Ներկայումս Իրանը վճռականություն է ցուցաբերում ամեն ինչ անել Ասադին աջակցելու համար։ Սոցցանցերում տարածվում են հաղորդագրություններ, որ Թեհրանի աջակցությամբ գործող իրաքյան աշխարհազորայինները շարժվում են դեպի Սիրիա։
Bloomberg. Սիրիայի նախագահ Ասադն ու Իրանը կանգնած են բարդ ընտրության առաջ ապստամբների առաջխաղացման պայմաններում։
Սիրիական ապստամբ ուժերը ձգտում են ամրապնդել իրենց վերջին հաջողությունները և գրավել նոր տարածքներ, որոնք վերահսկվում են կառավարական ուժերի կողմից։ Սա առաջ է քաշում հարցը՝ արդյո՞ք նախագահ Բաշար Ասադը կկարողանա պահպանել իշխանությունը։
15 տարի տևող Սիրիայի հակամարտության վերջին շրջադարձն ուր կտանի՝ դեռևս շատ բան անորոշ է, և մեծապես կախված է արտաքին ազդեցիկ խաղացողների ծրագրերից, ինչպես նաև ներքին հակամարտություններից, որոնք ազդել են իրադարձությունների վրա։ 59-ամյա Ասադի համար սա նշանակում է Իրան, որը Սիրիան համարում է Իսրայելին և Արևմուտքին դիմակայության այսպես կոչված իր առանցքի մաս, և որը տարիներ շարունակ ապահովել է հիմնական ցամաքային ուժերը։ Նաև Ռուսաստանը՝ Սառը պատերազմի ժամանակներից հին դաշնակիցը, որը 2015 թվականին միջամտեց Ասադին փրկելու համար։
Իրադրությունը կարող է փոխվել, եթե Ռուսաստանը, որն ունի ավիաբազա երկրում, սկսի լայնամասշտաբ օդային հարվածներ հասցնել ապստամբներին, ինչպես դա եղավ 9 տարի առաջ։ Տարբերությունն այն է, որ այս անգամ Մոսկվան զբաղված է իր հակամարտությամբ Ուկրաինայում։
Ասադն իր երկիրը հասցրել է անկման։ Նրա բնակչությունը պայքարում է աղքատության, պակասուրդների և էլեկտրաէներգիայի պարբերական անջատումների դեմ։ ՄԱԿ-ի գործակալությունների և սիրիական ՀԿ-ների տվյալներով՝ հակամարտության հետևանքով զոհվել է 300,000-ից 500,000 մարդ, ավելի քան 7 միլիոնը դարձել են ներքին տեղահանվածներ, առնվազն 6.4 միլիոնը՝ փախստականներ, իսկ վնասը կազմել է մոտ կես տրիլիոն դոլար։
Ահա առանցքային հարցերից մի քանիսը․
Սա Ասադի վերջն է՞։
Չկան նշաններ, որ Ասադը պատրաստ է զիջումների։ Նրա ընտանիքը Սիրիան վերահսկում է արդեն 50 տարի, և նա պահել է իշխանությունը քաղաքացիական պատերազմի ժամանակ։ Ըստ տեղեկությունների՝ Ասադը մեկնել է Մոսկվա այն բանից հետո, երբ իր բանակի պաշտպանությունը արագ փլուզվել է ապստամբների առաջխաղացման դեմ, սակայն կիրակի օրը նա կրկին հայտնվել է Դամասկոսում, որտեղ հանդիպել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։ «Սիրիան շարունակում է պայքարը ահաբեկչության դեմ՝ ուժով և վճռականությամբ՝ իր ամբողջ տարածքում», – ասված է Ասադի հայտարարության մեջ։
Կարո՞ղ է նա զիջումների գնալ։
Մինչ ապստամբների հարձակման սկսվելը, Ասադի վրա ճնշում էին գործադրում արաբական պետությունները, Թուրքիան, արևմտյան տերությունները և նույնիսկ Մոսկվան՝ պահանջելով քաղաքական բարեփոխումներ, որոնք կարտոնեին ընդդիմությանը բանակցային սեղանի շուրջ տեղ զբաղեցնել, կնպաստեին փախստականների վերադարձին և կդադարեցնեին թմրամիջոցների հոսքը հարևան երկրներ։
Մինչ այժմ նախագահը հենվել է Իրանի անսասան աջակցության վրա՝ դիմակայելու այս պահանջներին, որոնք ներառում են իր երկրի օգտագործման դադարեցումը՝ որպես զենքի մատակարարման ուղի Թեհրանի աջակցությունը վայելող պրոքսիների, այդ թվում՝ «Հեզբոլլահի» համար։
Նույնիսկ եթե նա զիջի այս կետերից որոշներում, անհասկանալի է, արդյո՞ք ապստամբները կմասնակցեն բանակցություններին, հաշվի առնելով, թե որքան թույլ են եղել սիրիական բանակը և կառավարամետ ուժերը։
Եթե Ասադը տապալվի, ո՞վ կարող է դառնալ նրա իրավահաջորդը։
Սա թերևս ամենաբարդ հարցն է։ Եթե ապստամբները հասնեն Դամասկոս և կարողանան տապալել Ասադին, հնարավոր հետևանքներից մեկը կարող է լինել քաոսը և երկրի հետագա մասնատումը։ Ռեժիմի կողմնակիցները՝ ալավիների գլխավորությամբ (հոգևոր ուղղություն, որին պատկանում է Ասադը), ամենայն հավանականությամբ, կփախչեն Լաթաքիա և Տարտուս ափամերձ քաղաքներ՝ ստեղծելով ղեկավարության վակուում։
Ապստամբները, որոնք աջակցություն են ստանում դավաճան զինվորականներից և արտագաղթած քաղաքական ընդդիմությունից, կարող են ստեղծել իշխանության այլընտրանքային կառուցվածք՝ պատերազմից ավերված երկիրը կառավարելու համար։ Ասադից հետո հնարավոր սցենարներից մեկը ժամանակավոր ռազմական խորհրդի ձևավորումն է, որը կաջակցի քաղաքացիական կառավարման մարմնին։ Այդ կառույցի ղեկին կարող են լինել անձինք, որոնք ընդունելի կլինեն ինչպես ռեժիմի կողմնակիցների, այնպես էլ հակառակորդների համար։
Ովքե՞ր են ապստամբները։
Ապստամբների հիմնական առաջխաղացումը, որը հայտնի է որպես «Ագրեսիայի զսպում» գործողություն, գլխավորում է «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ը՝ նախկինում «Ալ-Քաիդայի» մասնաճյուղ, որը դասվում է ահաբեկչական կազմակերպությունների շարքին ԱՄՆ-ի և այլ երկրների կողմից։ Համարվում է, որ այս կազմակերպությունն ունի 15,000 մարտիկ և տեղական կառավարման փորձ Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող այն տարածքներում, որոնք Ասադի վերահսկողության տակ չեն։
«Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ին միանում են հազարավոր մարտիկներ, որոնք կազմում են Թուրքիայի կողմից աջակցվող և ֆինանսավորվող ապստամբական խմբավորումը՝ հայտնի որպես Սիրիայի Ազատագրական ճակատ։ Սիրիական ազգային բանակը՝ ևս մեկ խումբ, որը նույնպես աջակցվում է Թուրքիայից, սկսել է իր սեփական գործողությունը՝ հիմնականում երկրի հյուսիսում, ընդդեմ ԱՄՆ-ի կողմից աջակցվող քրդական աշխարհազորայինների։
Ասադի համար ամենամեծ մտահոգությունը այն է, որ հազարավոր նախկին ապստամբներ, որոնք նախկինում տեղահանվել էին դեպի հյուսիս, կրկին վերցնում են զենքն ու միանում հարձակմանը։
Հարավային Սիրիայի ապստամբները, հատկապես Դարա քաղաքում և նրա շրջակայքում, նույնպես ակտիվանում են։ Ըստ երևույթին, «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ը հրաժարվել է անցյալի տարաձայնություններից մրցակցող ապստամբական խմբավորումների հետ և մեղմացնում է իր իսլամիստական նախասիրությունները։
Իսկ Ռուսաստա՞նը
Եթե Ասադը մնա իշխանության, ամենակարևոր գործոնը կլինի այն, թե ինչ քայլեր կձեռնարկի Ռուսաստանը։ Մոսկվան դարձել է գլխավոր ուժային միջնորդը Սիրիայում՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների դերը երկրում թուլացավ։
Ռուսաստանը, Իրանի և Թուրքիայի հետ համաձայնության գալով, 2016 թվականից սկսած աջակցել է Ասադին Հալեպը և այլ տարածքներ վերադարձնելու գործում։ Սակայն հաշվի առնելով նախագահ Վլադիմիր Պուտինի սահմանափակ ռեսուրսները՝ Մոսկվան կարող է ստիպել Ասադին գնալ լուրջ զիջումների կամ անգամ «զոհաբերել» նրան՝ ավելի լայն պայմանավորվածությունների հասնելու համար՝ կապված Ուկրաինայի հարցերի հետ։
Այդուհանդերձ, Ասադը մնում է կարևոր դաշնակից, իսկ Սիրիայում տեղակայված են ռուսական նավահանգիստներ և ռազմական բազաներ։ Հետևաբար, դժվար է պատկերացնել, որ Պուտինը լիովին հրաժարվի Սիրիայում իր ազդեցությունից։
Ինչպե՞ս կարող են արձագանքել այլ միջազգային ուժեր։
Ներկայումս Իրանը վճռականություն է ցուցաբերում ամեն ինչ անել Ասադին աջակցելու համար։ Սոցցանցերում տարածվում են հաղորդագրություններ, որ Թեհրանի աջակցությամբ գործող իրաքյան աշխարհազորայինները շարժվում են դեպի Սիրիա։ Սիրիան առանցքային դեր ունի Իրանի այսպես կոչված «առաջնային պաշտպանության դոկտրինում», որը հիմնված է տարածաշրջանային միջնորդների վրա՝ դիմակայելու Իսրայելին և ԱՄՆ-ին։ Իրանի դաշնակից աշխարհազորայինները, որոնք գործում են Իրաքում, Լիբանանում և այլ երկրներում, օգնել են Ասադին վերականգնել վերահսկողությունը այն բանից հետո, երբ նրա բանակը պարտություն կրեց 2011 թվականի մարտին սկսված ապստամբության սկզբնական փուլերում։ Սակայն լիբանանյան «Հեզբոլլահ»-ը, որը մեծ ներկայություն ունի Սիրիայում, զգալիորեն թուլացել է Իսրայելի հետ գրեթե 14-ամսյա հակամարտությունից։
Թուրքիան, լինելով գերակշռող ուժ Սիրիայի հյուսիսում, սկզբում դեմ էր «Հայաթ Թահրիր ալ-Շամ»-ի գլխավորած հարձակմանը։ Սակայն Անկարան վերանայեց իր մոտեցումները՝ կապված Ասադի՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հրաժարվելու հետ։ Հանդիպման նպատակն էր քննարկել քաղաքական բարեփոխումները և ավելի քան 3 միլիոն սիրիացի փախստականների վերադարձը։ Ապստամբների հաջողությունները նույնպես ազդեցություն ունեցան այս փոփոխության վրա։
Թուրքիան գոհ է նաև այն հանգամանքից, որ ապստամբները կարողացել են առանց լուրջ արյունահեղության դուրս մղել ԱՄՆ-ի աջակցությամբ գործող քրդական խմբերին Հալեպիցից և Թել Ռիֆաթ քաղաքից։
Ի՞նչ դեր են խաղում ԱՄՆ-ն և Իսրայելը։
ԱՄՆ-ը արդեն մոտ 10 տարի համագործակցում է սիրիացի քրդերի հետ՝ պայքարելով ԻԳԻԼ-ի դեմ։ Ներկայումս Սիրիայում գտնվում են 900 ամերիկացի զինծառայողներ։ Արաբական երկրները, որոնք վերջերս փորձել են Ասադի հետ հարաբերությունները կարգավորել՝ հույս ունենալով, որ նա կկարողանա նվազեցնել Իրանից կախվածությունը, այս պահին պահպանում են սպասողական դիրք։
Նույնը կարելի է ասել նաև Իսրայելի մասին, որը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո ակտիվացրել է իր հարվածները Իրանի և «Հեզբոլլահ»-ի դիրքերին Սիրիայում։
Աղբյուրը` Bloomberg
Թարգմանեց`
Արայիկ Մկրտումյանը