համար անձնակազմ տրամադրելն է։
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության աղբյուրը նշել է, որ բրիտանական զորքերը Ուկրաինա ուղարկելը, փոխարենը՝ ուսուցումը Մեծ Բրիտանիայի ռազմական բազաներում անցկացնելու, «ավելի էժան կլինի մեզ համար և ավելի լավ՝ նրանց համար»։ Աղբյուրը նշել է. «Մենք կարող էինք ավելի արագ անցկացնել ուսուցումը, և դա կլիներ շատ հեռու ճակատային գծից՝ անվտանգ վայրերում, այնպես որ ռիսկը շատ ցածր կլիներ»։
Ուկրաինայի ռազմական աղբյուրը հայտնել է, որ ուսուցման տեղափոխումը Ուկրաինա կլինի «հզոր ռազմական-քաղաքական ազդանշան» մյուս երկրների և հենց Ռուսաստանի համար։ Նրա խոսքով, սա նաև կնշանակեր ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների «փաստացի» տեղակայում Ուկրաինայի տարածքում և կդառնար «հզոր զսպման գործոն»։ Բրիտանական զինվորները նաև կսովորեն ռազմական հմտություններ ուկրաինական զորքերից և հնարավորություն կունենան փորձարկել պատերազմի համար մշակվող նորագույն զենքերը, հավելել է աղբյուրը։
2022 թվականին, հակամարտության սկսվելուց ի վեր ավելի քան 100,000 ուկրաինացի զինվորականներ արտասահմանում ուսուցում են անցել՝ հիմնականում Մեծ Բրիտանիայում, Լեհաստանում, Ֆրանսիայում և Գերմանիայում։ Ֆրանսիացի պաշտոնյան հայտնել է, որ այս պահին շուրջ 15,000 ուկրաինացիներ ուսուցում են անցել Ֆրանսիայի զինված ուժերում ԵՄ առաքելության շրջանակներում։
Այս տարվա սկզբին նախագահ Մակրոնը ՆԱՏՕ-ի զորքերը Ուկրաինայում տեղակայելու հնարավորության հարց բարձրացրեց՝ հավելելով, որ Ուկրաինային աջակցելու բոլոր տարբերակները պետք է բաց մնան։ Հետագայում պարզվեց, որ Ֆրանսիան ձգտում է հավաքել եվրոպական երկրների կոալիցիա, որոնք պատրաստ են ռազմական հրահանգիչներ ուղարկել Ուկրաինա՝ այն հիմքով, որ ավելի արդյունավետ կլինի ուսուցանել նրանց տեղում։ Քննարկումներ եղել են նաև Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարարությունում։
Ուկրաինական աղբյուրի խոսքով, նրանք հույս ունեն, որ բրիտանական ղեկավարությունը կոգեշնչի Ֆրանսիային հետևել իրենց օրինակին և ուսուցումը անցկացնել Ուկրաինայի տարածքում, այն բանից հետո, երբ Փարիզում քննարկումները կարծես քաղաքական պատճառներով փակուղի են մտել։
«Օպերացիա Ինտերֆլեքսը» կազմակերպվել է Մեծ Բրիտանիայում այն բանից հետո, երբ «Օպերացիա Օրբիտալը»՝ բրիտանական բանակի երկարաժամկետ ուսուցման ծրագիրը Ուկրաինայում, կասեցվեց 2022 թվականին։ Այդ ժամանակվանից փոքրաթիվ բրիտանական զինվորականներ ուղարկվել են Ուկրաինա՝ «բժշկական պատրաստվածության» աջակցություն ցուցաբերելու համար, թեև այս առաքելության մանրամասները խիստ գաղտնի են պահվում։ Ուկրաինացիների բրիտանական ուսուցման մեծ մասը անցնում է Մեծ Բրիտանիայում։ Նրանց թվում, ովքեր ուսուցում են անցել Մեծ Բրիտանիայում, եղել են նախկին բեռնատարների վարորդներ և խանութների վաճառողներ. նրանցից ոմանք Բրիտանիա են ժամանել քաղաքացիական հագուստով։ Նրանք անցել են ինտենսիվ հնգշաբաթյա դասընթաց, որտեղ սովորել են զենքից կրակել, ստացել են առաջին անհրաժեշտության պարագաներով լի ուսապարկեր, և հետո ուղարկվել են Ուկրաինա՝ իրենց ստորաբաժանումներում հատուկ պատրաստվածություն անցնելու։
Զելենսկու այցը Լոնդոն եղել է նրա երկրորդ այցը թիվ 10 տան մոտ Սթարմերի իշխանության գալուց հետո։ Երկու երկրների ղեկավարները վերջին անգամ հանդիպել են երկու շաբաթ առաջ՝ ՄԱԿ-ում, Նյու Յորքում։
Աղբյուրը՝ thetimes.com

Թարգմանեց՝
Արայիկ Մկրտումյանը

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *