Իրանի արտգործնախարարի հայտարարությունն ուշագրավ է ԱՄՆ նախագահի ընտրության արդյունքի ֆոնին, որը Եվրոպայի համար եղել է բավականին մտահոգիչ, քանի որ Թրամփից սպասվում է Եվրոպայի հանդեպ ավելի նվազ ուշադրություն, նվազ հանձնառություններ, միաժամանակ ավելի մեծ պահանջներ:
Հակոբ Բադալյան
Իրանը գործա՞րք է առաջարկում Եվրոպային՝ Թրամփի ընտրության ֆոնին
Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին Եվրոպային կոչ է արել չեղարկել Իրանի դեմ պատժամիջոցներն ու սկսել երկխոսություն: «Ես պատրաստ եմ եվրոպացիների հետ երկխոսության՝ Ռուսաստանի հետ մեր համագործակցության վերաբերյալ: Եկեք երկխոսենք և մի կողմ թողնենք պատժամիջոցները: Դրանք միայն բարդացնում են խնդիրները և երբեք չեն օգնել լուծել Իրանի հետ խնդիրը: Իմ հայտարարությունը սա է՝ մոռացե՛ք պատժամիջոցները: Դրանք չեն աշխատել նախկինում, չեն աշխատում հիմա և չեն աշխատելու ապագայում»,- ասել է Իրանի արտգործնախարարը: Ուշադրության է արժանի ձևակերպումը, որ ինքը պատրաստ է եվրոպացիների հետ երկխոսել Ռուսաստանի հետ գործակցության ձևաչափի վերաբերյալ:
Ի՞նչ է ակնարկում Իրանի արտգործնախարարը, որ Թեհրանը պատրաստ է պատժամիջոցների չեղարկման պայմանավորվածության դիմաց հրաժարվե՞լ Ռուսաստանի հետ ռազմավարական մեծ պայմանագրից: Այդ պայմանագրի շուրջ աշխատանքը, սակայն, ավարտելու մասին Մոսկվան ու Թեհրանը հայտարարել են վաղուց, սակայն պայմանագիրը չի ստորագրվում, թեև նախանշում են որոշակի ժամկետներ: Օրինակ՝ սպասվում էր, որ պայմանագիրը պետք է ստորագրվեր Կազանում ԲՐԻԿՍ գագաթնաժողովի ընթացքում: Հետո, սակայն, հայտարարվեց, որ պայմանագիրը կստորագրվի Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանի Մոսկվա այցի ընթացքում, որպեսզի լինի առավել հանդիսավոր: Թե երբ կկայանա այդ այցը, դեռևս պարզ չէ:
Սակայն տպավորություն է, որ խնդիրը ոչ թե պայմանագրի ստորագրման անտուրաժն է, այլ պայմանագրի ստորագրումն ինքնին, կապված գուցե բովանդակային որոշակի անհամաձայնությամբ, կամ Իրանի կարկամությամբ: Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսիի ողբերգական մահից հետո նախագահի պաշտոնում Մասուդ Փեզեշկիանի ընտրությունը ռուսական կողմի մոտ առաջ էր բերել պայմանավորվածությունների պահպանման վերաբերյալ ակնհայտ մտահոգություն: Փեզեշկիանը, նաև Գերագույն հոգևոր առաջնորդ Խամենեին հայտարարեցին, որ Իրանը հավատարիմ կլինի Ռայիսիի նախագահության ընթացքում ձեռք բերած համաձայնություններին:
Հնարավոր է, իհարկե, որ Իրանի արտգործնախարարը Եվրոպային ակնարկում է ոչ թե պատժամիջոցների չեղարկման դիմաց Ռուսաստանի հետ պայմանագրից հրաժարվելու պատրաստակամության մասին, այլ պատրաստակամություն հայտնում բացատրել Եվրոպային, որ այդ պայմանագիրը եվրոպական անվտանգության համակարգին դեմ չէ, և Իրանն առնվազն այդ մասով թույլ չի տա, որ այն ռիսկ կամ սպառնալիք լինի եվրոպական անվտանգությանը: Միևնույն ժամանակ, Իրանի արտգործնախարարի հայտարարությունն ուշագրավ է ԱՄՆ նախագահի ընտրության արդյունքի ֆոնին, որը Եվրոպայի համար եղել է բավականին մտահոգիչ, քանի որ Թրամփից սպասվում է Եվրոպայի հանդեպ ավելի նվազ ուշադրություն, նվազ հանձնառություններ, միաժամանակ ավելի մեծ պահանջներ:
Իրանը, ըստ ամենայնի, այդ ֆոնին Եվրոպային առաջարկում է գործակցություն՝ գուցե ընդհուպ Ռուսաստանի հետ միջնորդ լինելու համատեքստով: Իհարկե, ինքնին հարց է, թե ռուս-իրանական պայմանագրի հարցում ինչպիսի դիրքորոշում կունենա Դոնալդ Թրամփը, նրա ընտրությունն ինչպես կազդի այդ պայմանագրի ստորագրման հեռանկարի վրա: Որովհետև չի բացառվում նաև, որ պայմանագրի ստորագրումը, ըստ էության, ԱՄՆ նախագահի ընտրությունից հետո է մնացել հենց այն սպասումով, թե ի վերջո ով է ընտրվելու նախագահ: Դեմոկրատական վարչակազմի պաշտոնյաները հայտարարում էին պարբերաբար, որ ամեն ինչ անելու են Իրանի և ՌԴ միջև դաշինքի խորացում թույլ չտալու համար: Թրամփը լինելու է նո՞ւյն մոտեցմանը, թե՞ այդ հարցը նա կդարձնի առևտրի առարկա և կփորձի պարզապես այդ դաշինքի դիմաց կորզել հնարավորինս մեծ գին:
Հոդվածը՝ 1in.am կայքից։
