Նրանք մանդատ վայր չեն դնի, որովհետև չեն ստանա այնքան ձայներ, ինչքան ստացել են 2021-ին։
Անդրիաս Ղուկասյան
Խորհրդարանական ընդդիմությունը մանդատ վայր չի դնի, որովհետև չի ստանա այնքան ձայներ, ինչքան 2021-ին.Ղուկասյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Հայ կառուցողական կուսակցության» նախագահ, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը.
– Պարո՛ն Ղուկասյան, խորհրդարանի լիագումար նիստում քննարկում են Ադրբեջանի հետ սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովների գործունեության կանոնակարգը, ինչին ընդդիմադիր երկու խմբակցություններն էլ չեն մասնակցոում։ Ինչո՞ւ է ընդդիմությունը նման որոշում կայացրել, եթե նկատի ունենանք, որ այս հարցի վերաբերյալ հանձնաժողովի նիստի քննարկմանը մասնակցում էր։
– Մասնակցել այդ նիստին, նշանակում է մասնակցել քննարկման, որտեղ առարկայական հարցն ըստ իս հետևյալն է՝ առանց խաղաղության պայմանագրի նման կանոնակարգ, որ առաջարկում են ընդունել, կարո՞ղ է գործել, թե՞ ոչ։ Դա շատ լուրջ, արմատական դիսկուրս է, ու ընդդիմությունը, իմ կարծիքով, որոշեց հեռու մնալ այդ դիսկուրսից, որովհետև այն այսպես թե այնպես առնչվում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը։
Հարց է առաջանալու՝ ըստ էության այդ տապալված համաձայնագիրը կարո՞ղ է շարունակել հրադադարի համար հիմք հանդիսանալ, թե՞ այն պետք է փոխարինվի նոր միջազգային համաձայնագրով։ Այստեղ, ուզեն թե չուզեն, այդ քննարկման մասնակիցները Ռուսաստանի դերակատարության հետ պիտի առնչվեն, ու, հավանաբար, այդ ամենը լուրջ խնդիր է, որովհետև խորհրդարանական ընդդիմությունը իրեն դիրքավորել է որպես տարածաշրջանում Ռուսաստանի արտաքին քաղաքականության աջակից, և պաշտպանել այդ քաղաքականությունը Հայաստանում, նշանակում է արդարացնել այն բոլոր գործողությունները, որոնք Ռուսաստանը կատարեց Արցախի նկատմամբ։ Ընդդիմության համար մասնակցությունը կարող էր իմիջի կորստի բերել, ենթադրում եմ, որ դա էր այդ քննարկմանը չմասնակցելու պատճառը:
– Իսկ գուցե այդ կերպ ընդդիմությունը փորձեց պատասխանատվությունից խուսափե՞լ, որովհետև ասում են, չէ՞, որ գործընթացն անօրինական է, ՍԴ-ի որոշումը՝ խախտումներով։
– Ես համակարծիք եմ, որ առանց խաղաղության պայմանագրի սահմանազատման կանոնակարգ չի կարող ընդունվել, որովհետև միջազգային պրակտիկայում այդ կանոնակարգը խաղաղության պայմանագրի հավելված է, բայց ես չեմ կարծում, թե այստեղ չմասնակցելը պատասխանատվությունից ազատում է, որովհետև մասնակցել ու դեմ քվեարկել, մասնակցել ու փաստարկներ ներկայացնել՝ ինչու է դա սխալ քաղաքականություն, ավելի ազնիվ դիրքորոշում կլիներ։ Բայց այդ դիրքորոշումը, ինչպես ասացի, ենթադրում է Ռուսաստանին քննադատելու ազատություն ունենալ, իսկ ընդդիմությունը կաշկանդված է այդ գործոնով։
– Այս օրերին ու սրանից առաջ միշտ տարբեր գործիչներ ընդգծել են, որ խորհրդարանական ընդդիմությունը պետք է վայր դնի մանդատները։ Դուք կո՞ղմ եք այս առաջարկին, և ինչո՞ւ ընդդիմությունը չի գնում այդ քայլին։
– Ընդդիմությունը կարող է մանդատները վայր դնել արտահերթ ընտրություններ նախաձեռնելու նպատակով միայն։ Ես ասում եմ, որ այսօր խորհրդարանական քաղաքական ուժերի դասավորությունն այնպիսին է, որ նրանցից ոչ մեկը հակված չէ արտահերթ ընտրությունների, ու ակնկալել, որ խորհրդարանական ընդդիմությունը կգնա այդպիսի քայլի, անիմաստ է։
Սա հանրության համար, իսկապես, կարող էր լավ լինել, հնարավորություն տալ վերանայելու 2021-ի ընտրության արդյունքները, բայց այն տրամաբանությամբ, որ դա նշանակում է, որ և՛ իշխանությունը, և՛ ԱԺ ընդդիմությունը, ինչպես հարցումներն են ցույց տալիս, չունեն հանրության վստահությունը։ Իսկ նման ընտրությունը հնարավորություն է տալիս էապես փոխել քաղաքական համակարգը Հայաստանում։ Իսկ այս պարագայում պարզ է, որ նրանք մանդատ վայր չեն դնի, որովհետև չեն ստանա այնքան ձայներ, ինչքան ստացել են 2021-ին։
Քրիստինե Աղաբեկյան