Նոյեմբերի կեսերին Շոլցը առաջին անգամ գրեթե երկու տարվա ընթացքում հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Սա առաջացրել է քննադատություն և թյուրըմբռնում Կիևում և որոշ ԵՄ երկրներում։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին Շոլցին մեղադրել է «Պանդորայի արկղը բացելու» մեջ։
BR 24
Գերմանիայի Դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցը առաջին անգամ երկուուկես տարվա ընթացքում այցելել է Կիև։ Կիև ժամանելով՝ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ՍԴԿ) քաղաքական գործիչը հայտարարել է, որ դեկտեմբերին Ուկրաինային կմատակարարվի զենք 650 միլիոն եվրոյի չափով։
Կանցլեր Օլաֆ Շոլցը իր անակնկալ այցի ընթացքում խոստացել է Ուկրաինային լայնածավալ զենքի մատակարարում ամենակարճ ժամկետներում։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ նա հայտնել է, որ «650 միլիոն եվրոյի լրացուցիչ զենքեր կտրամադրվեն դեկտեմբերին»։ Շոլցը նշել է, որ Գերմանիան շարունակում է մնալ «Եվրոպայում Ուկրաինայի ամենաուժեղ աջակիցը»։
Շոլց. «Ուկրաինան կարող է վստահել Գերմանիային»
Շոլցը երկուշաբթի առավոտյան գնացքով ժամանել է Կիև։ Սա նրա երկրորդ այցն է պատերազմը սկսվելուց հետո՝ 2022 թվականի փետրվարին։ Առաջին այցը նա կատարել էր 2022 թվականի հունիսին՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Իտալիայի նախկին վարչապետ Մարիո Դրագիի հետ։
«Ուկրաինան կարող է վստահել Գերմանիային. մենք ասում ենք այն, ինչ անում ենք, և անում ենք այն, ինչ ասում ենք»,- հայտարարել է Շոլցը Կիևում։ Նա գովել է Ուկրաինայի հերոսական դիմադրությունը՝ նշելով, որ ավելի քան 1000 օր շարունակ այն պաշտպանում է իրեն «Ռուսաստանի անողոք ագրեսիվ պատերազմից»։
Շոլցը մերժեց «Տավրուս» հրթիռների մատակարարումը
ԱՄՆ-ից հետո Գերմանիան Ուկրաինայի ամենամեծ ռազմական աջակիցն է։ Այնուամենայնիվ, Շոլցին հաճախ քննադատում են Ուկրաինայի ոչ բավարար աջակցության համար։ Շատերը պահանջում են, որ Գերմանիան Ուկրաինային մատակարարի «Տավրուս» հրթիռները։ Սակայն կանցլերը հրաժարվում է մատակարարել այդ երկար հեռահարության հրթիռները՝ մտավախություն ունենալով, որ դա կարող է Գերմանիային ակտիվորեն ներգրավել պատերազմին։ Այնուամենայնիվ, էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը (Կանաչների կուսակցություն) և ընդդիմության առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը (ՔԴՄ) կողմ են «Տավրուս»-ի մատակարարմանը։
Նոյեմբերի կեսերին Շոլցը առաջին անգամ գրեթե երկու տարվա ընթացքում հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Սա առաջացրել է քննադատություն և թյուրըմբռնում Կիևում և որոշ ԵՄ երկրներում։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին Շոլցին մեղադրել է «Պանդորայի արկղը բացելու» մեջ։
Անորոշություն Թրամփի ընտրություններից հետո
Ուկրաինան մեծ ճնշման տակ է։ Երկրի արևելքում ռուսական բանակը վերջին ամիսներին ամրապնդում է իր դիրքերը։ Դրանից բացի, ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը խորացրել է Ուկրաինայի անորոշությունը, քանի որ ընտրված նախագահը դեմ է Ուկրաինային բազմամիլիարդանոց օգնությանը։
Վերջին օրերին Ուկրաինայում պատերազմն ավելի է սրվել։ Ուկրաինայի կողմից ATACMS հրթիռներով հարվածներին ի պատասխան՝ Ռուսաստանը առաջին անգամ պատերազմի ընթացքում կիրառել է նոր գերձայնային «Օրեշնիկ» հրթիռը՝ հարված հասցնելով Դնեպր քաղաքին։ Ռուսական բանակն ավելի հաճախակի է կիրառում ավիահարվածներ Ուկրաինայի տարածքում։
ՔԴՄ‑ն Շոլցի այցը համարել է նախընտրական քայլ
ՔԴՄ‑ի արտաքին քաղաքական գործիչ Ռոդրիխ Կիզևետերը խիստ քննադատել է կանցլերի այցը։ «Շոլցն իր նախընտրական արշավն իրականացնում է ուկրաինական բնակչության թիկունքում՝ միաժամանակ աջակցելով ռուսական վախի նարատիվներին»,- ասել է Կիզևետերը «Augsburger Allgemeine» թերթին։ Նա նշել է, որ դա ոչ միայն սխալ է, այլև մեկուսացնում է Գերմանիան և վտանգի տակ դնում նրա անվտանգությունը։
Կիզևետերը հավելել է, որ Շոլցի կարճաժամկետ այցը նպատակ ուներ հակադարձել «Գերմանիայում նրա անպատասխանատու նախընտրական արշավի նկատմամբ աճող քննադատությանը»։ ՔԴՄ‑ի քաղաքական գործիչը հիշեցրել է, որ Ուկրաինան պահանջում է անմիջապես անդամակցել ՆԱՏՕ-ին, ստանալ երկար հեռահարության զենքեր և հարվածներ հասցնելու թույլտվություն ռուսական ռազմական օբյեկտներին։
Աղբյուրը՝ Br 24
Թարգմանեց՝
Արայիկ Մկրտումյանը
