Հայաստան

Նոր Նախագահ, Նոր Առաջադրանք

Հայաստանը պետք է խոշոր հաշվով պատրաստ լինի աշխատել ԱՄՆ նոր քաղաքական սերնդի հետ: Այդ սերունդը ձևավորվելու է անխուսափելիորեն, և այն, թերևս, լինելու է առավել բազմաշերտ, քան լոկ դեմոկրատ կամ հանրապետական բաժանումը:

Հակոբ Բադալյան

ԱՄՆ 47-րդ նախագահն ու Հայաստանի գլխավոր առաջադրանքը

Մի քանի ժամ անց աշխարհին հայտնի կլինի ԱՄՆ 47-րդ նախագահի անունը: Այդ կարգավիճակի համար պայքարում են նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ու փոխնախագահ Քամալա Հարիսը: Ավելորդ է թերևս խոսել այն մասին, որ ԱՄՆ նախագահի ընտրության արդյունքն ունի ազդեցություն ոչ միայն ամերիկացիների, այլ նաև միջազգային կյանքի վրա, հետևաբար նաև Հայաստանի:

Հայաստանում վերջին շաբաթներին և օրերին շատերն են փորձում կռահել կամ կանխագուշակել, թե ո՞վ կընտրվի նախագահ՝ հասկանալու համար, թե ում ընտրության դեպքում առավել շահեկան կլինի Հայաստանի համար: Հայաստանի համար, սակայն, խնդիրը, թերևս, առավել լայն է, քան Թրամփ, թե Հարիս հարցադրումը: Եվ ավելի լայն, քան նույնիսկ հանրապետական, թե դեմոկրատական վարչակազմ հարցադրումը:

Երբ մենք խոսում ենք համաշխարհային հիմնարար փոփոխությունների մասին, դա նշանակում է նաև էական փոփոխություններ ոչ միայն աշխարհակարգում, այլ նաև այդ աշխարհակարգը ձևավորող առանցքային խաղացողների ներքին կյանքում, ներքին հասարակական-քաղաքական հարաբերություններում: Այդ փոփոխություններն ԱՄՆ-ում կլինեն մի կերպ, Ռուսաստանում այլ, Չինաստանում, Ֆրանսիայում, Բրիտանիայում, Իրանում կամ Թուրքիայում՝ յուրովի, բայց դրանք լինելու են անխուսափելի, քանի որ նոր աշխարհակարգը ենթադրելու է նաև այն կազմող առանցքային դերակատարների ոչ անվանական, սակայն որակական նորություն:

Այդ իմաստով, Հայաստանը բոլոր դեպքերում պետք է առաջնորդվի այն տրամաբանությամբ, որ գործ է ունենալու փոփոխվող Միացյալ Նահանգների, և հեռանկարում՝ նոր Միացյալ Նահանգների հետ: Հաճախ է խոսվում, որ Հայաստանը պետք է պատրաստ լինի աշխատել թե՛ հանրապետական, թե՛ դեմոկրատական վարչակազմի հետ, պատրաստ լինի թե՛ Թրամփի վերադարձին, թե Հարիսի ընտրությանը: Անկասկած: Սակայն, Հայաստանը պետք է խոշոր հաշվով պատրաստ լինի աշխատել ԱՄՆ նոր քաղաքական սերնդի հետ: Այդ սերունդը ձևավորվելու է անխուսափելիորեն, և այն, թերևս, լինելու է առավել բազմաշերտ, քան լոկ դեմոկրատ կամ հանրապետական բաժանումը: Դասականությունն ամերիկյան քաղաքական համակարգում այլևս չի արտացոլում այդ համակարգի կենսագործունեության ամբողջությունը: Սա է Հայաստանի, ինչպես նաև ամերիկահայ համայնքի, ԱՄՆ հայկական կազմակերպությունների գլխավոր առաջադրանքը ներկայիս շրջափուլի և ապագայի համար:

Հոդվածը՝ 1in.am կայքից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *