Միջազգային

Ադրբեջանը, COP-29-ը Եւ Ակնկալիքները

Ադրբեջանը սկզբունքորեն մերժել է ղազախական նավթը Բաքու-Ջեյհան խողովակաշարով արտահանելու առաջարկությունը՝ Ղազախստանին թողնելով Ռուսաստանից մեծագույն կախվածության մեջ: Բաքու-Աստանա հարաբերություններին բարդություն է հաղորդել Ֆրանսիայի նախագահ Մակրոնի Ղազախստան այցը:

Վահրամ Աթանեսյան

Ադրբեջանը Ղազախստանի եւ Թուրքմենստանի հետ «հարկադիր սպասման» ռեժիմում է։ Նոյեմբերի 11-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը գրեթե համաժամանակյա հայտնել է Տաջիկստանի, Ուզբեկստանի եւ Ղրղզստանի նախագահների Բաքու ժամանելու մասին: Նրանք Ադրբեջանի մայրաքաղաքում են որպես Կլիմայի հարցերով Միավորված ազգերի կազմակերպության միջազգային խորհրդաժողովի հյուրեր:
Ադրբեջանական կողմը Ղազախստանի եւ Թուրքմենստանի նախագահներ Տոկաեւի եւ Բերդիմուհամեդովի Բաքու այցի մասին տեղեկություն չեն հայտնել: Թուրքմենստանի նախագահի պաշտոնական կայքը հասանելի չէ, ղազախստանյան akorda.kz-ն Տոկաեւի Ադրբեջան ուղեւորվելու մասին լուր չի փոխանցում: Համենայն դեպս, Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքի ամենաթարմ տեղեկությունը նրա եւ Զարգացման ասիական բանկի նախագահի բանակցությունների մասին է:
Թուրքմենստանը եւ Ղազախստանը Կենտրոնական Ասիայի էներգակիրներով հարուստ երկրներ են, նրանց տնտեսության կառուցվածքում նավթի եւ գազի արդյունահանումը, արտահանումը մեծ նշանակություն ունեն: Ղազախստանը նաեւ հայտնի է նավթի վերամշակման եւ այդ հիմքով քիմիական արտադրության ձեռնարկություններով:
Կլիմայի հարցերով միջազգային խորհրդաժողովը նվիրված է հանքային էներգակիրների արդյունահանման ծավալների կրճատման, մթնոլորտային արտանետումները կրճատելու, այսպես կոչված «կանաչ էներգիայի» արտադրությունը խթանելու հարցերին: Ղազախստանը եւ Թուրքմենստանը չեն կարող այդ խնդիրները շրջանցել: Բայց Թուրքմենստանը եւ Ադրբեջանը, չնայած որ Թուրքական պետությունների կազմակերպության անդամ են, անկախությունից ի վեր Կասպից ծովում նավթա-գազային երկու հանքավայրի պատկանելության հարցում տեւական հակասությունների մեջ են, միաժամանակ մրցակցում են Եվրամիության էներգետիկ անվտանգության ապահովման առաջատարության հարցում:
Ղազախստանի հետ Ադրբեջանի հարաբերությունները մինչեւ վերջին ժամանակներս առերեւույթ անխոչընդոտ էին: Աստանայում Տոկաեւի իշխանության գալուց հետո Բաքվի հետ հակասություններ են ծագել: Նախ, Ադրբեջանը սկզբունքորեն մերժել է ղազախական նավթը Բաքու-Ջեյհան խողովակաշարով արտահանելու առաջարկությունը՝ Ղազախստանին թողնելով Ռուսաստանից մեծագույն կախվածության մեջ: Բաքու-Աստանա հարաբերություններին բարդություն է հաղորդել Ֆրանսիայի նախագահ Մակրոնի Ղազախստան այցը: Իսկ վերջերս պետական այցով Փարիզում է գտնվել Ղազախստանի նախագահ Տոկաեւը: Մակրոն-Տոկաեւ համատեղ հայտարարության մի կետ նվիրված է հայ-ադրբեջանական կարգավորմանը, որով Փարիզը եւ Աստանան սահմանում են ապագա պայմանագրի իրավական հիմքը՝ միջազգային իրավունքի սկզբունքներ, ՄԱԿ-ի Կանոնադրություն եւ Ալմա-Աթայի 1991թ. հռչակագիր: Փարիզի եւ Աստանայի այդ հարցում համախոհությունը, ճիշտ է, իրավաբանական վճիռ չէ, բայց քաղաքական լուրջ ազդակ է, որ Ադրբեջանի իշխանություններին չի կարող չանհանգստացնել: Մանավանդ որ Ֆրանսիայի հետ Ադրբեջանի հարաբերությունները ծայրահեղ լարված են: Վերջերս Փարիզում Նոր Կալեդոնիայում ծայրահեղ անջատողականների խումբ է ձերբակալվել, որ գործել է Բաքվից ստացած ֆինանսական միջոցներով:
Ղազախստանի եւ Թուրքմենստանի նախագահներ Տոկաեւը եւ Բերդիմուհամեդովը գուցե Բաքվի միջազգային խորհրդաժողովին կմիանան ավելի ուշ: Այդ միջոցառումը տեւելու է մոտ տասը օր եւ, հնարավոր է, որեւէ պանելային քննարկում Աստանայի եւ Աշխաբադի համար ակտուալ լինի նախագահների ներկայությամբ: Բայց խորհրդաժողովի հանդիսավորությունն Իլհամ Ալիեւի համար ավելի կարեւոր է: Մանավանդ որ գործնական սպասելիքները մեծ չեն: Առավելագույնը, ինչին մեկ տարի ձգտել է Ադրբեջանի նախագահը, միջոցառման բարձր ներկայացուցչականության ապահովումն ու քաղաքական հեղինակությունն է: Իսկ դա ոչ մի առումով չի ստացվել, տասնյակ երկրների առաջնորդներ, որ նախապես Բաքու այցելելու համաձայնություն էին տվել, վերջին պահին հրաժարվել են: Նման դեպքերում պատճառաբանություն միշտ գտնվում է:
Բարդ է կանխատեսել, թե կոմունիկացիաների, էներգետիկ եւ կապի միջոցների ներդրման ծրագրերում որտեղ կհակադրվեն կամ կհամադրվեն Ադրբեջանի եւ Ղազախստանի, Ադրբեջանի եւ Թուրքմենստանի շահերը, ինչ ընթացք կունենա Կենտրոնական Ասիա-Եվրամիություն, Կենտրոնական Ասիա-Չինաստան համագործակցությունը: Քաղաքականությունը երբեք մեկ ուղղությամբ եւ միագիծ շարժում չէ, լինում են վերելքներ եւ վայրէջքներ, զարգացում եւ ստագնացիա: Առայժմ Ադրբեջանը Ղազախստանի եւ Թուրքմենստանի հետ «հարկադիր սպասման» ռեժիմում է:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *