Հայաստան

Պուտին֊Էրդողան Առևտուր

Էական է, թե արդյոք Ռուսաստանի նախագահ Պուտինը պատրա՞ստ է թեկուզ Շոլցի հետ կառուցողական քննարկումներ սկսել, նա առհասարակ պատերազմը դադարեցնելու մտադրություն ունի՞, թե ամեն ինչ իմիտացիա է:

Վահրամ Աթանեսյան

Պուտինը կընդունի՞ Էրդողանի «միջնորդությունը»

Հոկտեմբերի 19-ին Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը հյուրընկալել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին: Բանակցություններից հետո համատեղ մամուլի ասուլիսին կողմերը բացահայտել են, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտության հարցում տրամագծորեն ներհակ դիրքորոշում ունեն:

Ռուսաստանյան փորձագիտական շրջանակները, սակայն, տեսակետ են հայտնում, որ Շոլցը Թուրքիա է մեկնել բոլորովին այլ առաքելությամբ, և ուշադրություն են հրավիրում այն իրողությանը, որ Գերմանիայի կանցլերը ՌԴ նախագահի հետ երկխոսություն վերսկսելու մտադրություն է հայտնել, ինչին Կրեմլից դրական են արձագանքել: Այս առումով առանձնահատուկ կարևորություն է տրվում Վլադիմիր Պուտինի հայտարարությանը, որ Մոսկվան պատրաստ է ուկրաինական կարգավորման բանակցությունները վերսկսել 2022թ. Ստամբուլում նախաստորագրված փաստաթղթի հիմքով:

Եվրոպական առաջատար երկրներից Գերմանիան առանձնանում է ուկրաինական կարգավորման նկատմամբ հետաքրքրվածությամբ: Բեռլինը բավական պահպանողական է Ուկրաինային ռազմավարական նշանակության սպառազինություններ տրամադրելու հարցում, իսկ Թուրքիան, չնայած ՆԱՏՕ-ի անդամ է, արդեն երրորդ տարին է՝ համառորեն չի միանում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին:

Համադրելով Ուկրաինայի հարցում Թուրքիայի և Գերմանիայի «խորքային մոտեցումները»«Նեզավիսիմայա գազատա»-ի մեկնաբանը չի բացառում, որ Էրդողան-Շոլց բանակցությունների հիմնական թեման «Պուտին-Շոլց երկխոսության հարցում Թուրքիայի նախագահի միջնորդության քննարկումն է եղել»:

Հնարավոր է՝ լրատվամիջոցին այդ ենթադրությունն անելու համար հուշում արվել է ՌԴ ԱԳՆ-ից կամ նախագահի աշխատակազմից, բայց ակնառու է, որ Գերմանիայի կանցլերի Ստամբուլ մեկնելուց հազիվ երկու օր անց Անկարա է գործուղվել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիգիբան:

Թուրք պաշտոնակից Ֆիդանի հետ բանակցություններից հետո Սիգիբան հայտարարել է, որ «Ուկրաինայում պատերազմի արդարացի դադարեցման միակ ճանապարհը Կիևի առաջարկած խաղաղության բանաձևն է»:

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարն օրվա վերջում արժանացել է Թուրքիայի նախագահի ընդունելությանը: Այդ մասին տեղեկատվությունը չափազանց սուղ է. «Նախագահ Էրդողանն ընդունել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիգիբային: Բանակցություններն ընթացել են Անկարայի նախագահական համալիրում: Ներկա է գտնվել նաեւ արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը», – հայտնում է «Անադոլուն»:

Բարդ է ասել՝ Վլադիմիր Զելենսկին արտգործնախարար Սիգիբային Անկարա է գործուղել, որպեսզի վերջինս Էրդողանին Շոլց-Պուտին երկխոսության հարցում միջնորդ լինելուց տարհամոզի՞, թե՞ Կիեւը փորձում է «առանձնացնել գործընթացին իր ավանդը բերել»:

Բայց Շոլց-Պուտին երկխոսության, Էրդողանի միջնորդության և «ստամբուլյան համաձայնությունների հիմքով կարգավորման բանակցություններ սկսելու» մասին բոլոր դատողությունները միայն տեսական են, հավանականության ոլորտից:

Էական է, թե արդյոք Ռուսաստանի նախագահ Պուտինը պատրա՞ստ է թեկուզ Շոլցի հետ կառուցողական քննարկումներ սկսել, նա առհասարակ պատերազմը դադարեցնելու մտադրություն ունի՞, թե ամեն ինչ իմիտացիա է: Ստամբուլում 3+3 հարթակի քննարկումներից հետո ՌԴ արտգործնախարար Լավրովն ուկրաինական կարգավորման մասին հարցին պատասխանելիս հիշեցրել է Պուտինի հունիսի 14-ի հայտարարությունը և ամփոփել, որ այն «մնում է ուժի մեջ»: Իսկ դա Ուկրաինայի կապիտուլյացիայի վերջնագիր է: Կարելի է, թերևս, ենթադրել, որ Պուտինը միայն հռետորաբանության նշաձողն է բարձրացրել, իսկ իրականում նա «կարող է փոխզիջման գնալ»: Բայց որքանո՞վ է պահանջված Թուրքիայի միջնորդությունը, եթե Պուտինը հնարավորություն ունի Արևմուտքի հետ «ուղղակի գործարքի հասնել»:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *