Հայաստան

Կիևը Եւ Մոսկվան Շտապում Են, Քանի Դեռ Թրամփը Չի Վերադարձել

Կուրսկի կորստի դեպքում Զելենսկին կարող է կորցնել կարևոր խաղաքարտը Մոսկվայի հետ հնարավոր բանակցություններում, որոնց, ըստ նրա, ինքը կգնա միայն, եթե Ռուսաստանը ամբողջությամբ դուրս գա Ուկրաինայից։

The Financial Times

Ուկրաինան և Ռուսաստանը պայքարում են առավելության համար՝ Թրամփի վերադարձի նախօրեին
Ուկրաինայի զինվորականները բուժաշխատողներին շտապ կերպով առաջնագիծ են ուղարկում` ռուսական հարձակման ուժեղացման ակնկալիքով, քանի որ երկու կողմերն էլ պայքարում են տարածքային առավելության համար՝ Դոնալդ Թրամփի Վաշինգտոն վերադառնալուց առաջ։
Զինվորական պաշտոնյաները, զինվորները և վերլուծաբանները առաջիկա ամիսները դիտարկում են որպես դիմակայության կարևոր փուլ։ Ուկրաինան փորձում է կայունացնել պաշտպանությունը և ամրապնդել դիրքերը, եթե ապագա ԱՄՆ նախագահը ստիպի նրան բանակցել Մոսկվայի հետ։
Վերջին ամիսներին Մոսկվան ուժեղացրել է հարձակումները, և Ուկրաինայի ԶՈւ-ը չի կարողացել պահպանել ճակատային գիծը երկրի արևելքում, որտեղ ռուսական զորքերը առաջ են շարժվում ավելի արագ, քան 2022 թվականի ընթացքում։ Ուկրաինայի պաշտոնյաները խոստովանել են, որ նրանց պաշտպանությունը «փլուզվում է» կենդանի ուժի պակասի պատճառով։
Կիևը սպասում է, որ հարձակումը կմեծանա, և ուկրաինական բանակի ներկայացուցիչը Financial Times-ին հայտնել է, որ ավելի շատ բուժանձնակազմ է ուղարկվում արևելյան ճակատ՝ առաջիկա ծանր մարտերի նախօրեին՝ «հատկապես հարավում և արևելքում»։
Հիմնական մարտը ծավալվում է նաև Ռուսաստանի Կուրսկի շրջանում։ Վլադիմիր Զելենսկին և արևմտյան հետախուզության ներկայացուցիչները հայտնել են, որ Ռուսաստանը պատրաստում է մոտ 50,000 զինվոր, այդ թվում՝ Հյուսիսային Կորեայից, նոր փորձի համար՝ ուկրաինացիներին հետ մղելու։
Բայց եթե Ուկրաինան կարողանա կանգնեցնել Ռուսաստանի հարձակումը և վերահսկողությունը ստանձնի մինչև Թրամփի՝ հունվարի 20-ին պաշտոնը ստանձնելը, բարձր մակարդակի ուկրաինացի պաշտոնյաները կարծում են, որ կկարողանան ցույց տալ, որ իրենք «մարտիկներ» և «հաղթողներ» են, ինչը կօգնի համոզել ընտրված նախագահին[Թրամփ] աջակցել իրենց։
Կիևի Պաշտպանական ռազմավարությունների կենտրոնի (ՊՌԿ) տվյալների համաձայն՝ Ռուսաստանը շտապում է վերադարձնել նվազագույնը Սուջա քաղաքը, որտեղ Ուկրաինան ստեղծել է ռազմական հրամանատարություն, կամ նույնիսկ այն ամբողջ տարածքը, որը Կիևը պահում է, մինչև Թրամփը ստանձնի պաշտոնը հունվարին։
10,000 հյուսիսկորեացի զինծառայողներ, որոնք վերջերս տեղափոխվել են ռուս զինվորների հետ մարտերին մասնակցելու համար, կարող են Կուրսկի շրջանում օգնել մոսկովյան կողմին։ «Դա հսկայական թիվ է։ Չի կարելի անտեսել այն», — ասել է արևմտյան հատուկ ծառայությունների բարձրաստիճան ներկայացուցիչը։
Կուրսկի կորստի դեպքում Զելենսկին կարող է կորցնել կարևոր խաղաքարտը Մոսկվայի հետ հնարավոր բանակցություններում, որոնց, ըստ նրա, ինքը կգնա միայն, եթե Ռուսաստանը ամբողջությամբ դուրս գա Ուկրաինայից։
Պուտինը, ում բանակը վերջին ամիսներին կայուն հաջողությունների է հասել, պատրաստ է բանակցել միայն այն դեպքում, եթե Կիևը ընդունի իր բոլոր պահանջները։ Deep State-ի տվյալներով՝ օգոստոսից ի վեր Ռուսաստանը գրավել է ավելի քան 1200 քառ. կմ Ուկրաինայի տարածքից՝ կրկնակի ավելի, քան այն, ինչ Կիևը պահում է Կուրսկի շրջանում։
Առաջնագծի 1000 կմ տարածքում ուկրաինական զորքերը դիմադրում են ռուսական օդային և ցամաքային հարձակումներին։ Կուրախովոյի մոտ գտնվող հրետանային ստորաբաժանման հրամանատարը, որտեղ բախումները ամենասուրն են, երկուշաբթի հայտնել է FT-ին, որ ռուսական զորքերը «հարձակում են գործում երեք ուղղություններով»։ Նա և իր զորքերը «պատրաստ են նահանջել», ասաց հրամանատարը, «բայց դեռևս վերևից հրաման չունենք»։
Կուրախովոն և 40 կմ հյուսիսում գտնվող Պոկրովսկը ուկրաինական բանակի կարևորագույն լոգիստիկ կենտրոններ են, որոնք ներկայումս զգալիորեն ավերված են։ Պոկրովսկի ծայրամասում գտնվող կոքսաքիմիական գործարանը, որն նույնպես ենթարկվել է հարձակման, Ուկրաինայի ամենախոշորն է և կարևոր նշանակություն ունի պողպատի արդյունաբերության համար։
Պաշտպանական ռազմավարությունների կենտրոնի (ՊՌԿ) գնահատականների համաձայն՝ դեկտեմբերին «ճակատային գիծը, հավանաբար, կտեղափոխվի ներկայիս դիրքից 30-35 կմ դեպի արևմուտք»։ Գեներալ-մայոր Դմիտրի Մարչենկոն անցած ամիս հայտարարեց, որ արևելյան ճակատը «քանդվում է» զինամթերքի և կենդանի ուժի պակասի պատճառով։ «Մարդիկ չափազանց հոգնած են։ Նրանք պարզապես չեն կարողանում պահել ճակատը», — ասաց նա։
Հրամանատարների և վերլուծաբանների կարծիքով Ուկրաինայի ամենամեծ խնդիրը շարունակում է մնալ անձնակազմի, հատկապես հետևակի համալրումը։ «Տարբեր բրիգադներում միջին տարիքը արդեն անցնում է 40 տարեկանը, և, կարծես, ճակատին բավարար համալրումներ չեն ուղարկվում», — ասում է Ֆրանց-Ստեֆան Գադին, Միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ռազմական վերլուծաբանն ու գիտաշխատողը, որը վերջերս այցելել է Ուկրաինա։
 Ուկրաինան պլանավորում է նոյեմբերից փետրվար ամիսներին զորակոչել ևս 160,000 զինծառայող, ինչը, ըստ Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի, թույլ կտա լրացնել զինվորական ստորաբաժանումները պահանջվողի մոտ 85%-ով։
Սակայն ռազմական փորձագետներն ու Կիևի բարձր մակարդակի պաշտոնյաներից մեկը սեպտիկ են այդ նպատակի հասնելու հարցում՝ հայտնելով, որ ավելի իրատեսական է սպասել մինչև 100,000 զորակոչ։
Նրանց կարծիքով՝ դա կլրացնի անձնակազմի պակասի մոտ կեսը, ինչը, միևնույն է, բարելավում կլինի, քանի որ որոշ ստորաբաժանումներ ներկայումս համալրված են պահանջվողի միայն մեկ երրորդով։
Մի քանի ուկրաինացի հրամանատարներ և զինվորներ հայտնել են, որ բանակում ավելի շատ տղամարդկանց ներգրավման ջանքերին խանգարում է անժամկետ զինվորական ծառայությունը։ «Շատ տղաներ այժմ ընդունում են մոբիլիզացիան որպես մահապատժի դատավճիռ», — ասում է մի հին ծառայող, որը զորակոչվել է 2022-ի գարնանը և դրանից հետո ընդմիջումներ չի ունեցել։
 Հայտնի ուկրաինացի լրագրող, զինվոր դարձած Ստանիսլավ Ասեևը կարծում է, որ «առանց ծառայության ժամկետների և պատրաստվածության որակի վերաբերյալ հստակ պատասխանի, նորակոչիկներն այնքան հուսահատված և անարդյունավետ կլինեն, որքան ներկայիս պատերազմից հոգնած հետևակը»։
Աղբյուրը`
https://www.ft.com/content/adbef9e8-43a5-4da6-b9fd-a193bd5cb10c

Թարգմանեց`
Արայիկ Մկրտումյանը 

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *