Արևմտյան ուղղությամբ Ադրբեջանի ակտիվությունը, օրինակ՝ Բեռլինում Իլհամ Ալիևի և Գերմանիայի կանցլերի հանդիպումը, որոշ չափով հավասարակշռում է այդ քաղաքականությունը, սակայն երկու սկզբունքային հարցերում՝ սահմանազատման և հաղորդակցությունների թեմաներում, ադրբեջանական դիրքորոշումը չի փոխվել։
Վահրամ Աթանեսյան
1inTV‑ն զրուցել է Արցախի նախկին պատգամավոր, վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի հետ։ Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացները, որտեղ առանցքային թեման Բաքվի կողմից առաջ քաշվող պահանջներն են՝ կապված ՀՀ Սահմանադրության փոփոխության և ինքնիշխան միջանցքների հետ։ Վահրամ Աթանեսյանը կասկածի տակ է դնում Ադրբեջանի անկեղծությունը՝ մատնանշելով, որ պաշտոնական Բաքուն օգտագործում է ռուսական կողմի հետ եռակողմ հայտարարությունների հենքը, որպեսզի ճնշում գործադրի Երևանի վրա և ստանա առավելագույն զիջումներ։ Շեշտվում է «Արևմտյան Ադրբեջանի» թեզի վտանգավորությունը և հայկական կողմի համարժեք հակազդեցության բացակայությունը, ինչը կարող է հանգեցնել նոր աշխարհաքաղաքական գործարքների՝ ի հաշիվ Հայաստանի շահերի։ Նպատակն է զգուշացնել հնարավոր ռուս-ադրբեջանական շահերի համընկնման մասին, որը սպառնում է տարածաշրջանային կայունությանը և Հայաստանի տարածքային ամբողջականությանը։

Վահրամ Աթանեսյանը, անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների ընթացքին, նախ նշեց, որ Գերմանիայի կանցլերի հետ բանակցություններից հետո Ադրբեջանի նախագահի հայտարարություններն ընդհանուր առմամբ առերևույթ դրական էին։ Նրա գնահատմամբ՝ կարևոր է նաև այն հանգամանքը, որ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը սահմանադրական փոփոխությունները հրապարակայնորեն անվանել է Հայաստանի ներքին գործ։
Անդրադառնալով հասարակական մակարդակի շփումներին՝ վերլուծաբանը դիտարկեց, որ այդ գործընթացի նկատմամբ, այնուամենայնիվ, կա թերահավատություն։ Նրա խոսքով՝ թեև հայկական կողմի մասնակիցները դրական գնահատականներ են տալիս, ադրբեջանական մամուլի և սոցիալական ցանցերի վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ երկրում հանրային տրամադրությունները համարժեք չեն այն մթնոլորտին, որը ներկայացվում է պաշտոնական մակարդակում։ Այդ իրողությունից, ըստ Աթանեսյանի, կարելի է եզրակացնել, որ մի շարք հարցերում Ադրբեջանի իշխանությունները կառուցողական չեն և պարբերաբար տարբեր հարթակներից ազդակներ են փոխանցում իրենց իրական դիրքորոշման մասին։
Խոսելով ընթացիկ քաղաքական գործընթացների մասին՝ Վահրամ Աթանեսյանը կարծիք հայտնեց, որ ներկայում ավելի շատ Ադրբեջանն է զբաղված իր «տնային աշխատանքով»՝ փորձելով ստեղծված իրավիճակից առավելագույն օգուտ քաղել։ Նրա համոզմամբ՝ դա առաջին հերթին վերաբերում է պետական սահմանի սահմանազատման գործընթացին և TRIPP նախագծին։ Նա ընդգծեց, որ այս երկու հարցերում Ադրբեջանի իշխանությունները, մեղմ ասած, անկեղծ չեն։
Աթանեսյանը հիշեցրեց, որ անցյալ տարվա օգոստոսի 8‑ին ստորագրված քաղաքական հայտարարությամբ Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ 1991թ․ Ալմա-Աթայի հռչակագրի ընդունման պահին գոյություն ունեցած սահմաններով, իսկ TRIPP նախագիծը պետք է իրականացվի Հայաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ներքո։ Սակայն, նրա խոսքով, ադրբեջանական փորձագիտական շրջանակներում շրջանառվում է այն մոտեցումը, թե Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերջնականապես հայտնի կլինի միայն սահմանազատումից հետո։ Նա համոզված է, որ այդ տեսակետները ներկայացվում են ոչ թե որպես մասնավոր կարծիքներ, այլ արտացոլում են պաշտոնական Բաքվի դիրքորոշումը։
Վահրամ Աթանեսյանը նաև անդրադարձավ Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովի հրապարակումներին՝ նշելով, որ դրանք մասնավոր կարծիքներ չեն։ Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանի նախագահն իր վերապահումներն ու մոտեցումները հաճախ ներկայացնում է հենց նման գործիչների միջոցով՝ ակնկալելով համապատասխան արձագանք Հայաստանից, Միացյալ Նահանգներից, Եվրոպական միությունից և այլ շահագրգիռ կենտրոններից։ Աթանեսյանի խոսքով՝ Զուլֆուգարովի հրապարակումները հատկապես կոշտացել են Մոսկվայում Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումից հետո, որտեղ քննարկվել է «3+3» ձևաչափի վերագործարկման հարցը։Ռուսաստանի արտգործնախարարի հայտարարությունները ցույց են տալիս, որ Մոսկվան շարունակում է հայ-ադրբեջանական կարգավորումը դիտարկել 2020–2022թթ․ եռակողմ հայտարարությունների շրջանակում։ Նրա համոզմամբ՝ երբ այդ դիսկուրսը տեղափոխվում է ադրբեջանական փորձագիտական հարթակներ, դա նշանակում է, որ խոսքը պաշտոնական Բաքվի դիրքորոշման մասին է։

Միաժամանակ նա նկատեց, որ արևմտյան ուղղությամբ Ադրբեջանի ակտիվությունը, օրինակ՝ Բեռլինում Իլհամ Ալիևի և Գերմանիայի կանցլերի հանդիպումը, որոշ չափով հավասարակշռում է այդ քաղաքականությունը, սակայն երկու սկզբունքային հարցերում՝ սահմանազատման և հաղորդակցությունների թեմաներում, ադրբեջանական դիրքորոշումը չի փոխվել։
Վահրամ Աթանեսյանը հատուկ ընդգծեց նաև այսպես կոչված «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» թեման։ Նրա խոսքով՝ հայկական կողմը գրեթե չի բարձրացնում բռնի տեղահանված արցախահայերի կամ Ադրբեջանից տեղահանված հայերի վերադարձի իրավունքի հարցը, մինչդեռ Ադրբեջանում «արևմտյան ադրբեջանցիների վերադարձը» ներկայացվում է որպես մարդու հիմնարար իրավունք։
Խոսելով 2020–2022թթ․ եռակողմ հայտարարությունների արդիականության մասին՝ Աթանեսյանը նշեց, որ թեև իրավիճակը փոխվել է, դրանցից ոչ մի կողմ պաշտոնապես չի հրաժարվել։ Նրա խոսքով՝ ոչ Ռուսաստանը, ոչ Ադրբեջանը, ոչ Հայաստանը հետ չեն կանչել իրենց ստորագրությունները, և հենց այդ պատճառով Լավրովը շարունակում է հղում անել այդ փաստաթղթերին։
Վահրամ Աթանեսյանը նաև անդրադարձավ Զուլֆուգարովի հայտարարությանը, ըստ որի՝ Մեղրիի երկաթուղու հատվածը Ադրբեջանի սեփականությունն է։ Նա պարզաբանեց, որ այդ պնդումը հիմնվում է խորհրդային ժամանակաշրջանի՝ 1967 թվականի որոշման վրա, որով տվյալ հատվածը կառավարվել է Ադրբեջանի երկաթուղու վարչության կողմից։ Նրա համոզմամբ՝ նման հայտարարությունները վտանգավոր են, քանի որ ցույց են տալիս Ադրբեջանի և Ռուսաստանի հնարավոր շահերի համընկնումը, իսկ ապագայում Մոսկվան և Բաքուն կարող են Հայաստանի հաշվին նոր պայմանավորվածությունների հասնել։
Աթանեսյանը նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Հայաստանում խորհրդարանական ընտրություններից ընդամենը տասը օր անց Նախիջևանի Օրդուբադ քաղաքում անցկացվեց «արևմտյան ադրբեջանցիների վերադարձին» նվիրված պետական միջոցառում։ Նրա գնահատմամբ՝ նման քայլերը բացասաբար են ազդում խաղաղության բանակցությունների մթնոլորտի վրա, սակայն հայկական կողմը դրանց համարժեք արձագանք չի տալիս։
Անդրադառնալով հարցին, թե արդյոք Հայաստանը պետք է հրաժարվի եռակողմ հայտարարություններից, Վահրամ Աթանեսյանը նշեց, որ եթե Ադրբեջանը հայտարարում է, թե վարում է ինքնուրույն արտաքին քաղաքականություն և հավատարիմ է անցյալ տարվա օգոստոսի 8‑ի պայմանավորվածություններին, ապա հենց Բաքուն պետք է առաջինը հրաժարվի նոյեմբերի 9‑ի համաձայնություններից։ Նրա խոսքով՝ TRIPP նախագիծն առաջին հերթին բխում է հենց Ադրբեջանի շահերից, հետևաբար այդ հարցում առավել շահագրգիռը Բաքուն պետք է լինի։

Այն փաստը, որ Ադրբեջանը չի հրաժարվում նախկին փաստաթղթերից, իսկ երեք տարվա ընդմիջումից հետո կրկին ակտիվացնում է «3+3» ձևաչափը, լուրջ կասկածներ է առաջացնում, թե որքանով է հավատարիմ անցյալ տարվա ձեռք բերված պայմանավորվածություններին։ Նա ընդգծեց, որ ներկայիս աշխարհաքաղաքական անորոշության պայմաններում հնարավոր չէ կանխատեսել Իրանի շուրջ զարգացումները կամ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը, ինչի հետևանքով Մոսկվան և Բաքուն ապագայում կարող են նոր պայմանավորվածությունների գալ Հայաստանի հաշվին։ Ըստ նրա՝ նման սցենարները միանշանակ բացառել հնարավոր չէ։
Հարցազրույցն ամբողջությամբ՝
