Միջազգային

Ո՞վ Եւ Ինչո՞ւ Պայթեցրեց «Հյուսիսային Հոսքը»

Մաս 1-ին

«Եվրոպայի պատմության մեջ խոշորագույն դիվերսիայի համար պատասխանատու էին մոտ մեկ տասնյակ տղամարդ և մեկ կին Ուկրաինայից», ըստ բազմաթիվ աղբյուրների։ Նրանցից ոմանք քաղաքացիական անձինք էին, մյուսները՝ զինվորականներ։ Նրանք հավաքագրվել և պատրաստվել էին հատուկխմբի կողմից, որը տարիներ շարունակ կազմակերպում և իրականացնում էր գաղտնի գործողություններ ուկրաինական անվտանգության համակարգի համար։ Նրանցից ոմանք կապեր ունեն ԿՀՎ-ի հետ։ 

Der Spiegel

Ներկայացնում ենք գերմանական Der Spiegel-ի. «Ինչպես ուկրաինական գաղտնի ջոկատը պայթեցրեց «Հյուսիսային հոսքը» լայնածավալ ուսումնասիրությունը

2022 թվականի սեպտեմբերին գործակալների և սիրողական ջրասուզակների ջոկատը ոչնչացրեց «Հյուսիսային հոսք» գազատարի խողովակաշարը։ SPIEGEL-ի հետազոտությունները ցույց են տալիս, որ նրանց անհրաժեշտ էր միայն համարձակություն և մահվան նկատմամբ արհամարհանք։  

«Սա գաղտնի գործողություն էր» , որը, ամենայն հավանականությամբ, չի արժանանա ոչ արարողության, ոչ ռազմական շքերթի, ոչ էլ հուշարձանի։ Թեև 2022 թվականի սեպտեմբերի 26-ին ջրասուզակների, գործակալների և զինվորականների ջոկատն ամրապնդեց իր տեղը պատմության մեջ։ Այդ օրը ռուսական «Հյուսիսային հոսք — 1» և «Հյուսիսային հոսք — 2» գազատարների երեք խողովակներ պայթեցին Բալթիկ ծովի հատակում՝ մոտավորապես 300 կիլոմետր հեռավորության վրա Ռոստոկ-Վարնեմյունդե նավահանգստից։  

«Եվրոպայի պատմության մեջ խոշորագույն դիվերսիայի համար պատասխանատու էին մոտ մեկ տասնյակ տղամարդ և մեկ կին Ուկրաինայից», ըստ բազմաթիվ աղբյուրների։ Նրանցից ոմանք քաղաքացիական անձինք էին, մյուսները՝ զինվորականներ։ Նրանք հավաքագրվել և պատրաստվել էին հատուկ խմբի կողմից, որը տարիներ շարունակ կազմակերպում և իրականացնում էր գաղտնի գործողություններ ուկրաինական անվտանգության համակարգի համար։ Նրանցից ոմանք կապեր ունեն ԿՀՎ-ի հետ։  

«Պայթյուններից հետո ջոկատի անդամները անհետացան», սակայն SPIEGEL-ը, երկու տարի Եվրոպայում, գաղտնի ծառայությունների մութ աշխարհում և ռազմական գոտիներում տևած հետաքննություններից հետո, վերջերս նաև Կիևում, բացահայտել է նրանց ինքնությունները։ Այժմ հնարավոր է առաջին անգամ պատմել «Հյուսիսային հոսքի» վրա հարձակման ողջ պատմությունը։  

SPIEGEL-ին հայտնի են մասնակիցների մեծ մասի ինքնությունները, բայց նրանց անունները հրապարակել չի կարելի։ Նրանք կարող են թիրախ դառնալ ռուս վարձկանների համար։ Նրանց կյանքին վտանգ է սպառնում նաև ուկրաինական անվտանգության համակարգի ներսում գոյություն ունեցող ինտրիգների պատճառով։  

Երկար ժամանակ առեղծված էր մնում, թե ով և ինչու պայթեցրեց խողովակաշարերը։ Ոստիկանությունը, հետախուզությունը և դատախազները գրեթե մեկ տասնյակ երկրներից փնտրում էին մեղավորներին։ Ոմանք կասկածում էին Մոսկվային՝ մատնանշելով ռուսական նավերը, որոնք Բալթիկ ծովում շարժվում էին հարձակումներից առաջ։ Մյուսները ենթադրում էին, որ հարձակման հետևում կանգնած են ամերիկյան մարտական ջրասուզակները։  

«Սակայն այժմ պարզ է, որ «Հյուսիսային հոսքը» պայթեցվել է ոչ թե բարձր տեխնոլոգիաներով զինված էլիտար ստորաբաժանման , այլ ընդամենը 300,000 ԱՄՆ դոլար բյուջեով մի խայտաբղետ խմբի կողմից»։  Սա խելահեղ պլան էր, որը կարող էր հաջողվել միայն կատաղի հաստատակամության, հսկայական հաջողության, ինչպես նաև անվտանգության մարմինների անկարողության և քաղաքական ինտրիգների շնորհիվ։ Հոլիվուդը հավանաբար այս ամենը կներկայացներ որպես ուկրաինացի հայրենասերների խիզախ պատմություն, ովքեր հարված են հասցնում գերակա թշնամուն։  Սակայն «Հյուսիսային հոսք» գազատարի պայթեցումը հարձակում էր նաև Գերմանիայի էներգետիկ երկարաժամկետ մատակարարումների վրա՝ «Պետության ներքին անվտանգության դեմ ոտնձգություն», ինչպես արտահայտվել է Դաշնային դատարանի մի դատավոր։ Ներկայումս Դաշնային դատախազությունը հետաքննում է երկու անձանց՝ սահմանադրական սաբոտաժ իրականացնելու կասկածանքով։  

Օպերացիայի մասնակիցները այլևս գերմանական անվտանգության մարմինների համար անհայտ չեն։ Հետքերը կան։ Օրինակ՝ դրանք տանում են դեպի «Անդրոմեդա» առագաստանավ, որը կայանված էր Ռոստոկ-Վառնեմյունդե նավահանգստում։ SPIEGEL-ը և ZDF-ը այն անցյալ տարի նույնականացրել էին որպես այն նավը, որը գործածվել էր օպերացիայի ժամանակ։ Հետաքննողներն այնտեղ հայտնաբերել էին պայթուցիկ նյութերի հետքեր։ «Անդրոմեդան», որ վարձակալված էր 11 900 եվրոյով՝ 2022 թվականի օգոստոսի 27-ից մինչև սեպտեմբերի 24-ը, մաշված չարթերային առագաստանավ էր։ Չնայած այն առանձնապես գեղեցիկ չէր, բայց աննկատ ու գործնական էր՝ 15,57 մետր երկարությամբ և 4,61 մետր լայնությամբ Bavaria Cruiser 50 մոդելի։ 2023 թվականի ամռանը SPIEGEL-ը և ZDF-ը վարձեցին «Անդրոմեդան», որը մինչ այդ ենթարկվել էր Գերմանիայի քրեական ոստիկանության դաշնային վարչության փորձաքննությանը։

Նավի տախտակամածի տակ կա հինգ փոքրիկ խցիկ՝ առավելագույնը 12 հոգու համար, եթե նեղվածքը ձեզ չի անհանգստացնում։ Կրկնակի մահճակալների լայնությունը հազիվ հասնում է 1.20 մետրի։ Սակայն, պահեստային տարածքը, գազօջախով մինի-խոհանոցը և հանգստի գոտին փայլուն լաքապատ փայտե սեղանով բավական ընդարձակ են։ Լողանալու հարթակը հետին մասում հեշտացնում է ջրի մեջ մտնելը՝ հարմարավետ դարձնելով այն ծանր սուզվելու սարքավորումներով սուզորդների համար։ 2022 թվականի սեպտեմբերին սաբոտաժային խումբը մի քանի շաբաթ շրջում էր Բալթիկ ծովով՝ Սանդհամնի և Ռյուգենի միջև՝ անցնելով լեհական, գերմանական, դանիական և շվեդական ջրերով։ Նրանք որոնում էին հարմար պահ և վայր՝ ոչ շատ խոր ծովային մակերես, որտեղ նավագնացությունը շատ ակտիվ չէր։ Նման վայր գտնվեց դանիական Քրիստիանսյո կղզու հյուսիս-արևելքում՝ 55° 32′ 27″ հյուսիսային լայնությամբ և 15° 46′ 28,2″ արևելյան երկայնությամբ։

Մոտ 80 մետր խորության վրա կարող եք տեսնել միայն այն, ինչ ցույց է տալիս սոնարը(ջրային տեղորոշիչ խմբ․)։ Չորս խողովակ՝ 1,15 մետր տրամագծով։ Դրսից՝ մինչև 11 սանտիմետր հաստությամբ բետոնե պատյան, որը ամրացնում է դրանք ծովի հատակին։ Հետո՝ հակակոռոզիոն(հակաքայքայիչ, հականեխիչ- խմբ․)պաշտպանություն, իսկ դրա տակ՝ մինչև 4 սանտիմետր հաստությամբ պողպատ։ Եվ վերջապես՝ ծածկույթ, որը նվազեցնում է գազիշփումը Ռուսաստանից մինչև Գերմանիա տանող երկար ճանապարհի ընթացքում։ 2022 թվականի սեպտեմբերի 26-ին, գիշերը՝ ժամը 2։03-ին, Բալթիկ ծովի հատակը թնդաց: Շվեդական սեյսմոմետրերը արձանագրեցին ճնշման ալիքը հարյուրավոր կիլոմետրերի վրա։ «Հյուսիսային հոսք — 2»-ի գազատարի A գիծը պայթեց խողովակների միացման կետում։ 19։04-ին, 17 ժամ անց, ծովի հատակն այլ վայրում կրկին ցնցվեց։ Այս անգամ՝ մոտ 75 կիլոմետր դեպի հյուսիս։ Մի քանի պայթյուններ տեղի ունեցան։ Ջրի վրայից լսվում էր խուլ բաբախյուն։ Այս անգամ վնասվեցին «Հյուսիսային հոսք — 2»-ի երկու խողովակները՝ A գիծը՝ 200 մետր երկարությամբ, B գիծը՝ 290 մետր։ Ջրի տակ արված նկարները և սոնարային 3D-վիզուալիզացիան ցույց էին տալիս խորը խառնարաններ, փլատակների լեռներ և խողովակների մնացորդներ, որոնք թեքվել էին ինչպես ծղոտներ։ Գազատարներն այլևս չեն գործում։ Ռուսական գազը՝ Մոսկվայի հսկայական եկամտի և ճնշման գործիքը, սպառվեց, հնարավոր է՝ ընդմիշտ։

[շարունակելի]

Աղբյուրը՝ spiegel

Թարգմանեց՝

Արայիկ Մկրտումյանը

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *