Պարզ չէ, թե ինչպես կարող է Պեկինը ազդեցություն ունենալ իր հարևանների ռազմական գործողությունների վրա։
Bloomberg
Պուտինի և Կիմի դաշինքը խախտեց Սիի հավասարակշռումը Ուկրաինայի հարցում։
Ռուսաստան-Հյուսիսային Կորեա նոր դաշինքը նոր խնդիր է առաջացնում Չինաստանի նախագահ Սի Ծինպինի համար: Պեկինի վրա աճող միջազգային ճնշում կա, որը պահանջում է զսպել իր երկու մերձավոր դիվանագիտական գործընկերներին։ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նշել է, որ ամերիկացի պաշտոնյաները կոչ են արել Պեկինին օգտագործել իր ազդեցությունը՝ «զսպելու այս գործունեությունը» ակտիվ բանակցությունների ընթացքում։ Հարավկորեացի բարձրաստիճան պաշտոնյան լրագրողներին ասել է, որ զորքերի տեղակայումը Չինաստանի շահերից չի բխում՝ հավելելով, որ Սեուլը խնդրել է Պեկինի պաշտոնյաներին պատասխանատու դեր խաղալ կոնֆլիկտում։
Սիի համար սա դիվանագիտական խնդիր է, որը ծագել է վտանգավոր ժամանակահատվածում։ Չնայած վերջին տարիներին Չինաստանը եղել է Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի խոշորագույն հովանավորը, երբ Սիի ղեկավարած Չինաստանը փորձում է մարտահրավեր նետել ԱՄՆ-ի գլխավորած համաշխարհային կարգին, միևնույն ժամանակ նա փորձում է Պեկինը չեզոք դիրք ներկայացնել Ուկրաինայի կոնֆլիկտի վերաբերյալ՝ փորձելով բարելավել հարաբերությունները ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հետ։ Քանի որ Չինաստանի տնտեսությունը դժվարություններ ունի և կախված է արտահանումից, Պեկինը շահագրգռված է արտաքին հարաբերությունների կայունությամբ։
Կիմի և Պուտինի գործընկերությունը խախտում է Սիի նուրբ հավասարակշռումը երկու ճակատում։ Ռուսաստան-Հյուսիսային Կորեա հարաբերությունները ոչ միայն կարող են խստացնել Չինաստանի տնտեսական ճնշումները, այլև հակասում են Պեկինի այն փաստարկներին, որ ԱՄՆ-ը չպետք է ռազմական դաշինքներ ունենա տարածաշրջանում։ Զորքերի տեղակայումը, հավանաբար, «ավելի սերտ ուշադրության և ճնշման կհանգեցնի Չինաստանի վրա», ասում է Ջոն Լ. Թորնթոնի Չինաստանի կենտրոնի և Բրուքինգսի ինստիտուտի գիտաշխատող Պատրիցիա Կիմը։ Նրա կարծիքով՝ պարզ չէ, թե ինչպես կարող է Պեկինը ազդեցություն ունենալ իր հարևանների ռազմական գործողությունների վրա։
«Պեկինը զգույշ կլինի՝ չհրահրելու հանրային դժգոհություն Փհենյանի կամ Մոսկվայի կողմից… Սակայն Հյուսիսային Կորեայի էսկալացիայի մասին մտավախությունների աճի դեպքում դա կարող է Չինաստանի առաջնորդներին մղել դեպի զուսպ դիվանագիտություն իրենց եվրոպացի, ասիացի և ամերիկացի գործընկերների հետ», — ասել է Կիմը։
Չինաստանը հրապարակավ չի արձագանքել Հյուսիսային Կորեայի զորքերի ուղարկմանը Ռուսաստան։ Սա վկայում է այն մասին, որ Կիմը լրացուցիչ ռիսկեր է ավելացրել աշխարհաքաղաքական իրավիճակում։ ԱԳՆ խոսնակ Լին Ջյանը Պեկինում ուրբաթ օրը կայացած հերթական բրիֆինգում հայտարարել է, որ Պեկինին «հայտնի չեն Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի համագործակցության մանրամասները»՝ հրաժարվելով մեկնաբանել:
Ռուսաստանից ստացվող օգնության հոսքը նշանակում է, որ Կիմն ավելի քիչ է կախված Չինաստանից։ Հյուսիսային Կորեայի պետական լրատվամիջոցները, կարծես, ցույց են տալիս դինամիկայի փոփոխությունը՝ նվազեցնելով Պեկինի հետ բարեկամության թեմայով հռետորաբանությունը և ավելի շատ գովաբանելով Ռուսաստանին։ Փհենյանը նաև ակտիվացրել է պաշտոնական փոխանակումները Մոսկվայի հետ, վերջինը՝ արտգործնախարարի այցն է Ռուսաստան։
Կորեայի ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Վիկտոր Չան կարծում է, որ Ռուսաստանի աջակցությամբ Հյուսիսային Կորեան կարող է վտանգի տակ դնել Պեկինի նպատակները՝ տարածաշրջանում կայունություն պահպանելու համար։ Մոսկվա-Փհենյան անվտանգության դաշինքը, նշել է նա, արդեն մղել է Սեուլին վերանայելու Ուկրաինա մահաբեր զենք ուղարկելու արգելքի վերացման հնարավորությունը։
«Եթե հարավկորեական զենքը հայտնվի Ուկրաինայում՝ և այն օգտագործվի հյուսիսկորեացիներին սպանելու համար, ինչպե՞ս կարձագանքի Կիմը», – ասում է Չան։
Ինչ էլ որ լինեն Սիի համար առաջացող ռիսկերը, առայժմ պարզ չէ, թե Չինաստանը արդյոք այդ դաշինքի ծախսերը համարում է բավարար ծանրակշիռ՝ իր քաղաքական կապիտալը ներդնելու համար։ «Չեմ կարծում, որ Չինաստանը լավ դիրքում է՝ նրանց ասել, թե ինչ պետք է անեն… Չեմ հավատում, որ նրանք կհետևեն, եթե Չինաստանը այդ ուղղությամբ գնա», – կարծում է չինական բանակի պաշտոնաթող սպա Չժոու Բոն։ Եթե Պեկինը պահանջի Մոսկվայից դադարեցնել ռազմական կոնֆլիկտը, դա կարող է «Պեկինին զրկել կարևոր գործընկերից», կարծում է Ասիական հասարակության քաղաքականության ինստիտուտի Չինաստանի ուսումնասիրությունների կենտրոնի աշխատակից Նիլ Թոմասը։
«Դժվար թե Պեկինը արձագանքի այնպես, որ խաթարի Մոսկվայի հետ աճող դիվանագիտական, տնտեսական և ռազմական համագործակցությունը… Ավելի հավանական է, որ նա կխթանի իր սեփական կապերը Փհենյանի հետ», – հավելել է նա։
Աղբյուրը`
Թարգմանեց`
Արայիկ Մկրտումյանը