Սփիւռք

Արթնացում Հանուն Հայաստանի Ու Հայության

Այս ընտրությունը ծնում է պետության կայացման անհերքելի պահանջ, որի ղեկավարումը չի կարող հիմնվել, ինչպես նախկինում, հանցագործ և կոռումպացված խմբիշխանությունների կողմից վերահսկվող կամայական իշխանությանը հպատակվելու վրա՝ ի նպաստ անձնական շահերի:

Սփյուռքի Քաղաքացիական Հասարակության Ներկայացուցիչներ

Հոկտեմբերի 14֊ին մի խումբ պատվարժան հայեր հանդես եկան շատ կարևոր մի հռչակագրով։ Այնտեղ անվերապահ աջակցություն են հայտնում Հայաստանի Հանրապետությանն ու զորակցում հայկական պետականության ամրացմանն ու կայացմանը։

Սա անշուշտ ոգևորող էհատկապես, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը գտնվում են հետպատերազմյան ծանր սթրեսային իրավիճակում, ապրում են կես֊պատերազմ, կես֊խաղաղություն պայմաններում։ Եվ այս ֆոնին ուրախալի է, որ Սփյուռքի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ինքնաբուխ կերպով նման նախաձեռնողականություն են ցուցաբերում ի շահ Հայաստանի։ Հոսանք, որ այս ամենը շարունակական կլինի և նման ինքնաբուխ գործողություններ կձեռնարկեն կամ, առնվազն կմասնակցեն Սփյուռքում ապրող և գործող բազմաթիվ հայկական կազմակերպություններ և միություններ, մի կողմ դնելով անձնական քաղաքական նկրտումներն ու լոկալ շահերը, քանի որ խոսքը գնում է Մայր Հայաստանի հայրենիքի ու պետության և նրա պահապան հայ ժողովրդի մասին։

Բայց, այս ամենը ոգևորող լինելով հանդերձ, մնում է շատ անորոշ։ Որովհետև հստակ չէ, թե օրինակ այս հռչակագիրը արդյո՞ք արձագանք գտնելու է, թե այն կարճ,շրջանառության մեջ է դրվելու և մոռացվելու։

Ընդհանրապես Սփյուռքը մեկ բան պետք է հստակ հասկանա և ընդունի։ Աշխարհն այլևս 70֊80 ականների տեխնոլոգիական պոզիտիվիզմի և 60֊ականների ռոմանտիկ rock and roll-ի աշխարհը չէ։ Լիբերալիզմի ճգնաժամային պահն է և Հայաստանն ամենաբիրտ կերպով առնչվեց դրան։ Ու 44֊օրյա պատերազմից, 2023թ. Արցախի կորստից հետո մենք բոլորով պիտի հասկանանք, որ կոչերի ժամանակն անցել է, այլ ու ավելի որոշիչ գործողություններ են պետք։ Հայրենիքը հեռահար սիրելը օգուտ չունի, եթե դա գործնական առումով չի շարունակվում։ Հայաստանն եւ հայ ժողովուրդը այժմ կարիք ունեն ծանրախոհ ու լրջմիտ պահվածքի և Սփյուռքի մեր ակնկալիքներն առաջին հերթին դրանք են։ Պարզապես հռչակագրերը, կոչերը և հայտարությունները այլևս ոչինչ չեն նշանակում, որովհետև քանի դեռ հայկական խմբերը Սփյուռքում երկար֊բարակ ծանրութեթև են անում, թե արդո՞ք արժե միմյանց բարևել, հետո անվերջ ժողով անել, հետո նոր ինչ բան որոշել, ապա Ալիևը շատ արագ ու գործուն է։ Նա անվերջ հանդիպում է Պուտինի հետ, պայմանավորվում Էրդողանի հետ, հազարավոր այլ կոնկրետ գործողություններ ձեռնարկում, որոնք, ի տարբերություն հայկական ձախողված իրականության, իրոք խնդիրներ են առաջացնում մեզ համար, որին մենք հակադարձում ենք երբեմն երբեմն` բանավոր և անորոշ։
Անհրաժեշտ է, որ Սփյուռքը ևս գիտակցված վերակազմավորվել, գոնե այնպես, որ Բաքուն գիտենք, որ իր ամեն քայլը կտրուկ հակադարձվելու և հետևանք է ունենալու։

Հուսանք, որ Սփյուռքի ներկայացուցիչները ևս կհասնեն ձեռնամուխ լինելու այդ և այլ խնդիրների գործնական լուծումներ գտնելուն։

Մեր Ուղին

Ստորև ներկայացնում ենք հռչակագիրը`

ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՉ. ՍՓՅՈՒՌՔԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՎՈՐՎՈՒՄ Է ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՊԱԳԱՅԻ
2024 թվականի սեպտեմբերի 21-ին Ֆրանսիայի, Բելգիայի և Շվեյցարիայի ծագումով հայ կամ Հայաստանի ապագայով մտահոգված մի խումբ քաղաքացիներ հայտարարություն են տարածել՝ աջակցելով Հայաստանի ինքնիշխանությանը։ «Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության Հռչակագիր» անունը կրող նախաձեռնությունն աջակցում է օրհասական պահին Ադրբեջանի հետ տարածքային մշտական առճակատման մեջ գտնվող Հայաստանին, որը ձգտում է դիրքերն ամրապնդել միջազգային հարթակում: Հռչակագիրը ստորագրողները, որոնց թվում են իրավաբաններ, խոշոր գործարարներ, ակադեմիկոսներ և արվեստագետներ, պնդում են, որ լիակատար ինքնիշխանության ընդունումը կարևոր է Հայաստանի՝ որպես ժողովրդավարական պետության կայացման և զարգացման համար:
Երեսուներեք տարի առաջ անկախության հռչակումից և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության համար մղված երեք պատերազմից հետո, Հայաստանի Հանրապետությունը, որն իր տարածքի հարավային շրջանների նկատմամբ հավակնություններ ունեցող և արդեն իր արևելյան սահմանի 240 կմ²-ոց հատվածը գրաված Ադրբեջանի հետ նոր առճակատման առջև է կանգնած, որոշել է արձագանքել այդ գոյութենական սպառնալիքներին՝ ինքնիշխանության հաստատմամբ ու պետության ամրապնդմամբ:
Մենք հավանություն ենք տալիս այս ընտրությանը, քանի որ ժողովրդի գոյատևմանը կամ ազատագրմանը ուրիշ ընտրություն չկա, քան անդադար աշխատելը՝ ի պաշտպանություն սեփական շահերի և գաղափարների՝ իր իսկ ուժերով և իր համար:
Մենք պաշտպանում ենք այս ընտրությունը, քանի որ պետության պաշտպանությունը կախված է նրանից, արդյոք այն կարող է զսպող ռազմական ներուժ և սեփական ու անպայմանորեն իրատեսական անվտանգային ու պաշտպանական ռազմավարություն ունենալ, որն արդյունավետ և հետևողական կլինի: Նրա գործընկերության հուսալիությունը կախված կլինի իր՝ լիովին ինքնիշխան պետություն դառնալու հավաստիությունից, որն ունակ կլինի ոչ ասելու և հակահարված տալու, երբ իր տարածքային ամբողջականությունը վտանգված է:
Մենք ընդունում ենք այս ընտրությունը, քանի որ պետության կայացումը կախված է միջազգային ասպարեզում իրական դերակատար դառնալու հավակնությունից, որը ստիպում է նրան բազմապատկել իր խաղաքարտերը և կախված չլինել մեկ հաղթաթղթից, որը բոլոր դեպքերում պարտվողական ռազմավարություն է:
Ինքնիշխանությունը նշանակում է հպատակության ցանկացած կարգավիճակի բացառում՝ մուսուլմանական պետությունում այլակրոն հպատակությունից մինչև վասալությյուն, որն ամեն անգամ պարտադրվում է հայերին՝ նրանց առավել թուլացնելու և իրենց ճակատագիրը տնօրինելու համար:
Այս ընտրությունը ծնում է իրավական պետության կայացման անհերքելի պահանջ, որի ղեկավարումը չի կարող հիմնվել, ինչպես նախկինում, հանցագործ և կոռումպացված խմբիշխանությունների կողմից վերահսկվող կամայական իշխանությանը հպատակվելու վրա՝ ի նպաստ անձնական շահերի: Ընդհակառակը, այսուհետ նա շարունակելու է իր օրինականությունն ամրապնդել ժողովրդավարական կառավարմամբ և ժողովրդի կողմից ազատ և անաչառ ընտրությունների միջոցով իրեն տրված մանդատով։
Մենք՝ Ֆրանսիայի, Բելգիայի և Շվեյցարիայի երկմշակույթ կամ Հայաստանի ապագայով մտահոգ քաղաքացիներս, աջակցում ենք հայ ժողովրդին ինքնիշխանության ընտրության հարցում, որը 1915 թվականին ծրագրված բնաջնջումը վերապրած և այսօրվա սպառնալիքներին դիմակայող ժողովրդի կյանքի և վերածննդի ընտրությունն է։
Սա նաև հայ տղամարդկանց և կանանց հույսի ընտրությունն է, որոնք հաստատակամորեն ընդունում են ազատ և պատվով ապրելու մարտահրավերը՝ ընձեռելով իրենց երեխաներին արժանապատիվ և բարեկեցիկ ապագա ունենալու և իրենց ապրուստն այս երկրում վաստակելու հնարավորություն։
Վերջապես, կարող ենք հայ քաղաքացիների կողքին կանգնել՝ համախմբվելով անցյալի կապանքներից և անգո տեսիլներից զերծ իրական նպատակի շուրջ։ Վաղուց ժամանակն է անցնել ինքնիշխան պետության կառուցմանը, որը նոր հնարավորություններ կընձեռի Հայաստանի Հանրապետությանը։
Փարիզ, Բրյուսել, Ժնև և Երևան, 21 սեպտեմբերի, 2024թ․
Առաջին ստորագրողներ՝
Ալեքսանդր Արմեն Գույումջյան (փաստաբան), Միշել Մարյան (էսսեիստ), Թալինե Փափազյան (քաղաքագետ, «Armenia Peace Initiative»-ի տնօրեն), Ռոբեր Այդաբիրյան (նախկին գործադիր), Էրիկ Դադյան (գործարար), Միշել Դավուդյան (գործարար), Ֆրանսուա Դևեջյան (փաստաբան), Պատրիկ Դոնապետյան (միջնադարյան արվեստի մասնագետ, պատմաբան), Դանիել Դոնիգյան (գործարար), Դենիս Տոնիկյան (գրող), Ռենե Ձագոյան (գրող), Գոհար Գալուստյան (հանրային իրավունքի դասախոս), Սեսիլ Գյուլ (խորհրդատու), Սիրիլ Հարպուտլյան (գործարար), Ստեֆան Հասբանյան (փաստաբան), Ֆիլիպ Հունեման (փիլիսոփա, կենսաբան), Գրեգուար Ջախյան (փաստաբան), Ժակ Քեբադյան (կինոռեժիսոր), Ժորժ Կեպենեկյան (բժիշկ, Լիոնի նախկին քաղաքապետ), Ռազմիկ Քեուչյան (հասարակագիտության դասախոս), Ռեյմոն Հարություն Գևորգյան (պատմաբան), Ստեֆան Քրիստենսեն (փիլիսոփա), Ժան Պիեռ Մահե (արևելագետ), Ժերար Մալքասյան (փիլիսոփա), Կլոդ Մութաֆյան (մաթեմատիկոս, պատմաբան), Վինսենթ Նիորե (փաստաբան, Փարիզի Փաստաբանների պալատի նախկին փոխնախագահ), Միշել Պետրոսյան (կոմպոզիտոր), Ֆիլիպ Պու (գործարար), Շարլի Սանսոնետի (բեմադրիչ), Սասուն Սաուգին (էկոնոմիկայի նախարարության նորարարության բաժնի նախկին տնօրեն), Աստղիկ Սիրանոսյան (թավջութակահար), Շուշան Սիրանոսյան (ջութակահար), Ֆիլիպ Ս. Սուքիասյան (ուսուցիչ), Ժերար Չոլակյան (փաստաբան), Նաիրա Զորոյան (փաստաբան)։
Հռչակագիրը ստորագրելու համար կարող եք այցելել www.armeniesouveraine.org (2024թ. հոկտեմբերի 15-ից)

Թարգմանեց`

Ժակլին Մինասյանը

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *