Միևնույն ժամանակ, առանցքային է լինելու, թե ինչպիսի ընթացք կունենա ուկրաինական պատերազմը: Թրամփը հայտարարել է, որ գիտի դրան վերջ տալու ձևը: Ուկրաինայի նախագահ Զելենսկին ևս առաջիններից մեկը շտապել է շնորհավորել Թրամփին:
Հակոբ Բադալյան
Նոյեմբերի 7-ին Բուդապեշտում մեկնարկում է Եվրոպական քաղաքական համայնքի հերթական գագաթնաժողովը: ԱՄՆ նախագահի ընտրության արդյունքի ֆոնին այն ստացվում է բավականին հատկանշական: Դոնալդ Թրամփի ընտրությունն էական փոփոխություն կենթադրի ԱՄՆ-ԵՄ հարաբերությունում, և հնարավոր է նաև Եվրամիության ներսում ուժերի հարաբերակցությունում:
Մասնավորապես, Թրամփի հետ համատեղ աշխատանքային հաղորդակցություն է հաստատել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որը ձգտում է Եվրոպայում ձևավորել աջ ուժերի բևեռ: Օրբանը ներկայումս նաև ԵՄ նախագահն է, քանի որ նախագահող երկիրը Հունգարիան է՝ մինչև տարեվերջ: Եվրամիության ներկայիս ղեկավարության և Օրբանի ջրերը չեն հոսում նույն առվով: Ինչ ընթացք կունենա այդ «ջրերի հունը» Թրամփի ընտրությունից հետո: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը առաջիններից մեկն է շնորհավորել Դոնալդ Թրամփին:
Եվրամիությունից առաջին շնորհավորողը եղել է Օրբանը, երկրորդը՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը: Մակրոնն է եվրոպական քաղաքական համայնքի նախաձեռնողը՝ 2022 թվականից: Այդ նախաձեռնության նպատակը Եվրոպայի անվտանգության ապագա ճարտարապետությունը քննարկելն է, և Մակրոնը որպես նախաձեռնության հիմնավորում դիտարկել է այն, որ Թրամփի վերադարձի դեպքում կարող են փոխվել ԱՄՆ քաղաքականության մոտեցումները ու Եվրոպան պետք է ձևավորի անվտանգության իր ճարտարապետությունը՝ հաշվի առնելով ինքնուրույնության հանգամանքը: Թրամփի ընտրությունն Օրբանի դիրքերից բացի, կամրացնի՞ նաև Մակրոնի փաստարկներն ու դիրքերը:
Միևնույն ժամանակ, առանցքային է լինելու, թե ինչպիսի ընթացք կունենա ուկրաինական պատերազմը: Թրամփը հայտարարել է, որ գիտի դրան վերջ տալու ձևը: Ուկրաինայի նախագահ Զելենսկին ևս առաջիններից մեկը շտապել է շնորհավորել Թրամփին: Սպիտակ տուն նրա վերադարձը էապես փոխել է Բուդախեշտում կայանալիք եվրոպական քաղաքական համայնք նախաձեռնության գագաթնաժողովի միջավայրը, գագաթնաժողովը թերևս դարձնելով բավականին նշանակալի և վճռորոշ՝ առնվազն եվրոպական նոր տրամադրությունները ուրվագծելու համար: Ինչպես հայտնի է, գագաթնաժողովին մասնակցելու է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Անկասկած է, որ Եվրոպայում ուժերի հարաբերակցության, տրամադրությունների և մոտիվների վերանայումներն էական նշանակություն են ունենալու նաև Հայաստան-Եվրոպա հարաբերության համար: