Հայաստան

Պուտինի Երեխաները Կամ Ինչու Են Երիտասարդ Ռուսները Լռում

Մաս 2-րդ

Կրեմլը, որը գնալով ավելի ավտորիտար էր դառնում, չէր կարող թույլ տալ, որ այս երիտասարդական մշակույթը զարգանա: Այն սկսեց մրցել ընդդիմության հետ նոր սերնդի համար՝ հատկապես ակտիվորեն ներշնչելով «հայրենասիրություն», առաջարկելով ինքնազարգացման գործիքներ երիտասարդական կազմակերպություններում և խթանելով ռազմական ծառայության հանդեպ հետաքրքրությունը՝ որպես ապագա կարիերայի մեկնարկ:

Foreign Affairs

Այնուամենայնիվ, սկսած 2018 թվականից, նկատվեց զգալի փոփոխություն: Ռուսաստանը դառնում էր ավելի փակ, ինչը շփոթեցնում էր այն սերնդին, որը մեծացել էր արդիականացված և հարաբերականորեն բաց հասարակությունում: Կառավարության ոճը և Պուտինը, որին սկսել էին անվանել «պապիկ», թվում էին անհուսալիորեն հնացած: Երիտասարդները ավելի լավ էին հասկանում, որ Ռուսաստանի քաղաքական տարածքը փոքրանում է, և ավելի մեծ սկեպտիցիզմ էին ցուցաբերում ռեժիմի նկատմամբ:
Տարածվող բողոքի նորաձևությունը նույնպես ազդել է տրամադրությունների փոփոխության վրա, որը տարածվում էր երիտասարդների շրջանում: Չնայած իրավաբան և ակտիվիստ Ալեքսեյ Նավալնին 2011-12 թվականների զանգվածային բողոքի ցույցերից մեկի առաջնորդներից էր, նրա կայացումը որպես ընդդիմության առաջնորդ և երիտասարդության ներշնչանք տեղի ունեցավ տասնամյակի վերջում, երբ նա ստեղծեց արդյունավետ կազմակերպություն և նոր տեսակի քաղաքական ակտիվության տոն տվեց: Նա ոչ միայն հանդիսանում էր Ռուսաստանի ապագայի խորհրդանիշը, այլև վարքագծի և խոսքի օրինակ: Նա խոսում էր ժամանակակից, ոչ ֆորմալ, երիտասարդությանը հասկանալի լեզվով, որն էապես տարբերվում էր Պուտինի և իշխող դասի բյուրոկրատական լեզվից և բարձրացնում էր շատերին հուզող խնդիրներ, այդ թվում՝ կոռուպցիան՝ կոնկրետ կառավարական անդամներին անվանելով և դատապարտելով:
Միևնույն ժամանակ, Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի և այլ խոշոր քաղաքների երիտասարդների համար զարգացած կապիտալիստական տնտեսության տարածումը և համաշխարհային մշակույթների ու գաղափարների հետ ծանոթացումը նպաստում էին կարծիքների և վարքագծի բազմազանությանը, ներառյալ քաղաքական ոլորտում: Սա նրանց ավելի շատ հնարավորություն էր տալիս կասկածի տակ դնել պետության կողմից քարոզվող արժեքները:
Ռեժիմի համար այս իրադարձությունները անմիջական սպառնալիք չէին ներկայացնում: Ռուսաստանի բնակչության ծերացումը նշանակում էր, որ տարեց սերունդն ավելի բազմամարդ էր, քան երիտասարդը: Բացի այդ, նրանք ավելի հաճախ էին մասնակցում ընտրություններին: Սակայն ավելի մեծ անհանգստություն առաջացնում էր այն փաստը, որ երիտասարդները կարող էին գլխավորել քաղաքական ակտիվությունը: 2018 թվականից հետո սոցհարցումները ցույց էին տալիս, որ երիտասարդ ռուսները, հատկապես դեռահասներն ու երիտասարդները, այլ կերպ էին վերաբերվում պետությանը՝ նրանք ավելի քիչ էին աջակցում կառավարությանը, ավելի ազատ էին, բաց աշխարհի և նոր տեղեկատվության համար, և ավելի մեծ հավանականությամբ աջակցում էին ընդդիմությանը, որը ներկայացնում էր Նավալնին:
Կրեմլը, որը գնալով ավելի ավտորիտար էր դառնում, չէր կարող թույլ տալ, որ այս երիտասարդական մշակույթը զարգանա: Այն սկսեց մրցել ընդդիմության հետ նոր սերնդի համար՝ հատկապես ակտիվորեն ներշնչելով «հայրենասիրություն», առաջարկելով ինքնազարգացման գործիքներ երիտասարդական կազմակերպություններում և խթանելով ռազմական ծառայության հանդեպ հետաքրքրությունը՝ որպես ապագա կարիերայի մեկնարկ: Իսկ երբ չէր հաջողվում համոզել ենթարկվել, օգտագործվում էր բռնությունը՝ Կրեմլի դաժան ճնշումները բողոքի ակցիաների և դեռևս ակտիվ անկախ լրատվամիջոցների դեմ, ինչպես նաև ճնշումների ուղիղ ուժեղացումն այս ժամանակներում վտանգավոր էին դարձնում ցանկացած բողոքական գործողություն:
2022 թվականին «հատուկ ռազմական գործողության» մեկնարկից հետո ռեժիմը գնաց էլ ավելի հեռուն: Իշխանությունները պարզապես արգելափակեցին կամ արգելեցին անկախ լրատվամիջոցները, և, տարօրինակ կերպով, ամենաշատ քաղաքականապես ակտիվ երիտասարդների արտագաղթը հեշտացրեց ռուսական իշխանությունների՝ լռություն ապահովելու խնդիրը: Ինքը՝ ռազմական հակամարտությունը, ռեժիմին նոր հնարավորություն տվեց դաստիարակելու երիտասարդներին: Ռուսաստանին անհրաժեշտ են զինվորներ, ՏՏ մասնագետներ, ռազմաարդյունաբերական համալիրի աշխատողներ, ինչպես նաև հնազանդ երիտասարդ սերունդ, որը մեծացել է ռևանշիստական և պարզեցված պատմությամբ, որը քարոզվում է նոր դասագրքերում:
Կրեմլն այժմ քիչ է հետաքրքրվում ավագ սերնդի վրա քարոզչությամբ ազդեցություն գործելու հարցում՝ դրա համար բավարարում է պետական հեռուստատեսությունը: Պետության ջանքերի և հզորության մեծ մասը այժմ ուղղված է նրանց երեխաներին: Արդյունքում, թեև երիտասարդ սերունդները մեծ ոգևորություն չեն ցուցաբերում հակամարտության հանդեպ, հիմնականում աջակցում են դրան: Դպրոցականներն ու ուսանողները նույնպես ներգրավվում են ռազմական գործողություններում: Շատերը, օրինակ, օգնում են արտադրել քողարկիչ ցանցեր և մոմեր, որոնք օգտագործվում են խրամատներում: Ռուսաստանի որոշ դպրոցներում հիմա նույնիսկ անօդաչու սարքեր են հավաքում, այսինքն՝ երեխաները մոտ 16 տարեկանից սովորում են այս արհեստը (Պուտինը վերջերս հանդիպել էր նրանցից մի քանիսի հետ):
Խոշոր երիտասարդական կազմակերպությունները, որոնք պետությունը ստեղծել է, որպեսզի միավորեն երիտասարդներին ռեժիմի աջակցությամբ, մեծ դեր են խաղում: Դրանք են «Յունարմիա»-ն, «Առաջինների շարժումը» և ուսանողական ակումբները՝ «Ես հպարտ եմ», որոնց այսօր անդամակցում են միլիոնավոր երիտասարդ և դեռատի ռուսներ:
Թեև ռուս երիտասարդները դեռևս պարտավոր չեն այդ կազմակերպություններին անդամակցել, ինչպես դա կար խորհրդային ժամանակներում, այս կազմակերպությունները հիմնված են խորհրդային մոդելների վրա, որոնց նպատակը բոլոր երիտասարդների ներգրավումն ու գաղափարական դաստիարակությունն է։
Եթե Ռուսաստանի երիտասարդ սերունդը ավելի ու ավելի նկատելի է դարձել հայրենասիրական ակցիաներում, ապա դիմադրության ակտերից այն խուսափում է: Երիտասարդ դերասանները, գրողները և արվեստագետները լռում էին, երբ պետությունը կարգապահորեն ոչնչացնում էր հին թատրոնը, հին կինոն և անկախ գրականությունը: Նրանք լռում էին, երբ քանդվում էին կրթական ու մշակութային հաստատություններն ու դպրոցները, որոնց կառուցումը տևել էր տարիներ, կամ երբ տասնամյակներով հիացմունքի արժանացած նշանավոր մասնագետները ենթարկվում էին խարանման և հետապնդումների:
[շարունակելի]
Աղբյուրը՝ foreignaffairs.com

թարգմանեց՝
Արայիկ Մկրտումյանը

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *