Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամակցությունը, իհարկե, լավ է։ Բայց Ֆինլանդիան փոքր երկիր է, որի ճակատագիրը հաճախ որոշվել է մեծ տերությունների կողմից, և Ռուսաստանը միշտ կմնա մոտ։ «Մենք գիտենք, որ մեծ տղաները միշտ կարող են պայմանավորվել մեր գլխավերևում։ Մենք միշտ կարող ենք միայնակ մնալ»։
The Economist՝ Ռազմատենչ Ռուսաստանին հանդարտեցնելու սարսափելի վտանգները
Հին Հելսինկիի հրապարակում կանգնած է յուրահատուկ հուշարձան՝ նվիրված պատերազմին։ Ձմեռային ձյան հագուստով զինվորի բարձրացող քանդակը, որի պողպատե փայլուն մարմինը ծածկված է մեծ կլոր անցքերով, կարծես հրանոթի կրակոցներից։ Սա Ֆինլանդիայի ազգային հուշարձանն է, որը նվիրված է 1939-40 թթ. ձմեռային պատերազմին։ Այդ պատերազմի ընթացքում ֆիննական զորքերը 105 օր շարունակ դիմադրեցին խորհրդային մեծաթիվ ուժերին՝ զավթիչներին ծանր կորուստներ պատճառելով, սակայն ի վերջո զիջեցին կարմիր բանակի գերակշիռ ուժերին։ Խորհրդային Միությունը պարտադրեց խիստ պայմաններ՝ վերցնելով հարևան երկրի տարածքի 10%-ը։ Խաղաղությունն չնչին էր, և շուտով Ֆինլանդիան ներգրավվեց Երկրորդ համաշխարհային պատերազմում՝ նացիստական Գերմանիայի կողմից։
Հուշարձանը բացվել է 2017 թվականին, և դրա ուղերձը հիմա ավելի արդիական է, քան երբևէ։ Ձմեռային պատերազմն այժմ ֆինների համար նոր իմաստ է ստացել։ Նրանց երկրում արդեն 80 տարի է՝ խաղաղություն է տիրում։ Ֆինլանդիան կարող է հպարտանալ Եվրոպայի ամենամարտունակ բանակներից մեկով, որը հիմնված է երիտասարդների զինվորական ծառայության և մեծ պահեստազորների վրա։
Սակայն, նույնիսկ երկար տարիների չեզոքությունից հրաժարվելով և 2023 թվականի ապրիլին ՆԱՏՕ-ին միանալով, Ֆինլանդիան դեռևս զգում է Ռուսաստանի սպառնալիքը՝ իր նախկին կայսերական տիրակալից և 1340 կմ ընդհանուր սահման ունեցող հարևանից։ «Երբ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա, թվում էր, թե Ֆինլանդիայում պատերազմները տեղի էին ունենում երեկ»,- ասում է ֆիննական միասնական վերնախավի ներկայացուցիչներից մեկը։ Իրոք, այդ հին սերնդի ներկայացուցիչը անհանգստացած է, որ երիտասարդ ֆինները «չափազանց համարձակ» են դատապարտում Ռուսաստանին։
Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամակցությունը, իհարկե, լավ է։ Բայց Ֆինլանդիան փոքր երկիր է, որի ճակատագիրը հաճախ որոշվել է մեծ տերությունների կողմից, և Ռուսաստանը միշտ կմնա մոտ։ «Մենք գիտենք, որ մեծ տղաները միշտ կարող են պայմանավորվել մեր գլխավերևում։ Մենք միշտ կարող ենք միայնակ մնալ»։
Այժմ ողջ Եվրոպայի համար եկել է այդ Հելսինկիի հրապարակում գտնվող հուշարձանի մասին խորհելու ժամանակը։ Որովհետև այդ քայքայված, բայց դեռևս ճանաչելի համազգեստը՝ դատարկ ու գլխազուրկ, որի միջով երևում է երկինքը, կարևոր հարց է ներկայացնում։ Ի՞նչ կարող է երկիրը իրեն թույլ տալ կորցնել, իսկ ինչ՞ պետք է պահպանել՝ իր ինքնությանը հավատարիմ մնալով։
Երբ Սառը պատերազմը բաժանեց Եվրոպան, Ֆինլանդիան բազմաթիվ զոհողությունների գնաց, որպեսզի գոյատևի որպես անկախ պետություն։ Կապիտալիստական համակարգն ու խորհրդարանական ժողովրդավարությունը պահպանելու համար այն դարձավ չեզոք բուֆերային պետություն՝ Արևմուտքի և Խորհրդային Միության միջև։ Մինչև 1956 թվականը խորհրդային նավատորմին թույլատրված էր բազա վարձակալել Ֆինլանդիայի ափին՝ Հելսինկիից հրետանային հասանելիության սահմաններում։ ԿԳԲ-ի աշխատակիցներն առանց ամաչելու միջամտում էին երկրի քաղաքական և հասարակական կյանքին։ Խորհրդային անվտանգության շահերը հաշվի առնելու պարտադիր պայմանով սահմանափակված երկրի ինքնիշխանությունը քննադատները կոչեցին «ֆինլանդացում»։
Այսօր «ֆինլանդիզացիան» վերադառնում է՝ որպես մոդել Ուկրաինայի և Ռուսաստանի ապագա հարաբերությունների համար։ 2022 թվականին կոնֆլիկտից մի քանի օր առաջ Մոսկվայում՝ անհաջողության դատապարտված խաղաղարար առաքելության ժամանակ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «ֆինլանդիզացիան» անվանեց Ուկրաինայի համար «քննարկվող տարբերակներից մեկը»։
Այսօր Մակրոնը կարող է չօգտագործել այդ տերմինը, քանի որ այդ ժամանակվանից իր դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ բավականին կոշտացել է։ Բայց եթե հակամարտությունն ավարտվի մոտ ապագայում, ինչի վրա պնդում է ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը, Կիևի առաջնորդները կարող են ճնշում զգալ շատ շրջանակների կողմից՝ ցավոտ զիջումների գնալու համար։ Տարածքների մի մասի կորուստը, անկասկած, կլինի խաղաղության գինը։ Դրանից հետո կծագի բարդ հարց. ինչպես ապահովել Ուկրաինայի ինքնիշխանությունը ապագայում։
Որոշ արևմտյան կառավարություններ կարող են կենտրոնանալ Ռուսաստանի զսպման վրա՝ խրախուսելով Ուկրաինային ստեղծել հզոր բանակ և տնտեսություն, ինչպես նաև համապատասխանեցնել իր քաղաքական համակարգը եվրոպական արժեքներին։ Մյուս համաշխարհային առաջնորդները կարող են փորձել Ուկրաինային դրդել հաշտեցման՝ հայտարարելով նեյտրալություն և համաձայնվելով հայտնվել Ռուսաստանի ազդեցության գոտում։
Հելսինկիում արտաքին քաղաքականության փորձագետներն ունեն իրենց հայացքները այս, առաջին հայացքից, հակադիր անվտանգության մոտեցումների վերաբերյալ, քանի որ Սառը պատերազմի ժամանակաշրջանի Ֆինլանդիան փորձել է համատեղել երկու մոտեցումներն էլ։ Ֆինլանդիան ուներ բավականաչափ հզոր զինված ուժեր, որպեսզի խորհրդային առաջնորդները հրաժարվեին երկրի պաշտոնական օկուպացման ծախսերից։ Միևնույն ժամանակ, այն ձեռք էր բերում խաղաղություն՝ գնալով բազմաթիվ զիջումների, որոնցից ոմանք հետագա դիտարկմամբ բավականին խղճուկ էին թվում։
Այսօր Հելսինկիում «ֆինլանդիզացիա» տերմինը ընկալվում է որպես վիրավորանք։
Իրավիճակն ստիպել է Ֆինլանդիային իրականություն ընկալել արտաքին քաղաքականությունում։ 1940-ականների վերջին երկրի գոյատևումն ինքնին չէր կարող համարել որպես իրողություն։ Ֆինլանդիան կենտրոնացել էր իր հիմնական ինքնիշխան տարրերի պահպանման վրա՝ չսադրելով հարևան գերտերությանը։ Բայց դա նպատակասլաց իրատեսություն էր, ոչ թե պարտվողականություն։ Ֆինլանդիան վերափոխեց իր գյուղատնտեսական տնտեսությունը՝ դարձնելով այն արդյունաբերական պետություն և ջանք չխնայեց Սկանդինավյան հարևանների ու ամբողջ աշխարհի հետ առևտուրը զարգացնելու ուղղությամբ։ 1970-ականներին երկիրը ազատ առևտրի պայմանագիր ստորագրեց Եվրոպայի հետ՝ չնայած Մոսկվայի դիմադրությանը։ Ֆինլանդիայի հետպատերազմյան պատմության մեջ նկատվում էր «դանդաղ, բայց հաստատուն առաջխաղացում դեպի Արևմուտք», – ասում է Հիսկի Հաուկալան, Ֆինլանդիայի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար։ «Եթե Ուկրաինայի խաղաղությունը հիմնված լինի Ռուսաստանի պայմանների թելադրանքի վրա, դա չի լինի Ֆինլանդիայի օրինակը», – հավելում է նա։ «Դա կլինի կապիտուլյացիա»։
Ձմեռային պատերազմի հուշարձանի կողքի ցուցանակը ցուցադրում է հին սարսափների ցայտուն աշխարհաքաղաքական վերլուծություն։ Այն նշում է, որ պատերազմի պատճառը Հիտլերի և Ստալինի գաղտնի պայմանավորվածությունն էր 1939 թվականին՝ Ֆինլանդիան Խորհրդային Միության «ազդեցության գոտի» մտցնելու մասին։ Ավելի քան 25,000 ֆինների կյանքերի կորուստը ներկայացվում է որպես ներդրում ավելի լավ վաղվա համար. զոհաբերություն՝ Ֆինլանդիայի անկախությունը, ազատությունն ու զարգանալու պոտենցիալը որպես սկանդինավյան բարեկեցության պետություն պահպանելու համար։ Ֆինլանդիան չի ընտրել իր աշխարհագրությունը։ Բայց նույնիսկ ամենամութ ժամին այն պայքարել է իր ճակատագրի համար։ Բառացի «ֆինլանդիզացիան» Ուկրաինայի համար կդառնար սարսափելի մոդել՝ այն վերածելով Ռուսաստանի արբանյակի։ Սակայն Ֆինլանդիայի ազգային ինքնագիտակցությունը և նրա գոյատևելու կամքը օրինակ են, որը արժե ուսումնասիրել։
Աղբյուրը՝ Economist
Թարգմանեց՝
Արայիկ Մկրտումյանը