ՄԵՐ ՈՒՂԻՆ

Թրափն Ընդդեմ Հարիսի Կամ Հայ Ազատագրական Առասպելի Հերթական Արարը

Չմտածեցինք առնվազն երկու թեզ մշակել՝ թեկնածուներից ամեն մեկի հաղթանակի դեպքում աշխատելու համար, ճկուն լինելու համար։ Մեր մտքով չանցավ, այնպիսի առաջարկ անել ԱՄՆ-ին, որ թե՛ Հարիսը, թե՛ Թրամփը ցանկանան մեզ հետ աշխատել։ Մենք միայն սպասեցինք ու հուսացինք, հուսացինք ու խաբվեցինք, խաբվեցինք, հետո հաշտվեցինք, մոռացանք ու նորից ամեն ինչ կրկնվում է այս էլ արդեն քանի հարյուր տարի։

Արայիկ Մկրտումյան

ԱՄՆ նախագահի ընտրությունների մեկնարկից դեռ գրեթե մեկ տարի առաջ հայերն իրար ապացուցում էին, որ Թրամփի/Հարիսի հաղթանակը մեր փրկությունն է։ Ու Թրամփ/Հարիս կողմնակիցների “հայապահպան” թեզերը բացի ծիծաղելի լինելուց նաև շատ կարևոր մի երևույթ են ընդգծում՝ օտարից սպասվող փրկության աննահանջ հավատը։

Ո՞վ է փրկելու մեզ։ Թրա՞մփը, թե՞ Հարիսը։ Կարևոր չէ։ Կարևորն այն է, որ այս անգամ Հայ ազատագրական առասպելը երկու ֆավորիտ ուներ՝ Թրամփը և Հարիսը։ Կարևոր չէ, թե ինչ թեզեր էին առաջ քաշում թրամփասերներն ու հարիսասերները։ Կարևորն այն է, որ նրանք, դժբախտաբար հավատում են պայմանական Հարիսի հաղթանակի հայանպաստ շարունակությանը այնպես, ինչպես դարերով հավատացել են տասնյակ արքաների ու առաջնորդների ու “հայաբար” են պատկերացրել նրա գործունեությունը։ Ու հավատացել են, որ տվյալ դեմքը գործելու է հանուն հայերի ու Հայաստանի։

Չհաշված առանձին անհատների, մենք նորից երազախաբ եղանք, երբ մեր փրկությունը սկսվեց պատկերացվել, որ գլոբալիստ Հարիսը կփրկի նաև Հայաստանը։ Այո՛, գուցե մի թեկնածուի պլանների մեջ Հայաստանին ավելի մեծ ուշադրություն էր դարձված կամ գուցե նաև ԱՎԵԼԻ ՀԱՅԱՍԵՐ ձևացավ այս անգամ(ինչպես և միշտ, բոլոր ընտրություններից առաջ)։ Իսկ միգուցե մի թեկնածուն փորձեց լուսավորվել մյուսի կեղտի հաշվին։ Գուցե, բայց դա մեզ հետաքրքիր չէ։ Մեզ հետաքրքիր է մեր երևակայությունն ու այնտեղ մեզ անձնազոհ փրկող հերթական ներկայացուցիչը։

Քաղաքագիտական շրջանակներում Հարիսի ու Թրամփի մասին խոսելիս, շատերը նշում են, որ այդ թեկնածուների գլոբալ քաղաքականությունը տարբերվում է ու ըստ դրա Հայաստանը կրելու է դրա հետևանքը։ Բայց մենք ի՞նչ գիտենք ամերիկյան քաղաքականության հայեցակարգի մասին։ Մենք արդյո՞ք վստահ ենք, որ գիտենք, թե Հարիսը կամ Թրամփը ում հետ ինչ են պայմանավորվելու։ Ի վերջո խոսքը գնում է ԱՄՆ մասին, ոչ թե փոքրիկ ռեգիոնալ մարզի։ Ու ԱՄՆ քաղաքականությունը, որ բազմաշերտ է ու բազմատարր, այնպիսի շահեր ու հետապնդումներ ունի, որ մեր փոքրիկ հայկական վերլուծական մտքին մնում է նորից ֆանտազիայի գիրկն ընկնել, ու հետո՝ հիասթափվել։ Ինչպես միշտ։

Այնպես ինչպես, որ մենք ոչ մի բան չգիտենք Ռուսաստանի, Չինաստանի, ԵՄ խոշոր երկրների հայեցակարգային ռազմավարության մասին, բայց “վերլուծություններ” ենք անում, այնպես էլ այս անգամ Թրամփ-Հարիս պայքարը դարձրինք փոքրիկ մի թաղապետի ընտրություն, որտեղ շատ լավ երևում է, թե ով ում բարեկամն է։

Բայց մենք չմտածեցինք առնվազն երկու թեզ մշակել՝ թեկնածուներից ամեն մեկի հաղթանակի դեպքում աշխատելու համար, ճկուն լինելու համար։ Մեր մտքով չանցավ, այնպիսի առաջարկ անել ԱՄՆ-ին, որ թե՛ Հարիսը, թե՛ Թրամփը ցանկանան մեզ հետ աշխատել։ Մենք միայն սպասեցինք ու հուսացինք, հուսացինք ու խաբվեցինք, խաբվեցինք, հետո հաշտվեցինք, մոռացանք ու նորից ամեն ինչ կրկնվում է այս էլ արդեն քանի հարյուր տարի։

Վաղը Հայ ազատագրական առասպելը նոր ֆավորիտներ է առաջ քաշելու ու մենք էլի փրկություն ենք պահանջելու նոր դեմքից։ Ամեն ինչ տարբեր է լինելու, բացի մեր գավառական պատկերացումներից։ Մենք աշխարհը շարունակելու ենք ընկալել երկու գյուղի միջև ընկած մի դաշտի համար տարվող կռիվ, ուր իրար հետ կռվողները խոշոր հաշվով խնամիներ են։

Ու այսպես մենք կշարունակենք սպասել ու հուսալ, որ “վաղը” մեզ փրկություն ու նորություն կբերի, մինչև որ հերթական “վաղը” մեզ գերեզման գլորի։

Դե իսկ գերեզմանում էլ կդադարենք սպասել ու հուսալ։ Իսկ մինչ այդ մնում է խմել, զվարճանալ ու աղոթել։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *