Հայաստան

Նաթանյահուի Շուրջ «Օղակը Սեղմվում» Է, Իսկ Նա Սրում Է Ռազմական Հռետորաբանությունը

Նաթանյահուի կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչն օրերս այցելել է Մոսկվա եւ առաջարկել, որ Ռուսաստանը երաշխավորի, որ Լիբանանում հրադադարի հաստատման դեպքում Սիրիայից «Հեզբոլլայի» ռազմական մատակարարումները կդադարեցվեն: Սիրիայում ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Լավրենտեւն այդ տեղեկությունը չի հերքել, բայց ասել է, որ Ռուսաստանը նման երաշխիքներ չի կարող տալ, որովհետեւ Սիրիայում ռուսական զորախումբը սահմանային հսկողություն իրականացնելու մանդատ չունի:

Վահրամ Աթանեսյան


Երուսաղեմի շրջանային դատարանը մերժել է վարչապետ Նաթանյահուի դատակոչը եւս երկուսուկես ամսով հետաձգելու միջնորդությունը, որ նրա փաստաբաններն են ներկայացրել՝ պատճառաբանելով, որ պատերազմական իրավիճակը հնարավորություն չի տալիս, որ կառավարության ղեկավարը ժամանակ հատկացնի եւ ծանոթանա քրեական երեք գործով իրեն առաջադրված մեղադրանքին:
Իսրայելական լրատվամիջոցները Նաթանյահուի քրեական հետապնդման մասին մանրամասնություններ չեն հայտնում, գործերը ծածկագրված են: Հայտնի է, որ դատարանը մի քանի անգամ ընդառաջել է պաշտպանական կողմի միջնորդություններին: Այս անգամ Երուսաղեմի դատարանը մնացել է անդրդվելի. Վարչապետ Նաթանյահուն դեկտեմբերի 2-ին հարկադրված կլինի պաշտպանական թիմով ներկայանալ նշանակված նիստին եւ ցուցմունքներ տալ: Զուգահեռաբար հայտնի է դարձել, որ Նաթանյահուի մամուլի ծառայության նախկին աշխատակիցներից մեկը եւ ռազմական հետախուզության մի սպա հույժ գաղտնի փաստաթղթերի արտահոսք կազմակերպելու մեղադրանքով ձերբակալված են: Հետաքննությունն իրականացնում է Ընդհանուր անվտանգության ծառայությունը: Իսրայելի վարչապետի գրասենյակն այդ առթիվ հայտարարություն է տարածել եւ հատուկ ծառայություններին մեղադրել ձերբակալվածների նկատմամբ բռնություններ գործադրելու եւ Նաթանյահուի դեմ ցուցմունքներ կորզելու փորձերի մեջ:
Ըստ երեւույթին, ներքին լարվածությունը պայմանավորված է կառավարության կազմում վերջին փոփոխություններով: Ընդհանուր տպավորություն է, որ Նաթանյահուն պատերազմը երկարաձգում է, որպեսզի պահպանի իշխանությունը: Ստեղծված իրավիճակում Թուրքիան Նաթանյահուի դեմ ճնշումների նոր գործընթաց է սկսել: Հայտնի է դարձել, որ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում գումարված՝ Արաբական լիգայի եւ Իսլամական համագործակցության կազմակերպության երկրները հանդես են եկել Իսրայելին ՄԱԿ-ի անդամությունից զրկելու նախաձեռնությամբ: Այդ մասին միաժամանակ հայտարարություն են տարածել Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Քուրթուլմուշը եւ Պաղեստինի ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասը:
Վերջինս աշխարհի երկրներին կոչ է արել միանալ նախաձեռնությանը: Թուրքիայի նախագահ Էրդողանն իր հերթին հայտարարել է, որ Նաթանյահուին եւ նրա ռազմական կաբինետի անդամներին միջազգային քրեական պատասխանատվության ենթարկելու հարցում հետեւողական է գտնվելու մինչեւ վերջ: Նրա գնահատմամբ՝ Մերձավոր Արեւելքում խաղաղության կհաստատվի միայն Իսրայելի դեմ պատժամիջոցներ կիրառելու դեպքում: Այս համատեքստում իսրայելական մամուլը բավական ուշագրավ տեղեկություն է հայտնել: Ըստ այդմ, Նաթանյահուի կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչն օրերս այցելել է Մոսկվա եւ առաջարկել, որ Ռուսաստանը երաշխավորի, որ Լիբանանում հրադադարի հաստատման դեպքում Սիրիայից «Հեզբոլլայի» ռազմական մատակարարումները կդադարեցվեն: Սիրիայում ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Լավրենտեւն այդ տեղեկությունը չի հերքել, բայց ասել է, որ Ռուսաստանը նման երաշխիքներ չի կարող տալ, որովհետեւ Սիրիայում ռուսական զորախումբը սահմանային հսկողություն իրականացնելու մանդատ չունի:
Փաստացի Ռուսաստանը հրաժարվել է աջակցել Նաթանյահուի կառավարությանը, որպեսզի «Հեզբոլլայի» հետ հրադադարի համաձայնություն կնքվի: Պատճառներն, իհարկե, խորքային են. իսրայելա-պաղեստինյան կարգավորման բանակցություններն ընթացել եւ ընթանում են Միացյալ Նահանգների միջնորդությամբ: Ռուսաստանին Վաշինգտոնի դիվանագիտական հաջողությունը ձեռնտու չէ: Մոսկվայում սպասում են Ուկրաինայի հարցով Թրամփի վարչակազմի քայլերին եւ, բնականաբար, մտադիր չեն աջակցել, որպեսզի Մերձավոր Արեւելքում թեկուզ ժամանակավոր հրադադար հաստատվի: Բացի այդ Իսրայելին Ռուսաստանի որեւէ աջակցություն ուղղակի ազդեցություն կունենա ռուս-իրանական եւ ռուս-թուրքական հարաբերությունների վրա, որ առանց այդ էլ վերջին շրջանում այնքան էլ հարթ չեն:
Նաթանյահուի կառավարությունից մեծ է նաեւ Եվրամիության, եվրոպական առանձին երկրների դժգոհությունը: Գազայի հատվածում խաղաղ բնակչության շրջանում կան տասնյակ հազարավոր զոհեր, խորանում է հումանիտար ճգնաժամը: Եվրոպական երկրներում կան իսլամադավան համայքներ, որ Իսրայելի դեմ քայլերի կոչ են անում, կազմակերպում բոողքի զանգվածային ակցիաներ: ԱՄՆ նոր վարչակազմի համար չափազանց դժվար է լինելու Իսրայելի հետ հարաբերությունների հարցում կոնկրետ որոշումներ ընդունել: Հնարավոր է՝ բոլոր շահագրգիռ կողմերն սպասում են, որ Նաթանյահուն կտապալվի ներքին դիմադրության պատճառով: Իսկ նա ավելի է սրում ռազմական հռետորաբանությունը:

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *