Միջազգային

Սիրիան Կրկին Կրակի Մեջ, Պատերազմը Վերսկսվում Է

Հակամարտությունը խորացավ, երբ այլ տարածաշրջանային և համաշխարհային ուժեր՝ Սաուդյան Արաբիայից, Իրանից, ԱՄՆ-ից մինչև Ռուսաստանը, ներգրավվեցին՝ քաղաքացիական պատերազմը վերածելով «պրոքսի պատերազմ»-ի։ ISIS-ը նույնպես կարողացավ ամրապնդել իր դիրքերը երկրում, մինչև որ զգալի պարտություններ կրեց։

CNN

Սիրիայում ապստամբները արագորեն առաջ են գնացել դեպի երկրի երկրորդ խոշոր քաղաք՝ Հալեպ, վերակենդանացնելով հակամարտությունը, որը տարիներ շարունակ հիմնականում մարած էր։
Վերջին տարիներին միայն սահմանափակ հաջողությունների հասնելուց հետո ապստամբները արդեն իսկ գրավել են մոտ 60 քաղաք և գյուղ, որոնք վերահսկվում էին կառավարական ուժերի կողմից, ինչպես նաև Սիրիական բանակի բազա և ռազմական հետազոտական կենտրոն՝ ընդամենը հարյուր մետր հեռավորության վրա Հալեպից։
Ուրբաթ օրը զինված ապստամբ խմբերը հայտարարեցին, որ մտել են քաղաք, որը 2016-ից գտնվում էր կառավարության վերահսկողության տակ։
Նույն օրը Հալեպի համալսարանի ուսանողական հանրակացարանում հրետանային կրակոց է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է չորս մարդ, ըստ Սիրիայի պետական լրատվական գործակալության՝ SANA-ի, որը հարձակման համար մեղադրել է ընդդիմադիր խմբավորումներին։ Ապստամբ խմբի խոսնակ Հասան Աբդուլղանին այդ մեղադրանքները անվանել է «անհիմն սուտ»։
Հինգշաբթի առնվազն 15 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 6 երեխա և 2 կին, զոհվել են, և 36 այլ քաղաքացիներ վիրավորվել են օդային հարվածների և հրետակոծությունների հետևանքով ապստամբների վերահսկողության տակ գտնվող Հալեպի և Իդլիբի գյուղական շրջաններում, հայտնում է «Սպիտակ սաղավարտներ» կամավոր փրկարարական խումբը։
«Գործողության նպատակն է ազատագրել մեր օկուպացված տարածքները քրեական ռեժիմից և իրանական զինյալներից, ինչպես նաև ստեղծել անվտանգ միջավայր՝ տեղահանվածների համար, որպեսզի նրանք վերադառնան իրենց քաղաքներ ու գյուղեր», – CNN-ին ասել է Աբդուլղանին։
Սիրիայի բանակը հայտարարել է, որ «հակազդում է ահաբեկչական կազմակերպություններին» և պնդել, որ «ծանր կորուստներ» է պատճառել խմբերին՝ սկսած չորեքշաբթի օրվանից։ Չորեքշաբթի տեղի ունեցած անսպասելի գործողությունը նշում է առաջին լուրջ բախումը սիրիական ապստամբների և ռեժիմի միջև 2020 թվականի մարտից ի վեր, երբ Ռուսաստանը և Թուրքիան միջնորդեցին հյուսիսում հրադադարի համաձայնագրին։ Հակամարտությունը դրանից հետո հիմնականում մնացել է մարած, միայն փոքր մասշտաբի բախումներ են տեղի ունեցել ապստամբների և Ասադի ռեժիմի միջև։ ՄԱԿ-ի տվյալներով՝ ավելի քան 300,000 խաղաղ բնակիչ է զոհվել ավելի քան մեկ տասնամյակ տևած պատերազմի ընթացքում, և միլիոնավոր մարդիկ տեղահանվել են տարածաշրջանում։
Սիրիայի քաղաքացիական պատերազմը սկսվեց 2011 թվականի Արաբական գարնան ընթացքում, երբ ռեժիմը ճնշեց Ասադի դեմ ժողովրդավարական ապստամբությունը, որը նախագահ էր 2000 թվականից։ Երկիրը սուզվեց լիամասշտաբ քաղաքացիական պատերազմի մեջ, երբ ձևավորվեց կառավարական զորքերի դեմ պայքարող ապստամբական ուժ՝ հայտնի որպես Ազատ Սիրիական Բանակ։
Հակամարտությունը խորացավ, երբ այլ տարածաշրջանային և համաշխարհային ուժեր՝ Սաուդյան Արաբիայից, Իրանից, ԱՄՆ-ից մինչև Ռուսաստանը, ներգրավվեցին՝ քաղաքացիական պատերազմը վերածելով «պրոքսի պատերազմ»-ի։ ISIS-ը նույնպես կարողացավ ամրապնդել իր դիրքերը երկրում, մինչև որ զգալի պարտություններ կրեց։
Անցած տարվա ընթացքում Իրանը ականատես է եղել իր ամենաթանկարժեք պրոքսի Հեզբոլլահի պարտություններին Իսրայելի սաստիկ օդային և ցամաքային հարձակումների պատճառով Լիբանանում։ Այդ զինյալ խումբը, որը ճանաչվում է Ասադի ռեժիմը սիրիական ապստամբներից փրկելու գործում իր դերով, այժմ զգալիորեն թուլացած է՝ իր ղեկավարների մեծ մասը սպանվել են։
Թուրքիան փորձել էր կանգնեցնել ապստամբների հարձակումը՝ «կանխելու լարվածության հետագա սրում տարածաշրջանում Իսրայելի ագրեսիայի հետևանքով», CNN-ին ասել է թուրքական անվտանգության աղբյուրը՝ անդրադառնալով Լիբանանի և Գազայի պատերազմներին։
Աղբյուրը նշել է, որ ապստամբները սկսեցին, ի սկզբանե, «սահմանափակ գործողություն» Ասադի ռեժիմի դեմ, սակայն այն ընդլայնեցին, երբ ռեժիմի ուժերը փախան Հալեպի շրջակայքում գտնվող քաղաքներից։ CNN-ը չի կարող հաստատել այդ պնդումները։
Իրանական պետական լրատվամիջոցները հայտնել են, որ Սիրիայում Իրանի Իսլամական հեղափոխական պահակախմբի բրիգադի գեներալ Քիումարս Փորհաշեմին՝ Սիրիայում բարձր մակարդակի ռազմական խորհրդական, սպանվել է Հալեպում։
Իրանցի իր գործընկերոջ հետ հեռախոսազրույցում Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին մեղադրել է ԱՄՆ-ին և Իսրայելին ապստամբներին «վերակենդանացնելու» մեջ և «հաստատել է Իրանի շարունակական աջակցությունը» Սիրիայի կառավարությանը և բանակին։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը կոչ է արել սիրիական իշխանություններին «արագ վերականգնել կարգը այս տարածքում և վերականգնել սահմանադրական կարգը»։
Թուլացած Դիմադրության առանցք
Վերլուծաբանները նշում են, որ ապստամբները օգտագործում են Հեզբոլլահի թուլացած վիճակից առաջացած վակուումը՝ Սիրիայում առաջխաղացման համար։ «Ապստամբները տեսնում են հնարավորություն՝ փորձարկելու առաջնագծերը՝ Հեզբոլլահի թուլացած, ճնշված Իրանի և Ուկրաինայով զբաղված Ռուսաստանի պայմաններում… ապստամբները զարմացած էին իրենց հաջողությամբ և գործեցին ավելի վճռական, քան սպասում էին», – ասել է Նանար Հավաչը՝ Բրյուսելում գտնվող Միջազգային ճգնաժամային խմբի Սիրիայի հարցերով ավագ վերլուծաբանը։ «Ապստամբները տեսնում են ուժերի փոփոխություն»։
Ավելի քան մեկ տասնամյակ Իրանը և Ռուսաստանը մատակարարել են ուժեր և զենք՝ Ասադի իշխանությունը պահելու համար։ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ Թուրքիան աջակցել է ապստամբ խմբերին և տեղակայել թուրքական ուժեր՝ վերահսկելու ապստամբների հենակետերը Հյուսիսային Սիրիայում։
Իրանը պահպանել է ռազմական ներկայությունը Սիրիայում՝ Ասադի իշխանությունը պահելու և տարածաշրջանային ռազմավարական կետերը պաշտպանելու համար։ Նրա Իսլամական հեղափոխական պահակախումբը վերջին տարիներին Իսրայելի հարվածների թիրախ է դարձել, այդ թվում՝ 2024 թվականի ապրիլին իրանական դեսպանատան շենքի վրա Դամասկոսում կատարված հարձակումը, որի արդյունքում սպանվեց պահակախմբի բարձրաստիճան հրամանատար, ինչը հանգեցրեց Թեհրանի կողմից Իսրայելի նկատմամբ առաջին անգամ ուղղակի հարվածին։
Իրանի պրոքսին կարևոր դեր է խաղացել Ասադի օգտին տարածքներ վերագրավելու հարցում, որոնք կորցվել էին զինյալ խմբերի և ապստամբ խմբերի դեմ։ Նրա մարտիկները Ասադի անունից պայքարել են Սիրիայի զինված ընդդիմության և ալ-Քաիդայի հետ կապված Նուսրա ճակատի դեմ։ Սիրիան հիմնական լոգիստիկական հենարան է ծառայել խմբի համար՝ Լիբանանում հրթիռային զինանոց ստեղծելու գործում։
Անցած տարվա ընթացքում Հեզբոլլահի մարտական ուժերը ուշադրությունը տեղափոխել են Իսրայելի ուղղությամբ՝ զորքերը Սիրիայից Լիբանան տեղափոխելու նպատակով՝ կորուստները ամրապնդելու համար, քանի որ Ասադն ավելի մոտեցել է Ծոցի արաբական պետություններին և ավելի պասիվ է դարձել Իրանի «Դիմադրության առանցքի» հետ հարաբերություններում, նշել է Հավաչը։
Իսրայելը մեծ վնաս է հասցրել խմբին Լիբանանում՝ սպանելով նրա երկարամյա առաջնորդ Հասան Նասրալլահին և վերացնելով խմբի բազմաթիվ բարձրաստիճան ղեկավարներին։ Սեպտեմբերին Իսրայելի բանակը լայնածավալ հարձակում է սկսել երկրի շիա-մեծամասնություն ունեցող տարածքներում, որտեղ Հեզբոլլահը մեծ ազդեցություն ունի, և ռմբակոծել է Լիբանանի այլ հատվածներ։
«Հեզբոլլահի նպատակը Իսրայելի ներսում ցանց ստեղծելն էր՝ զենք տեղափոխելու համար, որպեսզի պատերազմի դեպքում օգտագործեն, բայց նրանք սրանից հետո այլևս հնարավորություն չեն ունենա», – ասել է Իսրայելի Պաշտպանության ուժերի ներկայացուցիչը։

Աղբյուրը՝ CNN

Թարգմանեց՝
Արայիկ Մկրտումյանը

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *