Հայաստան

Անցում Դեպի Նոր Սառը Պատերազմի

Ամերիկյան և եվրոպական առաջատար լրատվամիջոցները վերջին շրջանում տեղեկություն են տարածել, որ Միացյալ Նահանգները Կիևին առաջարկում է ներկայիս շփման գծով հրադադար հաստատել, փոխարենը խոստանում, որ ՆԱՏՕ-ն իրավական ուժ ունեցող համաձայնագրով Ուկրաինային կտա անվտանգության ամուր երաշխիքներ:

Վահրամ Աթանեսյան

ՆԱՏՕ-ն «ինտեգրում է» Ուկրաինան. որտեղո՞վ է անցնելու «Նոր Բեռլինի պատը»

ՆԱՏՕ-ն ծրագրում է գերմանական Վիսբադենում նոր հրամանատարական կետ ստեղծել, որը կզբաղվի դաշինքի կողմից Ուկրաինային ցուցաբերվող ռազմական աջակցության համակարգմամբ: Այդ մասին Վիսբադենում հոկտեմբերի 15-ին հայտարարել է վերջերս դաշինքի գլխավոր քարտուղար պաշտոնն ստանձնած Մարկ Ռյուտեն:

Դաշինքի մամուլի ծառայությունը մեջբերել է Ռյուտեի այն միտքը, որ նոր հրամանատարությունն իրականում կփոխի ոչ միայն մարտադաշտի իրավիճակը, այլև կմեծացնի սեփական անվտանգությունը: ՆԱՏՕ-ի հայտարարությունը նաև ասում է, որ նոր հրամանատարությունը կհամակարգի գործընկեր երկրների կողմից Ուկրաինա սարքավորումների առաքումը՝ ներառյալ հրետանային միջոցները, ռազմամթերքը և ՀՕՊ համակարգերը և ուկրաինական զորքերին կաջակցի՝ նախապատրաստելու ապագա մարտերին:

Գերմանիայի տարածքում ՆԱՏՕ-ի նոր հրամանատարական կետ ստեղծելու մասին տեղեկատվական առաջին արտահոսքն անցած օգոստոսին թույլ է տվել ամերիկյան «Ուոլ Սթրիթ ջորնալ» պարբերականը, որի տեղեկացվածությամբ՝ մշակվում է «Ուկրաինայի անվտանգության համար օգնություն և ուսուցում» անվանումն ստացած ծրագիր-ճանապարհային քարտեզ, որի ռազմական կառավարման համար ՆԱՏՕ-ի երկրները կներգրավեն մոտ 700 պրոֆեսիոնալ զինվորականների, հիմնականում Միացյալ Նահանգներից:

Բացի այդ, նախատեսվում է Կիև գործուղել ՆԱՏՕ-ի բարձրաստիճան զինվորականի, որպեսզի նա տեղում գնահատի ուկրաինական բանակի կարիքները: Արդյունքում, ինչպես կանխածրագրվում է, ուկրաիանական բանակն ավելի շատ կնմանվի ՆԱՏՕ-ի զինված ուժերին:

Ռուսաստանը, ինչպես հայտնի է, բազմիցս հայտարարել է, որ ցանկացած երկրից Ուկրաինա առաքվող սպառազինությունը և ռազմամթերքն օրինական թիրախներ են: Մոսկվան վերջերս փոփոխության ենթարկել միջուկային զենքի կիրառման պետական դոկտրինը: Այսուհետև միջուկային ցանկացած երկրի կողմից Ուկրաինային ցուցաբերվող անմիջական օժանդակությունը կարող է դիտվել անմիջական սպառնալիք Ռուսաստանի, ինչպես նաև Բելառուսի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը: Այդ դեպքում Ռուսաստանը կարող է միջուկային զենք կիրառել:

Տեղեկատվաքարոզչական մակարդակում, ինչ խոսք, առաջին տպավորությունն այն է, որ ՆԱՏՕ-ն նախապատրաստվում է Ռուսաստանի հետ ուղղակի առճակատման: Բայց նման դեպքերում, որպես կանոն, ոչ ոք իր քայլերի անոնս չի անում: ՆԱՏՕ-ի մամուլի ծառայության հաղորդագրությամբ, մինչդեռ, ամեն ինչ գրեթե բաց տեքստով ասված է:

Ամերիկյան և եվրոպական առաջատար լրատվամիջոցները վերջին շրջանում տեղեկություն են տարածել, որ Միացյալ Նահանգները Կիևին առաջարկում է ներկայիս շփման գծով հրադադար հաստատել, փոխարենը խոստանում, որ ՆԱՏՕ-ն իրավական ուժ ունեցող համաձայնագրով Ուկրաինային կտա անվտանգության ամուր երաշխիքներ:

Ամերիկյան մեկնաբաններից մեկն այդ առաջարկությունը համեմատել է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Գերմանիան օկուպացիոն գոտիների բաժանելու հետ, երբ Արևմուտքը դե ֆակտո ընդունել է կոմունիստական Գերմանիայի գոյությունը, բայց երբեք չի ճանաչել նրա լեգիտիմությունը:

Եթե համեմատությունը փակագծերից դուրս բերենք, կստացվի, որ ԱՄՆ-ը դե ֆակտո կարող է ընդունել Ղրիմի, Դոնբասի մի զգալի մասի և Ուկրաինայի այլ տարածքների «ռուսաստանապատկանությունը», և փոխարենը Կիևին կա՛մ կընդունի ՆԱՏՕ-ի անդամ, կա՛մ նրան Հյուսիս-ատլանտյան դաշինքի անունից կտա անվտանգության ամուր երաշխիքներ: Դրա համար բավական կլինի, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկրի հետ անվտանգության և ռազմական փոխադարձ օգնության մասին պայմանագիր ստորագրի:

Այս իմաստով ՆԱՏՕ-ի նոր հրամանատարական կետի ստեղծումը, Ուկրաինայում դաշինքի ներկայացուցչի գրասենյակի ստեղծումը, ավելի քան 700 զինվորականների ներգրավումը, թերևս, հուշում է, որ դաշինքը նախապատրաստվում է Ուկրաինայի «ինտեգրմանը»: Մոտակա օրերին Գերմանիա կայցելի ԱՄՆ նախագահ Բայդենը, իսկ հոկտեմբերի 19-ին Գերմանիայի կանցլեր Շոլցը կհյուրընկալվի Անկարայում: Ըստ թուրքական աղբյուրների՝ Շոլցը կհայտարարի, որ Բեռլինը հանում է Թուրքիային հինգերորդ սերնդի «Թայֆուն» կործանիչներ վաճառելու արգելքը:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *