Բայդենը «լեզվի թռիչք է ունեցել» և ասել, որ տեղյակ է Իրանին հարվածելու իսրայելական ծրագրին: Մի քանի օր անց ամերիկյան մամուլում հայտնվել են հույժ գաղտնի փաստաթղթեր: Դրանք վկայում են, որ Իրանի դեմ Իսրայելի ռազմական ծրագրավորումներն իրականացվում են ԱՄՆ հետ համաձայնությամբ:
Վահրամ Աթանեսյան
Հոկտեմբերի 22-ին ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը հերթական անգամ այցելել է Իսրայել: Նույն օրը Նաթանյահուի գրասենյակը պաշտոնապես հաստատել է, որ Լիբանանի հարավից արձակված ԱԹՍ-ն Կեյսարիայում գրոհել է վարչապետի նստավայրը: Գրեթե անմիջապես «Հեզբոլլան» հայտարարել է, որ ուղղակի և անմիջական պատասխանատվություն է ստանձնում կատարվածի համար:
Նաթանյահու-Բլինքեն դեմ առ դեմ բանակցությունները տևել են մոտ երկուսուկես ժամ, որից հետո հարցերը քննարկվել են մասնագետների մասնակցությամբ: Իսրայելի վարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրությունից պարզ է դառնում, որ Նաթանյահուն ԱՄՆ-ին աջակցության համար շնորհակալություն է հայտնել, բայց մնացել է իր տեսակետին. հրադադար կարող է հաստատվել այն դեպքում, երբ Իսրայելը հասնի նպատակներին, այն է՝ պատանդների վերադարձ, ՀԱՄԱՍ-ի և «Հեզբոլլայի» ռազմական ենթակառուցվածքների ոչնչացում և հստակ երաշխիքներ, որ Գազան այլևս երբեք հրեական պետության վտանգ չի ներկայացնի:
ԱՄՆ վարչակազմը հազիվ թե քաջատեղյակ չէ Նաթանյահուի մոտեցումներին, ուստի տպավորություն է, որ պետքարտուղար Բլինքենը բանակցությունների է մեկնել ոչ այնքան Գազայում և Լիբանանի հարավում հրադադարի հասնելու, որքան Իսրայելի կողմից Իրանի դեմ նախապատրաստվող հարձակման հետ կապված «ճշգրտումներ անելու» առաքելությամբ:
Գերմանիայից Վաշինգտոն վերադարձի ճանապարհին նախագահ Բայդենը «լեզվի թռիչք է ունեցել» և ասել, որ տեղյակ է Իրանին հարվածելու իսրայելական ծրագրին: Մի քանի օր անց ամերիկյան մամուլում հայտնվել են հույժ գաղտնի փաստաթղթեր: Դրանք վկայում են, որ Իրանի դեմ Իսրայելի ռազմական ծրագրավորումներն իրականացվում են ԱՄՆ հետ համաձայնությամբ:
Այդ առթիվ Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին ասել է, թե ովքեր տեղյակ են Իրանի դեմ նախապատրաստվող հարձակումներին, հավասարապես պատասխանատու են: Ըստ իսրայելական աղբյուրների՝ ԱՄՆ պետքարտուղարը Նաթանյահուին խնդրել է Իրանի միջուկային օբյեկտներին և նավթային ենթակառուցվածքներին չհարվածել, բավարարվել միայն ռազմական թիրախներով:
Հոդվածը՝ 1in.am կայքից։