Միջազգային

Ո՞վ Եւ Ինչո՞ւ Պայթեցրեց «Հյուսիսային Հոսքը»

Մաս Վերջին

Թվում է, թե իրավիճակը չի փոխվել։ Հուլիսի սկզբին գերմանա-լեհական կառավարական խորհրդակցությունների ժամանակ գերմանացիները հասկանում են, որ լեհերը չեն ցանկանում օգնել, չնայած ԵՄ-ի կողմից տրված ձերբակալման հրամանին Վլադիմիր Շ.-ի նկատմամբ։ Ավելին, կարծես, նրանք նախազգուշացրել են ուկրաինական կողմին։

Der Spiegel

Սեպտեմբերի 23-ին «Անդրոմեդան» վերադառնում է Ռյուգենի Վիկ: Հանգստացողների աչքի առաջ առավոտյան վաղ նավից դուրս են բերվում սուզվելու բալոններ, արկղեր, խմիչքների շշեր և պայուսակներ, որոնք բեռնվում են կարմիր ֆուրգոն: Ավտոմեքենայի համարանիշը երևում է լուսանկարներում: Ավելի ուշ, Լեհաստանի սահմանապահ ոստիկանության տվյալները ցույց են տալիս, որ ֆուրգոնը դուրս է եկել Ուկրաինայից դեպի Լեհաստան սեպտեմբերի 22-ին և Գերմանիա մուտք է գործել սեպտեմբերի 23-ին՝ առավոտյան 6:13-ին: Նույն օրը՝ 13:56-ին, վերադարձել է Լեհաստան և սեպտեմբերի 24-ին՝ 11:05-ին, հատել Ուկրաինայի սահմանը:
Սեպտեմբերի 23-ին «Անդրոմեդան» վերջնականապես վերադառնում է Ռոստոկ-Վառնեմյունդեի նավահանգիստ: Նավը պարզապես ջրի տակ թողնելն այնքան էլ աննկատ չէր անցնի: Անցնում է մի քանի ամիս, մինչև Գերմանիայի քննիչները տեղեկանում են «Անդրոմեդայի» մասին:
Սեպտեմբերի 26-ին, երբ պայթյունները տեղի են ունենում, խմբի անդամները տանն էին:
Երկար ժամանակ թվում էր, թե տղամարդկանց և կնոջը հաջողվել է կատարել իդեալական գործողություն՝ չնայած փոքր բյուջեին և քաղաքացիական անձանց ներգրավմանը: Բայց դիվերսանտները սխալներ էին թույլ տվել. պարզապես ժամանակ էր պետք դրանք բացահայտելու համար:
Հայտնվում է տեսախցիկի լուսանկար, որը արվել է 2022թ. սեպտեմբերի 8-ին Ռյուգենի Լիցով քաղաքում: Լուսանկարում երևում է ուկրաինական համարանիշերով սպիտակ Citroën Spacetourer ֆուրգոն: Այս լուսանկարը ոստիկաններին հասցնում է Վլադիմիր Շ.-ի, ով օդորակման տեխնիկ էր, երեք երեխաների հայր և սուզման հրահանգիչ, վերջին անգամ բնակվել է Լեհաստանի Պրուշկուվ քաղաքում: Դաշնային դատախազության, դաշնային ոստիկանության և ԲԿԱ-ի քննիչների համար դա հազիվ թե նշանակալի առաջընթաց լիներ:
Գլխավոր դատախազ Յենս Ռոմելը հունիսի 21-ին ստանում է կասկածյալ դիվերսանտի նկատմամբ եվրոպական ձերբակալման հրաման և այն ուղարկում Լեհաստան՝ տան հասցեի հետ միասին: Ձերբակալությունը թվում էր պարզ պաշտոնական ակտ, բայց ոչինչ տեղի չի ունենում: Ինչի մասին քննիչները չեն կասկածում, այն է, որ մայիսի վերջին նրանք կարող էին գտնել Վլադիմիր Շ.-ին Գերմանիայում՝ Բեռլինի Վեստենդ շրջանում: Վերադառնալով կարճատև արձակուրդից՝ նա կնոջ և երեխաների հետ այցելում էր հարազատներին:
Միայն ավելի ուշ քննիչները պարզում են, որ Շ.-ն գտնվել է Գերմանիայում։ Հեռահաղորդակցության ընկերություններից ստացված տեխնիկական տվյալների շնորհիվ նրանք կարողանում են վերականգնել ուղևորության մեծ մասը։ Պաշտոնյաները զարմացած են, բայց Շ.-ին Լեհաստանում բռնելու հույսերը դեռ չեն մարել։
Գերմանիայի տեսանկյունից, Վարշավան նախկինում մեծ հետաքրքրություն չէր ցուցաբերել ահաբեկչության բացահայտման հարցում։ Լեհ պաշտոնյաները հրապարակայնորեն կասկածի տակ էին դնում դեպքերը, որոնք կապվում էին իրենց երկրի հետ։
Թվում է, թե իրավիճակը չի փոխվել։ Հուլիսի սկզբին գերմանա-լեհական կառավարական խորհրդակցությունների ժամանակ գերմանացիները հասկանում են, որ լեհերը չեն ցանկանում օգնել, չնայած ԵՄ-ի կողմից տրված ձերբակալման հրամանին Վլադիմիր Շ.-ի նկատմամբ։ Ավելին, կարծես, նրանք նախազգուշացրել են ուկրաինական կողմին։
Հուլիսի 6-ին՝ առավոտյան 6։20-ին, Շ.-ն փախչում է Ուկրաինա՝ Կորչովեի սահմանային անցակետով։ Լուսանկարներից երևում է, որ կասկածյալ դիվերսանտը նստած է մեքենայում, որն օգտագործվում է Վարշավայում ուկրաինական դեսպանատան կողմից և դիվանագիտական համարանիշներ ունի։ Հավանաբար, մեքենան վարում էր ուկրաինական ռազմական կցորդը։
Բեռլինի անվտանգության մարմինները ցնցված են։ Նրանք հարցնում են լեհ պաշտոնյաներին, թե ինչպես է դա հնարավոր։ Պատասխանը, ինչպես նշում են Բեռլինում, միանշանակ էր․ «Ինչու՞ պետք է նրան ձերբակալենք։ Նա մեր համար հերոս է»։
Աղբյուրը՝ Der Spiegel

Թարգմանեց՝
Արայիկ Մկրտումյանը

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *