Հայաստան

Իվանիշվիլիի «Պյուռոսյան» Հաղթանակը

Վրացական իշխող և ընդդիմադիր էլիտաները համաձայնության կգնա՞ն: Այլընտրանքը Բիձինա Իվանիշվիլիի «պյուռոսյան հաղթանակն» է և ընդդիմության մարգինալացումը: Իսկ Վրաստանի քաղաքական «քառաձայն երգեցողությունից» շատ բան է կախված:

Վահրամ Աթանեսյան

Իվանիշվիլին «պյուռոսյան հաղթանա՞կ» է տարել

Վրաստանի ԿԸՀ հրապարակած վերջին տվյալները հաշվի առնելով՝ իրավիճակին տեղյակ աղբյուրներն ասում են, որ նոր խորհրդարանում «Վրացական երազանքը» կունենա պատգամավորական 88 մանդատ, լավագույն դեպքում՝ 90-91:

Այդ արդյունքը թույլ է տալիս ընտրել վարչապետ և կառավարություն ձևավորել: Բայց կա իրավական մի խոչընդոտ. սահմանադրությամբ նորընտիր խորհրդարանի անդրանիկ նիստ հրավիրում է երկրի նախագահը: Գործող վարչապետ Կոբախիձեն այս առթիվ հայտարարել է, որ եթե նախագահ Զուրաբիշվիլին «խոչընդոտի», խորհրդարանը, միեւնույն է, նիստ կգումարի: Վարչապետ նշանակելու համար պահանջվում է 76 «կողմ» ձայն:

Քվեարկության նախնական արդյունքների հրապարակումից հետո որոշ փորձագետներ արձանագրել են, որ «Հանուն Վրաստանի» կուսակցությունը, որ նույնպես հաղթահարել է հինգ տոկոսի շեմը, ԿԸՀ նախնական տեղեկությունները չճանաչելու մասին հայտարարություն չի տարածել:

Այդ կուսակցությունը գլխավորում է Գեորգի Գախարիան: Նա «Վրացական երազանքի» հետ համագործակցության անցած ճանապարհ ունի, պաշտոնավարել է որպես վարչապետ. որոշ դիտորդներ կասկածներ ունեին, որ նա, գուցե, Բիձինա Իվանիշվիլիի հետ «գաղտնի համաձայնություն ունի եւ կարող է նրա հետ կոալիցիա կազմել»:

Gergianews-ը հայտնում է, որ Գեորգի Գախարիան միացել է ընդդիմությանը և նույնպես չի ճանաչում ԿԸՀ հրապարակած արդյունքները: Նա նույնիսկ կոչ է արել «պաշտպանել ժողովրդի քվեները»:

Ի՞նչ քայլերի կդիմի վրացական ընդդիմությանը կամ չի դիմի՝ պարզ կլինի առաջիկա մի քանի օրերին: Բայց եթե ընտրությունների արդեն պաշտոնական արդյունքներով «Վրացական երազանքն» ունենա պատգամավորական առավելագույնը 90 մանդատ, ապա դա կլինի «պյուռոսյան հաղթանակ»: Բիձինա Իվանիշվլին զրկվել է նախընտրական սկզբունքային, հիմնարար նշանակության խոստումները կատարելու իրավական լծակներից:

Իվանիշվիլին քարոզարշավը տարել է խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ձեւավորելու նպատակով: Այդ դեպքում «Վրացական երազանքը» հնարավորություն կստանար առանց հանրաքվեի սահմանադրական փոփոխություններ կատարել, լուծել ընդդիմադիր կուսակցությունները փակելու, ԼԳԲ քարոզչությունն արգելելու և, բացառված չէ, Վրաստանի եվրաինտեգրման քաղաքականության դրույթը սահմանադրությունից հանելու հարցերը:

Խորհրդարանի ներկայիս դասավորությամբ թվարկված հարցերից և ոչ մեկը իրավական լեգիտիմ ճանապարհով հնարավոր չէ լուծել: Ավելին, չի գործի նաև վարչապետ Կոբախիձեի սպառնալիքը, որ խորհրդարանը հենց առաջին նիստում պաշտոնանկ կանի նախագահ Զուրաբիշվիլիին, եւ «ոչ ոք նրա կոկորդիլոսի արցունքներին չի հավատա»: Նախագահին հնարավոր է օմփիչմենթի ենթարկել 100 պատգամավորի «կողմ» քվեով, իսկ «Վրացական երազանքը» կունենա լավագույն դեպքում 90 մանդատ:

Ասել, թե այսպիսի դասավորությունը նույնպես «քաղտեխնոլոգիայի արդյունք» է, թերևս, չափազանցություն կլինի, բայց եթե Իվանիշվիլին նախընտրական խոստումներ տվել է ոչ միայն Վրաստանի քաղաքացիներին, այլեւ ուժային որոշ կենտրոնի եւ զրկվում է հռչակած նպատակներն իրագործելու լծակներից, ապա Վրաստանի նոր կառավարությունը կանգնելու է լուրջ խնդիրների առաջ:

Իվանիշվիլին խոստացել է սահմանադրությամբ առանձնահատուկ կարգավիճակ շնորհել Վրաց ուղղափառ եկեղեցուն: Քվեարկությունից երկու օր առաջ ՎՈՒԵ Պատրիարք-կաթողիկոսը կոչ է արել ընտրություն կատարել «հօգուտ ազգային և կրոնական արժեքների՝ ակնհայտորեն աջակցելով իշխող կուսակցությանը: ՎՈՒԵ-ն առայժմ ակնկալածը չի ստանա:
Չափազանց ինտրիգային է նաև ազգային փոքրամասնությունների խնդիրը: Իրազեկ աղբյուրները հայտնում են, որ Քվեմո Քարթլիի ադրբեջանաբնակ ռեգիոնում և Սամցխե-Ջավախեթիում, որտեղ հայ բնակչությունը հարաբերական մեծամասնություն է կազմում, իշխող կուսակցությունն ստացել է քվեների համամետաբար 95 և 90 տոկոսը:

Հոկտեմբերի 26-ի քվեարկությունը, այսպիսով, ոչ միայն չի լուծել Վրաստանի ներքին և արտաքին քաղաքական խնդիրները, այլև բացահայտել է նորերը: Խնդիր է, թե այդ իրավիճակն ինչպե՞ս է կառավարվելու: (Չկառավարելու տարբերակը պետք է բացառել, որովհետեւ այդ դեպքում Վրաստանը կվերադառնա քաղաքացիական և պարտիզանական պատերազմի փորձությանը, ինչը կսադրի հարավ-կովկասյան լայնածավալ անկայունություն): Սահմանադրական մեծամասնություն չստանալով՝ «Վրացական երազանքը» փաստացի կես-իշխանություն է ստանում, մի իրավիճակ, որ ընդդիմության հետ կոնսենսուսի հնարավորություն է: Վրացական իշխող և ընդդիմադիր էլիտաները համաձայնության կգնա՞ն: Այլընտրանքը Բիձինա Իվանիշվիլիի «պյուռոսյան հաղթանակն» է և ընդդիմության մարգինալացումը: Իսկ Վրաստանի քաղաքական «քառաձայն երգեցողությունից» շատ բան է կախված:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *