Հայաստան

Պարտադիր Պետք Է Պատասխանել

Հայաստանի կողմից հստակ ու միանշանակ հայտարարություն չանելը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ Հայաստանի տարածքային ամբողջականության, անվտանգության ու կենսունակության համար։

Սոսի Թաթիկյան

Հայաստանի իշխանություններին կոչ եմ անում բարձր մակարդակով հստակ ու միանշանակ պատասխան տալ Պուտինի վտանգավոր, ապատեղեկատվական, մանիպուլյատիվ ու կեղծ հայտարարությանը։ Դրանով Պուտինը ակնհայտ նպատակ ունի լեգիտիմացնել ինքնիշխան Հայաստանի հանդեպ Ադրբեջանի ռազմական հարձակումները, Հայաստանի տարածքային ամբողջականության ոտնահարումը և Հայաստանի սահմանային շրջաններից նշանակալից և ռազմավարական տարածքի գրավումը։

Հայաստանը ՀԱՊԿ֊ից երբևէ չի ակնկալել միջամտել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, քանի որ դա ի սկզբանե չի հանդիսացել ՀԱՊԿ֊ի մանդատը։

Հայաստանը ՀԱՊԿ֊ից իրավացիորեն ակնկալել է իր պայմանագրային դաշնակցային պարտավորությունների համաձայն դատապարտել Ադրբեջանի կողմից 2021-2022 թթ․ Հայաստանի ինքնիշխան տարածքի ամբողջականության ոտնահարումը, Հայաստանի մի քանի մարզի սահմանային շրջաններից շուրջ 250 քառ կմ ռազմական հարձակումների և սողացող անեքսիայի միջոցով գրավումը, և ուժի կիրառմամբ կամ դրա սպառնալիքով դիվանագիտական բանակցություններում միակողմանի զիջումներ պարտադրելու շարունակական փորձերը։

Հայաստանի կողմից հստակ ու միանշանակ հայտարարություն չանելը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ Հայաստանի տարածքային ամբողջականության, անվտանգության ու կենսունակության համար։

Նաև, հարկավոր է հենց այս հայտարարության կապակցությամբ պաշտոնականացնել ՀԱՊԿ֊ից դուրս գալը։ Դա նույնպես կարևոր ազդանշան կլինի։

Գրառումը՝ Սոսի Թաթիկյանի ֆեյսբուքյան էջից։

    

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *