Մաս 4-րդ
«Անդրոմեդայի» ժամանակը սպառվում է։ Ժամանակաչափերը կարգավորված են սեպտեմբերի 26-ին։ Վեց պայթուցիկ սարքեր արդեն տեղադրված են, սակայն մեկ ռումբ չի հասնում նպատակին։ «Հյուսիսային հոսք 2»-ի խողովակ B-ը մնում է անվնաս։
Der Spiegel
Խնդիրները սկսվեցին ամռանը։ Արևմտյան հատուկ ծառայությունները տեղեկացան հարձակման ծրագրերի մասին 2022 թվականի հունիսին՝ պայթյուններից երեք ամիս առաջ։ Հատուկ ծառայությունների տվյալներով՝ դիվերսանտների պատրաստման մասին իմացել է շվեդ գործակալը։ Հետագայում այս վտանգավոր տեղեկությունը փոխանցվում է այլ գաղտնի ծառայություններին։ ԿՀՎ ներկայացուցիչը հայտնվում է Կիևում՝ նախագահի գրասենյակում՝ հստակ հաղորդագրությամբ. հարձակման ծրագրերը պետք է կանխվեն։ Այդ պահին Զելենսկին արդեն գիտեր, թե ինչ է կատարվում։ Ամերիկյան գործակալները նաև կապ են հաստատում խմբի հրամանատարության հետ, քանի որ ծանոթ էին նրանց։ Ուկրաինացիներին ասել են, որ ամեն ինչ թողնեն ինչպես կա։
Ըստ տեղեկությունների՝ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին տեղեկանում է, որ հատուկ ծառայությունները բացահայտել են ծրագիրը։ «Եթե չդադարեցնեք, ապա հավանաբար բոլորդ կձերբակալվեք»,- խմբի հրամանատարությանը փոխանցել է զինվորականը։
Ամեն դեպքում, Կիևում ավելի նպաստավոր պայմանների սպասելը հնարավոր չէ։ Աշունը մոտ է։ Հոկտեմբերին Բալթիկ ծովն արդեն չափազանց անհանգիստ է ծանր սարքավորումներով սուզորդների աշխատանքի համար։ «Տրամագիծ» օպերացիայի ղեկավարները քննարկում են՝ կամ հիմա, կամ գարնանը։ Օգոստոսի կեսերին խմբի առաջին մասը մեկնում է Լեհաստան։ Առաջինը ճանապարհ է ընկնում «Ռուբիկ» ծածկանունով գործիչը։ Նա մեծ փորձ ունի գաղտնի օպերացիաներում և չի կորցնում սառնասրտությունը բարդ իրավիճակներում։ Միկրոավտոբուսում գտնվում է սուզորդային սարքավորումներ և պայթուցիկ նյութեր, որոնք քողարկված են որպես սեղմված օդի բալոններ՝ յուրաքանչյուրը 20-35 կգ պայթուցիկ նյութով։ Նույն մեքենայում է նաև Դարյան։ Նրանք հորինել էին մի պատմություն, թե ինչու են նման սարքավորումներով ճանապարհ ընկել․ Դարյան նախկինում ղեկավարել է սուզորդության դպրոց, որը ցանկանում է տեղափոխել ԵՄ՝ պատերազմի պատճառով։ Նա համապատասխան փաստաթղթեր ունի։ Ռուբիկը ներկայացվում է որպես նրա սիրեկանը։
Այն, ինչ սուզորդները չգիտեին, այն էր, որ 2022 թվականի հունիսին Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայությունը ստացել էր ծածկագրված գերգաղտնի հաղորդագրություն հստակ նախազգուշացմամբ։ Այն ուղարկվել էր Նիդեռլանդների ռազմական հետախուզության կողմից։ ԿՀՎ-ն նույնպես տեղեկացվել էր հոլանդացիների կողմից, իսկ ավելի ուշ ամերիկացիները տեղեկությունը փոխանցել էին գերմանացիներին։
Գաղտնի նամակներում նկարագրվում էր «Հյուսիսային հոսք» գազատարի վրա հարձակման ծրագիրը․ Ուկրաինայի վեց դիվերսանտներ կեղծ անձնագրերով պատրաստվում էին վարձել նավ, իջնել հատուկ սարքավորումներով ծովի հատակին գտնվող խողովակաշարերին և պայթեցնել դրանք։ Խմբի հրամանատարությունը իրականացնում էր Զալուժնու գլխավորությամբ, բայց նախագահ Զելենսկին տեղյակ չէր դիվերսիայից։ Ծրագիրը նախատեսված էր ՆԱՏՕ-ի «Բալտոպս» զորավարժությունների ժամանակ։
Դաշնային հետախուզական ծառայությունը տեղեկությունը փոխանցում է կանցլերի գրասենյակ, բայց կառավարության կենտրոնական շտաբում նամակները նշանակալի չեն համարում։ Դա բացատրվում է նրանով, որ տեղեկությունները ստացվում են այն ժամանակ, երբ ՆԱՏՕ-ի զորավարժություններն արդեն ավարտվել էին, և ոչինչ չէր տեղի ունեցել։ Հետևաբար, այլևս անհանգստություն չկար։ Ինչպես Բեռլինում քչերը նշում էին, անվտանգության մարմիններում գերակշռում էր կարծիքը, որ տեղեկությունը սխալ էր։ Չնայած նախազգուշացմանը, գերմանական կողմը ոչինչ չէր ձեռնարկում ապագա հնարավոր հարձակումը կանխելու համար։ Դաշնային ոստիկանությունը, նավատորմը և ահաբեկչության դեմ պայքարի կենտրոնները ոչինչ չգիտեին ստացված տեղեկության մասին։
Սեպտեմբերի սկզբին «Անդրոմեդան» անարգել լքում է Ռոստոկ-Վառնեմյունդեի նավահանգիստը։ Սկզբում այն շարժվում է Ռյուգեն՝ վառելիք լիցքավորելու և բեռնելու։ Մյուս անձնակազմի անդամները միանում են՝ կեղծ փաստաթղթերով և ինքնաշեն «նվերներ» կոչվող ռումբերով։ Սկսվում է խողովակների որոնումը։ Հզոր հիդրտեղորոշիչը սկանավորում է ծովի հատակը։ Երեկոյան «Անդրոմեդան» կանգ է առնում տարբեր նավահանգիստներում՝ Բորնհոլմ, Քրիստիանսյո, Սանդհամն։ Երբ հիդրոտեղորոշիչը հայտնաբերում է խողովակը, նավը շարժվում է այն գտնելու ճիշտ խորության վրա։ Խորությունը պետք է լինի ավելի քան 50 մետր, բայց ոչ շատ ավելի խորը։ Փորձերի ժամանակ նրանք հասնում էին 100 մետրի, սակայն անվտանգության համար որոշվել է նվազեցնել խորությունը։ Խողովակի վրա թիմը իջեցնում է «սուզվելու գիծ» կոչվող պարան։ Այն հասնում է հատակ մոտ մեկ րոպեում։ Վերևում ամրացված է բոյ(ծովում կամ ջրավազանում լողացող նշան է, որը ցույց է տալիս ինչ-որ կետ՝ տեղորոշման, զգուշացման կամ սարքավորման ամրացման համար, ծնթ․ խմբ․)՝ պատված աղբարկղի պարկով։
Սուզորդները դուրս են գալիս նավի հետնամասից։ Օդի ծանր տարաներով և ռումբերով աշխատելը դժվար է, հատկապես փոթորկի ժամանակ։ Ռումբերը կցվում են պարանին կարաբիններով։ Զույգերով նրանք սուզվում են խողովակի մոտ, գտնում միացվող հատվածը և տեղադրում պայթուցիկ սարքը։ Սիլիկոնե բարձիկն ուժեղացնում է պայթյունի ազդեցությունը՝ խողովակից որոշակի հեռավորություն ապահովելով։ Սուզվելուն տրամադրվում է ընդամենը 15 րոպե։ Խավար է, տեսանելիությունը՝ 2 մետրից քիչ։ Եթե նստվածքը բարձրանում է, տեսանելիությունը նվազում է մինչև ձեռքի երկարությունը։
Վերադառնալու համար պահանջվում է մոտ 40 րոպե։ Երբ նրանք ջրի տակ են, «Անդրոմեդան» շրջաններ է անում՝ կասկած չառաջացնելու համար։ Սուզվելու ժամանակի ավարտին նավը մոտենում է բոյին։ Սուզորդները տեղադրում են նարնջագույն ազդանշանային բոյ և վերադառնում նավ։
Գործն առաջ է գնում դանդաղ։ Դիվերսանտները կատարում են առավելագույնը մեկ սուզում օրական՝ տեղադրելով մեկ «նվեր»։ Դարյան տեխնիկապես պակաս պատրաստված է, բայց ավելի համարձակ է։ Փոթորիկը ստիպում է «Անդրոմեդային» մի քանի օր մնալ նավահանգստում։ Հաջորդ օրերին նույնպես ալիքները ուժեղ են։ Ամբողջ անձնակազմը տանջվում է սրտխառնոցից։ Ոչ ոք չի ուզում սուզվել, բացի Դարյայից, ով ի վերջո հասնում է իր ուզածին։ «Ամենամեծ կամքը հենց նրա մոտ էր»,- ասում է թիմի անդամներից մեկը։
«Անդրոմեդայի» ժամանակը սպառվում է։ Ժամանակաչափերը կարգավորված են սեպտեմբերի 26-ին։ Վեց պայթուցիկ սարքեր արդեն տեղադրված են, սակայն մեկ ռումբ չի հասնում նպատակին։ «Հյուսիսային հոսք 2»-ի խողովակ B-ը մնում է անվնաս։
[շարունակելի]
Աղբյուրը՝ Spiegel
Թարգմանեց՝
Արայիկ Մկրտումյանը