Նա պատրաստվում է Ուկրաինայում համաձայնության գալ Ռուսաստանի հետ՝ ուկրաինական պատերազմի մասով, կարող է ուզենալ նաև Պուտինի հետ համաձայնության գալ Հարավային Կովկասի վերաբերյալ, այդ ժամանակ մենք բավական ծանր վիճակում կարող ենք հայտնվել։
Հրաչյա Արզումանյան
Պետք է սպասել, թե Թրամփն ինչպես կձևավորի իր քաղաքականությունն աշխարհում, Հարավային Կովկասում, իսկ մինչ այդ պետք է շատ զգույշ լինել. Հրաչյա Արզումանյան
«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է քաղաքական գիտությունների դոկտոր, ազգային անվտանգության հարցերի փորձագետ Հրաչյա Արզումանյանը
– Պարո՛ն Արզումանյան, Հարավային Կովկասում հատկապես ի՞նչ զարգացումներ կարելի է ակնկալել Վրաստանում ու ԱՄՆ-ում տեղի ունեցած ընտրություններից հետո։
– Այո՛, ընտրություններն ավարտվել են, բայց անցումային շրջան է, Թրամփը դեռ պաշտոնապես չի ստանձնել նախագահի պաշտոնը, իսկ այս շրջանը բավականին վտանգավոր է, որովհետև «խուլիգանները» կարող են տարածաշրջաններում ակտիվանալ՝ Ռուսաստանն Ուկրաինայում կարող է ակտիվանալ, մեր տարածաշրջանում կարող է ակտիվություն սկսվել, որովհետև Բայդենն արդեն չի հասցնում, Թրամփը դեռ չի եկել։ Պետք է սպասել, թե Թրամփն ինչպես կձևավորի իր քաղաքականությունն աշխարհում, Հարավային Կովկասում, իսկ մինչ այդ պետք է շատ զգույշ լինել, հիմնականում նոյեմբեր ամսին։
– Մինչև COP29‑ը Ադրբեջանը կգնա՞ արկածախնդրության։
– Չեմ կարծում, բայց դրանից հետո պետք է զգույշ լինել, որովհետև կարող են ԱՄՆ-ին մասնակի կաթվածահար անել աշխարհում ու տարածաշրջանում։ Այստեղ հիմնական զսպող ուժը, որը չէր թողնում Ռուսաստանին և Թուրքիային ակտիվ գործողությունների անցնել, ԱՄՆ‑ն ու ԵՄ‑ն էին։ Հիմա վերջիններս այս անցումային շրջանում զբաղված են լինելու, իսկ այդ ընթացքում հնարավոր է, որ Հարավային Կովկասում նրանց ազդեցությունն ու ուշադրությունը թուլանան, ինչը նշանակում է, որ հայկական կողմը պետք է զգոն լինի ու վտանգավոր զարգացումներ տեսնելու դեպքում պատրաստ լինի «աղմուկ» բարձրացնելու:
– Այդ վտանգավոր զարգացումները լինելու են ռազմական գործողությունների՞ տեսքով։
– Հնարավոր չէ կանխատեսել, կարող են լինել նաև այդ տեսքով, պատերազմը չի ավարտվել, մենք ունենք ԵՄ քաղաքացիական դիտորդներ և այլն, բայց նորից եմ կրկնում՝ ԱՄՆ-ում փոփոխություններ են, որոնք դուր չեն գա ԵՄ-ին, ԵՄ‑ն պատրաստվում է իր ներքին խնդիրներին, ու Հարավային Կովկասը նրանց համար հիմնական ուղղություն չէ, ու կարող է Հարավային Կովկասի համար ժամանակ չլինել արդեն։
Մենք պետք է կարողանանք ճիշտ աշխատել նաև սփյուռքի միջոցով, բայց հիմնական խնդիրը Հայաստանի իշխանությունն է, որովհետև Նիկոլ Փաշինյանը թույլ է որպես առաջնորդ։ Ընտրություններից հետո ոչ թե հանգստություն եկավ, այլ այդ լարվածությունը շարունակվում է, ու մինչև Թրամփը չստանձնի պարտականությունները, այդ լարվածությունը հաստատ մնալու է։
– Ձեր գնահատմամբ՝ Հարավային Կովկասը Թրամփի համար կարևոր տարածաշրջա՞ն է լինելու, թե՞ ոչ։
– Հարավային Կովկասը՝ Հայաստանը, ցավոք սրտի, մնում է ռուս-թուրքական ազդեցության գոտի, Նիկոլ Փաշինյանը չուզեց այդ խնդիրը լուծել այն հանգիստ ժամանակներում, իսկ Թրամփի համար դա Պուտինի տարածքն է:
Մենք տեսնում ենք, որ նա պատրաստվում է Ուկրաինայում համաձայնության գալ Ռուսաստանի հետ՝ ուկրաինական պատերազմի մասով, կարող է ուզենալ նաև Պուտինի հետ համաձայնության գալ Հարավային Կովկասի վերաբերյալ, այդ ժամանակ մենք բավական ծանր վիճակում կարող ենք հայտնվել։ Հայկական դիվանագիտության մեջ պետք է լուրջ շրջադարձեր տեղի ունենան, բայց չեմ կարծում, թե Փաշինյանի թիմում կան մարդիկ, որ պատրաստ են դա անելու։
– Եթե ենթադրենք, որ մեր տարածաշրջանի մասով էլ Պուտինն ու Թրամփը պայմանավորվածության են գալիս, ապա ի՞նչ ռիսկեր են առաջանալու Հայաստանի համար։
– Դա խնդրի մի կողմն է, իսկ մյուսն այն է, որ անկանխատեսելի է, թե Թրամփն ինչպիսի քաղաքականություն կձևավորի Ուկրաինայի, Հայաստանի նկատմամբ: Հենց այդ ժամանակ է, որ դիվանագիտությունը պետք է զգա, թե ինչ է կատարվում ու շատ նրբորեն աշխատի, իսկ հայկական քաղաքականությունն ու դիվանագիտությունը միշտ եղել են սպասողական, Նիկոլ Փաշինյանը միշտ պատասխանում է քայլերին, իսկ հիմա մոտենում են ժամանակներ, որ դու պետք է քո քայլերն անես բոլոր դեպքերում, այլ ոչ թե սպասես։ Իսկ Նիկոլ Փաշինյանի թիմը դրան ունակ չէ։
Շատ դժվար ժամանակներ են լինելու, որովհետև Թրամփն անկանխատեսելի է մնալու, հիմա չպետք է փորձել ենթադրությունների մեջ մտնել, ուղղակի պետք է ընդունել, որ ապագան դարձել է անկանխատեսելի։ Իսկ դա նշանակում է, որ Հայաստանի ու հայ ժողովրդի համար խիստ կարևոր է դառնում՝ ինչպե՛ս փոխել Նիկոլ Փաշինյանին հարցը, որովհետև կյանքը ցույց տվեց, որ նա պատրաստ չէ ճիշտ ու արդյունավետ լուծումներ տալու: Նրան փոխելը մեզ համար առաջնային է դառնում, որովհետև նա անընդունելի էր պատերազմի ժամանակ, հետպատերազմական ժամանակաշրջանում։
Քրիստինե Աղաբեկյան
MediaLab.am
